Ինկվիզիցիայի մոլեգնության տարիներին ամենատարածված մեղադրանքը վհուկ լինելու ամբաստանությունն էր։ Միջնադարի հավատաքննիչներն իրենց հնարած մեղադրանքը ապացուցելու «հանճարեղ» ձև էին հնարել։ Ամբաստանյալին նետում էին խորը ջրամբար. եթե խեղդվում էր` ուրեմն անմեղ էր, իսկ եթե փրկվում էր` վհուկ լինելու «փաստն» ապացուցված էր համարվում։ Եվ նա անմիջապես դառնում էր դահիճների հաշվեհարդարի զոհը։ Այսինքն, մեղավոր նշանակվածն ի սկզբանե դատապարտված էր։
Նույնն է նիկոլի թվին։ Վարչապետ Փաշինյանը մեղավոր է նշանակում իր բոլոր քաղաքական մրցակիցներին` բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կարող են սպառնալ իր միանձնյա իշխանակալությանը։ (Այս ցանկում կարող է հայտնվել` ով ասես. Վանեցյանին, Օսիպյանին, Սասունին կարող է հաջորդել ցանկացած ո՛չ սորոսական)։ Եվ մեղավոր նշանակվածների հանդեպ սկսում է վհուկների որս։ Այս որսի ժամանակ ոչ մի նշանակություն չունի անգամ մեղադրանքի անհեթեթությունը, քանի որ չի գործում իրավունքը, արդարադատությունը, տրամաբանությունը, օրենքը։
Գործում է միայն ու միայն վարչապետ Փաշինյանի քաղաքական պատվերը։ Նիկոլի թվի դահիճները` իրավաբանությունն ու բարոյականությունը մի կողմ դրած, սպասարկում են Փաշինյանի անձնական քմահաճույքները։ Երբ ինկվիզիցիայի մոլեգնության կարճատև շրջանն ավարտվեց, ինկվիզիտորներից քչերը կանչվեցին պատասխանատվության, իսկ դահիճները` բոլորն անողոքաբար ու դաժանորեն պատժվեցին։ Սա` ի գիտություն։
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ու Դավիթ Գրիգորյանը ամեն օր հանգիստ քայլում են Երևանի փողոցներում և շատերը (նաև` ես) նրանց ճանաչում ու սիրալիորեն բարևում են։ Բոլորովին տարօրինակ չէ, որ Փաշինյանի քաղաքական պատվերներն սպասարկող չդատավոր Արմեն Դանիելյանին կամ Աննա Դանիբեկյանին այլևս հնարավոր չէ հանդիպել փողոցում։ Մի՞թե նիկոլի թվից հետո էլ նրանք չեն համարձակվելու մարդամեջ դուս գալ։ Եթե այո, ապա նրանք արդեն իրենց պատիժն ստացել են։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը