Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ծեծի է ենթարկել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ և շտապ վիրահատվել։ Բժիշկներն արդեն մեկ շաբաթ է՝ պայքարում են նրա կյանքի համար։ Մարզպետի օգնականը միայնակ չի եղել, վնասվածք են ստացել երկու այլ սպա։ Ստուգվում են դեպքի վայրում մարզպետի ներկայության տեղեկությունները։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին։
Սեպտեմբերի 24-ին հայտնաբերվեց ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Հիմնական վարկածն ինքնասպանությունն է։ Մամուլը գրեց, որ ինքնասպանության դրդել են, քանի որ դատախազությունն ու ՀՔԾ-ն պարտադրել են ցուցմունքներ տալ Ռոբերտ Քոչարյանի և այլոց դեմ, այնինչ իրենք մեղավոր չեն մարտի 1-ի մասով։ Հնարավո՞ր բան է, անհնար չէ՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների՝ նախկինների վրա ամեն գնով մեղք բարդելու մեծ փափագն ու անհագ տենչը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Մենք այսքան ժամանակ չենք դրսևորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այն օրի հասցնի, որ ինքնասպանության դիմի»:
Այդ դեպքում, հարց է առաջ գալիս, փոխգնդապետն ինչո՞ւ է մահվան հետ կռիվ տալիս արդեն մեկ շաբաթ, գլուխն ո՞վ է ջարդել, մարզպետի օգնականն իշխանության ներկայացուցիչ չէ՞։ Եթե իշխանությունը մարդու չի հասցնում ինքնասպանության, Հայկ Հարությունյանից ցուցմունք կորզելու մասին ինչո՞ւ մամուլը չի դադարում գրել, ինչո՞ւ հողին հանձնեցինք մարդու, որի մասին բացասական բաներ ասում են միայն Սեդա Սաֆարյանը, Անդրանիկ Քոչարյանը ու այդ շրջանակից մի քանի հոգի։ Ինչու՞ ոստիկանության գեներալ գնդապետ, բազմամյա ղեկավարին պետական մակարդակով ցավակցական խոսքեր չեղան, հոգեհանգստին կառավարական մասնակցություն չեղավ, ձեր ուզածը չէր արե՞լ։
Այս իշխանությունը շատ ավելի վատ բան է արել՝ նա մարդու վրա, սպայի վրա հարձակվել է քարով ու ջարդել գլուխը։ Նման բան հայ սպայի նկատմամբ արել էր ադրբեջանցին՝ Սաֆարովը։ Նա հերոսի կոչում ստացավ Ադրբեջանում։ Հիմա եթե ուսումնասիրենք, կարող է Վայոց ձորի մարզպետի օգնականն էլ նման մի կոչում է ստացել․․․ Ադրբեջանում։
Նիկոլ Փաշինյանը, որ օրը մի քանի անգամ ստատուսներ է գրում ամեն ինչի մասին, որ ԱՄՆ էր գնացել հեղափոխության արդյունքները ներկայացնելու համար, որ ՄԱԿ-ի ամբիոնից խոսում էր հանդուրժողականության մասին, Ամերիկային ներկայացնում էր հայկական ժողովրդավարությունն ու համերաշխությունը, տեղյակ չէ՞ր, որ իր թիմակիցը տվել-անցել է Սաֆարովին։ Ինչո՞ւ մի դատապարտող խոսքով, մի կեսբերան հայ սպայի ընտանիքին, զինված ուժերին ափսոսանքի խոսքով հանդես չեկավ իր ֆեյսբուքյան պատին։
Ինչո՞ւ չցավակցեց Հայկ Հարությունյանի համար։ Ի դեպ, չցավակցեց նաև մեր առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Արմեն Սարգսյանը ցավակցել էր Փաշինյանից աննկատ։
Սա հենց իշխանության գործելաոճ է, որի ձեռքերն արյունոտ են։
Իսկ ինչո՞ւ ենք մահվան հասցնելը հասկանում միայն քարով ու հրազենով, մահու չափ ծեծելով։ Որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին հասցրել են անվասայլակին ու հրում են դեպի մահ, դրան ի՞նչ ասես։ Սամվել Մայրապետյանին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր, ստիպված եղան կալանքից ազատել միմիայն Եվրադատարանի հրատապ որոշումից հետո։ Դա ինչպիսի՞ իշխանության գոծելաոճ է։
Երբ ասում են, թե «մեր օրոք» իշխանությունը մարդ չի ծեծում, ո՞ւմ և ի՞նչը նկատի ունեն՝ իշխանության որևէ ներկայացուցի՞չ, թե՞ պետության կառավարման երեք ճյուղերը՝ միասին վերցրած։
Ձեռքերն արնոտելը պոզ ու պոչո՞վ է լինում։ Իրոք որ 90-ականները վերադառնում են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը