19 09 2019

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին

Նիկոլ Փինյանը շարունակում է մարտի 1-ի վերաբերյալ կեղծիքների հրապարակումը և ինչպես երևում է՝ առանց հաշիվ տալու իրեն։ Նա շարունակ անում է անպատասխանատու հայտարարություններ՝ զուգորդելով անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ։

Այսպես, սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում է՝ «Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Մեր բանակը, մեր զինվորներին բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և  հրամայել են կրակել մեր տների վրա, և հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից։ Մեր զինվորներին որպես վարձկան օգտագործել են մեր դեմ և նրանց վճարման համակարգ են ստեղծել, օլիգարխներից կամ այլ տեղերից հավաքած գումարով վճարել են։ Մեր զինվորին մեր երկրում դարձրել են մեր դեմ վարձկան։ Դա է մարտի 1-ի էությունը։ Դա արել են ժողովրդին ճնշելու, ժողովրդից խլված իշխանությունը պահելու և սահմանադրական կարգը տապալելու համար»։

Վարչապետը ի՞նչ իրավունք ունի հայտարարել, թե տապալել են սահմանադրական կարգը, եթե այդ մասին դատաքննությունը նոր է սկսվում։ Փաշինյանի պարագայում, թերևս, դա նորմալ է, մանավանդ նրա հոգեկան աշխարհի մասին վերջին վերլուծություններից հետո: Սա թողնենք մի կողմ։

Ուշագրավ է վարձկանների պահը, որն ապացուցում է՝ Փաշինյանը իրենց հորինած, կամ ինչպես Սասուն Խաչատրյանն էր ասում՝ իրենց «վերսիայով», տեղեկությունների գերին է։

Դեռ 2018 թվականի սեպտեմբների 11-ին, երբ հայտնի դարձավ, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները դատարանների վրա զանգով ճնշում են գործադրում՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու և Յուրի Խաչատուրովին իրենց ուզած խափանման միջոցը թելադրելու համար, տխրահռչակ պաշտոնյան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին ասուլիս տվեց ու թեման շեղելու համար հայտարարեց, թե քննությամբ հիմնավորված է, որ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է մարտի 1-ի գործողություններին։ Իր ասելով, սահմանից զորքը բերվել է Երևան, իսկ ահա սահմանում կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի: Ստեղծվել է վտանգավոր իրավիճակ և արդյունքում դիվերսիա է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանում: Այսինքն` ազդել են բանակի մարտունակության վրա: Դարձյալ իր ասելով, նախկին պաշտոնյաները բանակի զինվորներին վարձկաններ են դարձրել, և այդ ամենն հիմնավորվել է քրեական գործով: Նշում էր որ, օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը ընկած ժամանակահատվածում բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի զինվորները պաշտպանեն օլիգարխներին ու իրենց ունեցվածքը:

Որպիսզի ավելի պատկերավոր լինի, Սասուն Խաչատրյանը լրագրողներին ցուցադրեց մի մատյան, որտեղ նշված են զինծառայողների անուններ և գումարների չափ, որոնք իբրև թե բաժանվել են այդ զինծառայողներին: Դրանց դիմաց առկա են իբրև թե զինծառայողների ու նրանց հրամանատարների ստորագրությունները: Նորից, իբրև թե, այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվներից: Հռետորական հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս են այդ մարդիկ բացատրելու, թե ինչու են բանակի զինծառայողներին դարձրել վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը բեմի վրա էր ու հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյանը 2008թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան»:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց այն, ինչ ասել էր Սասուն Խաչատրյանը՝ առանց հասկանալու, թե դա ինչպես է լինում, հնարավո՞ր է, թե՝ ոչ։

Օրեր անց այս հայտարարությունները հերքեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը: Ի՞նչ ասաց Դավթյանը սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում. «2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»:

Նիկոլ Փաշինյանը իր՝ «Մեր սահմանը եղել է անպաշտպան» հայտարարությանը ստացավ հետևյալ պատասխանը․ «Անմիջապես 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախի Հանրապետության հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել: Հայկական կողմն այդ ժամանակ ունեցել է 2 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 10-12 զոհ: Սա՝ կապված մարտի 1-ի օրերի հետ, բայց սա մի քիչ վիճելի հարց է, որովհետև 2014-2015 թթ. մենք ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություն սահմանում: Հիմա ինչի՞ հետ կապենք այդ 80 գործողությունները»։

Հարցին, թե «Մարտի 1-ին» բանակը կրակե՞լ է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»:

Ճշտող հարցին, թե կրակելու հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց. «Նման հրաման չի եղել»:

Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Խաչատրյանին հերքում է պետության բարձրաստիճան սպան, որը մարտիմեկյան իրադարձություններին եղել է կոնկրետ պատասխանատու, իսկ հիմա հենց ա՛յս՝ հեղափոխական թիմի անդամ է։

Ի դեպ, Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, թե՝ «բանակն ամբողջ ծավալով մասնակցել է մարտի 1-ի գործողություններին», բանակի ամենահետին զինվորն իսկ ապուշություն կհամարի, քանի որ ամբողջ ծավալով մասնակցությունը նշանակում է, որ ողջ զորքը բանակի ողջ զինանոցով ներկա է եղել՝ տանկեր, գրադ, ՀՄՄ, բոլոր զինատեսակները, անգամ՝ բանակի ճաշարանը։ Բնականաբար, այդպես չի եղել։ Իսկ որ բանակը ներգրավվել է կարևորագույն օբյեկտների պահպանության համար, դա ոչ ոք չի էլ ժխտել․ ներգրավվել են՝ համապատասխան Սահմանադրության, օրենքների, լիազորությունների, ենթադրվում է՝ համապատասխան գրավոր հրամաններով և այլնով։

Ի միջի այլոց, հասարակությանը ներարկած հերթական միֆերից է, թե բանակը չի կարող օգտագործվել ներքին հարցերի դեպքում։ Իրականությունն իմանալու համար պետք է ընդամենը կարդալ մայր օրենքն, որտեղ պարզ գրված է որ բանակը և զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը՝ արտաքին ու ներքին սպառնալիքի դեպքում, երբ առկա է անհրաժեշտություն՝ ստանալով համապատասխան հրամաններ, հանձնարարականներ։

Հիմա հարց․ ինչո՞ւ է Փաշինյանը ստում որերորդ անգամ և շարունակաբար։ Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում ազդել մարդկանց, իրեն լսողների նյարդերի, հոգեկան աշխարհի վրա՝ իմանալով, որ դա սուտ է։ Կամ էլ Փաշինյանը ինքն է դարձել իր սուտ քարոզչության գերին և չի կարողանում դրա տակից դուրս գալ։ Ժողովրդի ասած՝ էնքա՛ն է ասել, որ հավատում է։

Ընդ որում, նույն լևոնական քարոզչության գերին են ոչ միայն նա։

2018 սեպտեմբերյան նույն ասուլիսի ժամանակ, մարտի 1-ի զոհված ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանի մասին նման անպատասխանատու հայտարարություն արեց Սասուն Խաչատրյանը․ «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր «վերսիան» այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»։

Բացում ենք Ռոբերտ Քոչարյանի 2008թ․ մարտի 1-ի երեկոյան տված ասուլիսը, որը հիշատակում է Խաչատրյանը ու զարմանում՝ Ռոբերտ Քոչարյանը զոհերի մասին հարցին ի պատասխան ասում է, որ իրեն զոհերի մասին տեղեկություն հայտնի չէ, տեղեկություն ունի ոստիկանության կողմից վիրավորների մասին։

Սասուն Խաչատրյանը, որ նախաքննությամբ «հիմնավորել է» դա, արդյո՞ք նախաքնության շրջանակներում չի դիտել այդ ասուլիսը, որը, անշուշտ, կա կցված քրեական գործում։

Հիմա Տիգրան Աբգարյանի մայրը դատական նիստի ժամանակ հարցնում է Ռոբերտ Քոչարյանին, թե ինչո՞ւ եք սպանել որդուս, որ արտակարգ դրության ռեժի՞մը հիմնավորեք։ Այսինքն, զոհի ծնողին, որ 10 տարի պայքարում է արդարության հասնելու համար, նրա շահերի պաշտպաններ՝ փաստաբաններ Եգորյանը, Սաֆարյանը, Վահե Գրիգորյանը վերջապես, չեն ասել, որ այդպիսի բան չի եղել, Քոչարյանը այլ բան է ասում։ Իսկ հասարակության մտածող հատվածին մի հարց, ընդամենը․ իսկ «Արտակարգ դրություն» մտցնելու համար պարտադիր պետք է զո՞հ լինի, ինչպե՞ս է օրենքում գրված։

Իսկ օրենքում պարզ գրված է․ մեջբերում ենք 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը․ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ»։

Այսինքն, նախագահն է որոշում՝ մտցնե՞լ, թե՝ ոչ, խորհրդակցում է ԱԺ նախագահի և վարչապետի հետ և կայացնում է որոշում, ստորագրում է հրաման, իրականացնում է իրավիճակից թելադրող գործողություններ, այնուհետ դիմում ժողովրդին։ Հետո հրավիրում ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկում և քվեարկում են պատգամավորները, ինչը և արվել էր 2008-ի մարտի 1-ի գիշերը։ Ի միջի այլոց, ԱԺ պատգամավորները հավանություն էին տվել կայացված որոշմանը։ Ինչո՞ւ է, որդեկորույս մայրը թույլ տալիս, որ լևոնանիկոլական քարոզչամեքենան իրեն այդտեսակ ակնհայտ խաբի։ Անգամ մեկնաբանելու, կամ այլ կարծիքի տեղ չկա։

Կամ զոհերից՝ Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը․ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստին, երբ դատավորն կարծիք հայտնելու համար խոսքը տալիս է Քլոյանին, սա դիմելով Քոչարյանին՝ բացականչում է, թե՝ Սպանել եք, պատասխան տվե՛ք։ Պաշտպան Օրբելյանը դատարանին անմիջապես դիմում է, որպիսզի դատարանը բացատրի, որ այդտեղ նախ քննվում է ընդամենը խափանման միջոցի փոփոխության հարցը, ելույթները, ենթադրվում է, որ պետք է լինեն ըստ էության։ Երկրորդ՝ դատավարությունը նոր է սկսվել, մեղադրյալները իրենց մեղավոր չեն ճանաչում, ոչ ոք չի դատապարտվել, այսինքն՝ անմեղ է, քանի մեղավորությունը չի ապացուցվել։ Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին ընդհանհրապես մեղադրանք չի առաջադրվել որևէ մեկին սպանելու, վիրավորելու և այլնի համար, այլ՝ սահմանադրական կարգ տապալելու համար, որը զոհերից որևէ մեկի ուղիղ պատճառ չի կարող դիտարկվել։

Չգիտի՞ Սարգիս Քլոյանը այդ ամենը։ Վստահաբար՝ գիտի։ Քլոյանն առաջին տարին չէ, որ զբաղվում է ոչ միայն իր որդու մահվան արդարադատություն որոնելով, Քլոյանը «Քաղաքացիական Պայմանագիր»՝ իշխող կուսակցության հոգաբարձուների կազմում է և անկասկած իշխանության կողմից նախաձեռնած այս իրավական, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական համար մեկ շոուի կոնկրետ և առանցքային մասնակիցներից է։

Ինչ վերաբերվում է դատախազներին, առաջին հարցը որ առաջանում է, իհարկե՝ չհաշված, որ, չգիտես ինչու, կյանքի-մահու կռիվ են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը թողնելու համար, հետևյալն է․ Այդ ինչպե՞ս է ստացվում որ դատական նիստի ընթացքում, իրենց աչքի առաջ, տվյալ պահին և տեղում հնչեցվում են մեղադրանքներ գործի հետ կապ չունեցող, մասնավորապես՝ մեղադրում են սպանելու, կամ նման հրաման տալու մեջ՝ խախտելով անմեղության կանխավարկածը, իսկ դատախազներից որևե մեկը ծպտուն չի հանում, թե՝ հարգելի տուժողի իրավահաջորդ, այդտեղ սպանության մեղադրանք առաջադրված չէ, Քոչարյանի խափանման միջոցն ենք քննարկում, այն էլ՝ սահմանադրական կարգ տապալելու համար։ Այսքանից հասկանում ենք, որ այդ ամբողջ համաձայնեցված շոուն իրականում երկուստեք ձեռնտու է։

Իսկ մենք զարմանում ենք, թե այդ ի՞նչու են զոհերի հարազատներ բերվում դահլիճ, երբ մեղադրանքը լրիվ այլ է, չի ներառում որևե մեկի սպանություն, վիրավորում կամ այլն։ Զարմանում ենք, թե այդ ինչպե՞ս է, որ հարազատները և իրենց շահերի պաշտպանները վկայակոչում են, թե ինչպես են «անմեղ քաղաքացիները» վնասվածքներ ստացել, բայց և որևէ մեկը, մասնավորապես՝ դատախազները, չեն ասում, որ նույն այդ «խաղաղ ցուցարարները» «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանական ստորաբաժանումների վրա։ Միգուցե այդ ծառայողներն է՞լ բերվեն, իրենց էլ խոսք տան, և նրանք էլ պատմեն, որ մարմնական այրվածքներից հաշմանդամ են դարձել, պատմեն, թե այդ ինչպես «խաղաղ ցուցարարները» մահակներ էին խլում, գցում գետնին և գազանաբար ծեծում՝ մինչև անզգայնանալը, կամ որ այդ «խաղաղները» հերթ էին կանգնում, ստանում «Մոլոտովի կոկտեյլ» և այրելով՝ գցում ոստիկանների վրա՝ առանց մտածելու, որ նրանքն նույնպես հայ են, ունեն մայր, քույր, երեխա․․․

Փաստ է մեկ բան՝ նրանք մանիպուլացնում են, կողմնապահություն և խտրականություն են դրսևորում, որպեսզի ազդեն հենց այդտեսակ մարդկանց վրա։

Կեղծիքներ են կատարում ու դրա համար պետք է պատասխան տան՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Խաչատրյանը, դատախազները, որոնք մեկ ու կես տարի առաջ այլ կարծիք ունեին, զոհերի իրավահաջորդների պաշտպանները՝ փաստաբանները, անգամ՝ զոհերի հարազատները, որոնք արդեն դիտմամբ, էմոցիոնալ զեղումներով գործընթացը շեղում են՝ տանելով ոչ թե իրականության բացահայտմանը, այլ՝ այլ շահագրգռվածությամբ՝ քաղաքական և ֆինանսական։ Ցավո՛ք։ Այլ բան չի մնում, նրա՛նք պետք է կանգնեն արդարադատության առաջ, Փաշինյանը և մնացած անձինք, որոնք սուտ տեղեկություններ են տարածում, շեղում քննության ընթացքն ու խախտում անմեղության կանխավարկածը։

Փաշինյանը նախ հայտարարում է, որ մարտի 1-ը բացահայտվել է, հետո հրապարակում է փաստեր, որոնք մեկը մյուսի հետևից հերքվում են, հետո անում է հայտարարություններ, որոնց համար դատի են տալիս, հետո քաշվում է հայտարարություններից, հետո կրկին հայտարարում։

Հասարակությունը, երկրի ղեկավարությունը կարիք ունի լրջանալու։ Ի վերջո, սա երկիր է, ինքն էլ՝ դրա ղեկավարը, որը փոխարենը համահայկական շոու կազմակերպի, մարդկանց դժբախտության վրա խաղա, պարտավոր է կենտրոնանալ մարտահրավերների վրա, որոնք կանգնած են մեր երկրի առջև։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ