Ինչո՞ւ պետական բյուջեից կոռուպցիոն ճանապարհներով թալանված գումարները չեն վերադարձվում․ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը թվեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունքները․ «Բնապահպանության նախկին նախարարը՝ Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառքի համար, օգտվելով նրանից, որ ՀՀԿ-ն չքվեարկեց իր ձերբակալության օգտին, ՀՀ-ից թողեց հեռացավ։ Միհրան Պողոսյանը, որի նկատմամբ դարձյալ գործ է հարուցված, ՀՀ-ից փախած է և գտնվում է հետախուզման մեջ։ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրված «Հյուսիս-հարավի» գործով, էլի փախած է Հայաստանից և գտնվում է հետախուզման մեջ։ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են։ Բայց մյուս կողմից, սկսած 4-5 ամիս առաջվանից, ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինձ չի բավարարում և դրա համար իրավապահ համակարգում շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել»։
Փաստենք կարևոր բան՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր թվարկած դեպքերում խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ նրանց մեղքը ոչ միայն ապացուցված չէ, այլև դատական գործն անգամ չի մեկնարկել, բացի այդ, պետության վարչապետի կողմից նման հայտարարությունը կարող է ուղղորդում լինել նախաքննական և դատական ատյաններին և դիտարկվել որպես պատվեր։
Հերթով թվարկենք, թե Նիկոլ Փաշինյանի կողմից մեղադրվող նախկին պաշտոնյաներն իրականում ինչի համար են մեղադրվում։
Արամ Հարությունյան, բնապահպանության նախկին նախարար – Հատուկ քննչական ծառայությունը 2019թ․ հունվարի 17-ին մեղադրանք առաջադրեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Արամ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելու համար, իբրև թե ստացել է 14 մլն դոլար կաշառք։
Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Բացի այդ, մեղադրանքն ընդամենը մեկ մարդու՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա է, որը կասկածելի վարքով ու գործունեությամբ է հայտնի։
Միհրան Պողոսյան, ԴԱՀԿ նախկին պետ – ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը 2019թ․ ապրիլի 15-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու /փողերի լվացման/ համար: Խոսքը 1 մլն 190 հազար դոլարի մասին է։ Մեղադրանքն ի սկզբանե հարցեր էր առաջացնում․ փողերի լվացման հատկանիշները տարօրինակ ու անհասկանալի են․ մեջբերենք ՀՔԾ մեղադրանքից մի հատված՝ «Մ. Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 568 միլիոն 830 հազար ՀՀ դրամի ծագման իրական աղբյուրը` այդպիսով օրինականացնելով այն»։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախկին պաշտոնյան չի ընդունում մեղքը, ավելին, ապաստան է ստացել ՌԴ-ում, և օրերս էլ հայտարարություն տարածեց՝ իշխանություններին մեղադրելով գործ սարքելու և քաղաքական հետապնդումների համար։
Լևոն Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան – 2019թ․ սեպտեմբերի 11-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Համաձայն քննչական կոմիտեի՝ Լյովա Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի քրեական գործի շրջանակում. Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մինչ այդ, Լևոն Սարգսյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել՝ 2018թ․ հուլիսի 6-ին՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ։ Նա և դուստրը չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները, որը կազմում է մոտ 7 միլիոն դոլար:
Լևոն Սարգսյանը գտնվում է հետախուզման մեջ։
Պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, որ Սարգսյանը նույնպես մեղադրանքը չի ընդունում։
Մանվել Գրիգորյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ – 2018թ․ հունիսի 19-ին Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց․ նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանին խորհրդարանը զրկեց անձեռնմխելիությունից, նա կալանավորվեց։ Մանվել Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ, չնայած նրա որ գտնվում է հիվանդանոցային ստացիոնար հսկողության տակ, փաստաբանի և բժիշկների հավաստիացումներով, նրա կալանավորումը հանգեցնում է առողջական լուրջ հետևանքների։
Գագիկ Խաչատրյան, նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար - 2019թ․ օգոստոսի 27-ին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Գագիկ Խաչատրյանին՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով։ Խոսքը, ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, գնում է 200 մլն դրամի յուրացման մասին։ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց, ինչը փաստաբանը համարում է ապօրինի, քանի որ որոշումը կայացվել է առանց հակափաստարկներն ուսումնասիրելու։
Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ – 2019թ․ փետրվարի 12-ին ՀՔԾ-ն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց: Սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացավ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով։ Գործարար ներկայացող Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 14 միլիոն դոլարի կաշառք էր պահանջել և ստացել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանին էլ ինքն է 3 մլն դոլար տվել՝ որպես շնորհակալություն։
Ռոբերտ Քոչարյանը ցնդաբանություն է համարում Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը, պնդում է, որ այդ կնոջ հետ երբևէ շփում չի ունեցել, անգամ առաջին անգամա այդ անունն լսել է այդ մեղադրանքի հետ կապված։ Բացի այդ, 2008 թվականի այդ ժամանակահատվածում ինքն արդեն ավարտում էր պաշտոնավարումը, և կաշառք ստանալ մի բանի համար, որն ինքը չէր անելու, անհասկանալի է։
Սիլվա Համբարձումյանը հաստատում է, որ ցանոթ չէ երկրորդ նախագահին և սկսում իրարամերժ հայտարարություններ անել, թե իրեն չի տվել, տվել է այլ մարդու, որ փոխանցի, բայց դե ո՞ւմ էր փոխանցելու, դա էլ չգիտի։ Այլ մարդը գործարար Սամվել Մայրապետյանն է, որը նույն գործով մեղադրյալ է, չի ընդունում մեղադրանքը, համարում է ծիծաղելի։ Դատարանը համարեց, որ Հիմնավոր կասկած չկա Ռոբերտ Քոչարյանին այս գործով կալանավորելու։
Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է ոչ կոռուպցիայի մեղադրանքով։ Ինչպես պնդում են փաստաբաններն ու մասնագետները, այս մեղադրանքը «սարքվեց», քանի որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը քանդվում է, և պետք է մեկ այլ բան մտածել։ Սակայն մտածվեց այնպիսի մեղադրանք, որը կասկածելի էր ի սկզբանե՝ գոնե Սիլվա Համբարձումյանի կերպարի շնորհիվ։ Երկրորդը՝ որևէ կերպ հնարավոր չեղավ հիմնավորել Քոչարյանի հետ կապը։
Ու այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանի ելույթը կոռուպցիայի ու «կոռուպցիոներների» մասին, անպատասխանատու մարդու կեցվածք է՝ հաշվի առնելով, որ որևէ մեղադրանք չի ապացուցվել, դատական որևէ վճիռ չկա, իսկ հիմնավորումները իրավաբանների մոտ առաջացնում են միայն ժպիտ։ Իսկ ամենից կարևորը նա է, որ երկրի ղեկավարը փոխանակ սպասի դատավարության ավարտներին, նախապես հայտարարում է, որ դրանք լուծված հարցեր են՝ խախտելով անմեղության կանխավարկածը․ այն է՝ մարդը մեղավոր չէ, քանի դեռ ապացուցված չէ նրա մեղքը և չկա դատական վերջնական վճիռ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը