Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վերջին մեկ տարում հայտնվել է Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի մուլտֆիլմերից մեկի հերոսների՝ Չիպի և Դեյլի վիճակում։ Այսինքն անընդհատ շտապում է օգնության կառավարությանն ու անձամբ «թավշյա» վարչապետին։ Մեկ՝ ԿԲ պահուստային գումարներն են առատորեն ծախսվում կառավարության դեմքը և ֆինանսատնտեսական կացության աղետը փրկելու համար, մեկ՝ Հայաստանից ավելացող ֆինանսական արտահոսքի պատճառ է «հայտնաբերում», դա կապելով այս տարվա ընթացքում ներմուծվող ավտոմեքենաներին թվի հետ, այն դեպքում, երբ ավտոմեքենաները բերվում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Եվրոպայից, իսկ արտահոսքն ավելանում է դեպի Ռուսաստան, մեկ՝ մի քանի ամիս անց «ճշգրտում է» 2018 թ․-ի երկրորդ եռամյսակի ներդրումների խայտառակ անկման ցուցանիշը, մեկ՝ մեծահոգաբար համաձայնվում է որևէ հանցանքի մեջ չկասկածվող անձանց բանկային գաղտնիքի բացահայտման Նիկոլ Փաշինյանի մարմաջին։
Այս ամենից բացի, ԿԲ-ն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ դիմել է իր կարևոր գործիքներից մեկին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը։ Շարքային քաղաքացիների համար անհասկանալի է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կամ բարձրացում և ի՞նչ նպատակով է դա արվում, ուստի նախ փորձենք համառոտ ներկայացնել։ Այս գործիքը ԿԲ-ն կիրառում է՝ տոկոսադրույքի բարձրացման դեպքում՝ զսպելու համար բարձր գնաճը, իջեցման դեպքում՝ խթանելու համար տնտեսական ակտիվությունը, եթե գնաճը նպատակադրված միջակայքից ցածր է։
Այս տարվա մեջ ԿԲ-ն առաջին անգամ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը հունվարի 29-ին՝ 6 տոկոսից 5,75 տոկոսի։ Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ օրերս՝ սեպտեմբերի 10-ին։ ԿԲ խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց ևս 0,25 տոկոսով՝ մինչև 5,5 տոկոսի։ Սա իսկապես որ աննախադեպ ցուցանիշ է վերջին 5 տարիների համար, որը խոսում է միայն մեկ բանի մասին՝ տնտեսական ակտիվությունն էապես նվազում է, և Կենտրոնական բանկը ցանկանում է թուլացնել այդ նվազման տեմպը, խրախուսել բիզնեսի համար ֆինանսական հասանելիությունը և գոնե թույլ չտալ ակտիվության շեշտակի անկում։
Միանշանակ է, որ այսպես կոչված հետհեղափոխական շրջանում տնտեսական ակտիվության աճի տեմպը կտրուկ նվազել է։ Եղած աճի մեջ էլ զգալի բաժին ունեն երկու ուղղություններ։ Առաջինը՝ ավտոմեքենաների ներմուծումը՝ շնորհիվ ԵԱՏՄ մուտք գործելուց ՀՀ նախկին իշխանության կողմից ձեռք բեված արտոնյալ ժամկետի և երկրորդը՝ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքները։ Առաջինը եկող տարի չի լինի, իսկ երկրորդը՝ ոչ միայն հավելյալ արժեք չի ստեղծում, այլ բնակչության եկամուտներն է կլանում։ Եթե սրանք հանենք, ապա տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կգտնվի 3-4 տոկոսի միջակայքում։ Սա է իրականությունը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքաձև աճի և արդեն մոռացված «տնտեսական հեղափոխության»։
ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ իջեցման մյուս կարևոր գործոնը կառավարության կողմից բյուջեով նախատեսված ծախսերի չկատարումն է, որը նվազեցնում է տնտեսության մեջ ֆինանսական միջոցները և հետևաբար՝ տնտեսական ակտիվությունը։ ԿԲ-ն փորձում է հակակաշռել և շուկայում ֆինանսական միջոցների նոր հոսք ապահովել։ Սակայն ակնկալել, որ դա կփոխի տնտեսական ներկա կացությունը, քիչ հավանական է։
Նախ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն այդքան էլ հզոր գործիք չէ և փոփոխությունը կյանքի է կոչվում վեցամսյա ժամանակահատվածում, մյուս կողմից էլ կառավարությունն ու նրա ղեկավարը շարունակում են, այսպես ասած՝ «թիթեռ նկարել», գործելով առանց տնտեսական զարգացման որևէ ծրագրի և հանուն սեփական իշխանության ամրապնդման։ Ուստի, ի տարբերություն Դիսնեյի հերոսների, քիչ հավանական է, որ ԿԲ օգնությունը հասնի իր նպատակին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը