23 09 2019

Քանի՞ կոպեկ արժե Փաշինյանի ստատուսը

Քանի՞ կոպեկ արժե Փաշինյանի ստատուսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում տեղադրեց լուսանկար, որում պաշտոնական թվեր էին 2019-ի առաջին կիսամյակում ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թվի՝ 2018-ի համեմատ 27, 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով նվազման մասին։ Փաշինյանը լուսանկարին հետևյալ գրառումը կցեց․ «Սա Նոր Հայաստանը բնութագրող կարևորագույն ցուցանիշներից մեկն է»:

Ինչպես իրենք են սիրում ասել՝ աննախադեպ թվեր։

Վարչապետ Փաշինյանը բացառիկ տաղանդ ունի կատարվողը չտեսնելու կամ այլ ուղղությամբ տանելու։

Ապաստան հայցողների թիվը, այո, քչացել է, բայց ինչի՞ հաշվին՝ դատարանների նկատմամբ վստահությունն աճե՞լ է, աշխատավարձը բարձրացե՞լ է, աղքատությունը, գործազրկությունը պակասե՞լ են: Ոչ։

Այդ դեպքում ո՞րն է պատճառը։ Պատճառը զուտ ձևական կողմն է։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչպես Հայաստանում է ձևական քայլեր կատարում՝ ցույց տալու, թե աշխատում է ու ժողովրդավարություն հաստատում, այնպես էլ այդ ձևական կողմը, լավ քարոզչության արդյունքում, ընդունում են եվրոպական երկրները։ Բանն այն է, որ Հայաստանում աշխատատեղերի թիվը չի աճել, նոր աշխաատեղեր չեն բացել, ավելին, բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկների փակման արդյունքում աշխատատեղեր են կրճատվել։ Հայաստանում շրջափակվել են դատարանները, և ստացվել է այնպես, որ դատավորը ցանկացած որոշում կատարելիս՝ քրեական, վարչական, քաղաքացիական գործերով, նայում է, թե ինչ կասի վարչապետը։ Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարել է, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ամբողջ աշխարհը պետք է երազի նմանվել Հայաստանին, նախկինում ապաստան հայցողներին, փախստականներին ընդունող եվրոպական երկրներն ասում են՝ Հայաստանի հարգելի քաղաքացիներ, ԵՄ անդամ երկրների կողմից ձեր երկիրն այլևս դիտարկվում է որպես ապահով և ժողովրդավարական երկիր, վերադարձեք այնտեղ։

Ընդամենը օրեր առաջ՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարտերային չվերթով 40 արտաքսված հասավ Հայաստան։

Եթե Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրածի պես է դարձել, հարց է առաջանում, այդ մարդիկ օդանավակայանում ինչո՞ւ էին լացում, ինչո՞ւ չէին ուզում Զվարթնոցից դուրս գալ, ինչո՞ւ էին բողոքում Գերմանիայի դեմ՝ իրենց չպահելու համար, ինչո՞ւ էին ասում՝ մեկ է՝ մենք այստեղ չենք մնալու։

Ավելին, 2018 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Աթենք չվերթը կատարող ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել էր մի քաղաքացու, որը մահացավ։ Պարզվեց, որ նա Հայաստանի 25-ամյա քաղաքացի է, որին Իսպանիայից արտաքսել էին, չէր ցանկանում Հայաստան վերադառնալ և կամեցել էր ամեն կերպ ինքնաթիռ մտնել։

Այսքանից հետո քա՞նի կոպեկ արժե Նիկոլ Փաշինյանի ստատուսը։ «Նոր Հայաստանի» կարևոր ցուցանիշ կլիներ այն, եթե ՀՀ քաղաքացիները ոչ թե չկարողանային գնալ, արտագաղթել, հնարավորություն չունենային արտագաղթելու, այլ՝ ցանկություն։ Մեր երկիրը լիներ այնպիսին, ինչպիսին Փաշինյանի ստատուսներում է, ու մարդիկ չցանկանային գնալ։

Սևակ Հակոբյան                 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ