16 09 2019

ՀՀՇ-ի կողմից գործուղվածները, կամ տերպետրոսյանական վատագույն մեթոդներով

ՀՀՇ-ի կողմից գործուղվածները, կամ տերպետրոսյանական վատագույն մեթոդներով

Բոլոր հնարավոր մեկնաբանություններն ու մասնագիտական, իրավագիտական վերլուծությունները օբյեկտիվորեն հանգում են լրիվ պարզ հետևության. Անձի քրեական հետապնդման և կալանավորման հիմքում դրված է մի հոդված, որը անգամ Սահմանադրական դատարանը կասկածի տակ է առել, անգամ ուղարկել է իր գործընկերներին կարծիք ստանալու, իսկ սեպտեմբերի 4-ի վորոշման մեխը այն է, քանի որ իրավունքը խախտվել է, այն նախ պետք է վերականգնվի: Այսքանը։ Ավելի պարզ՝ ՍԴ հայտնի որոշումը հրապարակելու հաջորդ պահին Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվեր:

Սակայն տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը, նրա վուվուզելի տակ գասպարավարի պառկած ու այդ դիրքով պարող դատախազությունը ցինիկաբար անտեսում են օրենքի պահանջը:

Բայց բացի Փաշինյանից, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրավական բեսպրեդելի ու քաղաքական պատանդառության այլ շահառուներ էլ կան: Դա ՀԱԿ-ավորված ՀՀՇ-ն է՝ իդեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա դեռ մնացած, մի շարք կարկառունների: Պատմության զավեշտ է, որ ՀՀՇ-ի ֆեյք ու իրական պրոպագանդիկ բէ-տէ-էռ-ներն են Ռոբերտ Քոչարյանի հասցեին «մարդասպան» ու «հանցագործ» վանկարկում: Զավեշտ է, որ սա այն Լևոն Տեր-Պետրոսյանի մարդիկ են, ում իշխանության օրոք, իր ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի գլխավորած ոստիկանության կազմում մարդասպանների հաստիքային բանդա է գործել ու ոչ մեկ մարդու գլուխ կերել, մահափորձեր իրականացրել: Խոսում են նրանք, ովքեր ծպտուն չեն հանել, երբ Տեր-Պետրոսյանը նույնպիսի ցինիկությամբ, ինչ իր աշակերտը, լրատվամիջոցներ էր ու կուսակցություն էին փակում, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին առանց որևէ իրավական ձևականությունների կալանավորում ու «շեստոյում» սխկում էին:

Իսկ ովքե՞ր են այս կոդլի ոչ շարքային ԲՏՌ-ները:

Գագիկ Ջհանգիրյան. Նախկին զինդատախազ, որ անուն հանեց «Մատաղիսի գործով», որի քննության ժամանակ կասկածյալներին խոշտանգել էին ամենայն դաժանությամբ, դատապարտվել էին՝ ցմահ, այնուհետ արդարացրել էին: Նա Քոչարյանին ատելու իր պատճառներն ունի, քանզի խոստացել էր ամեն գնով «Հոկտեմբերի 27-ի գործը» կարել այն ժամանակ պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց, չհաջողեց: Չնայած այդ ամենին, շարունակեց պաշտոնավարել։ Չանցած 8 տարի, նորից գլուխ բարձրացրեց, նորից Տեր-Պետրոսյանին նախագահ կարգելու ձգտումով, խոստացավ բանակից «պոդդերժկա» բերի, ու էլի Քոչարյանը դեմն առավ, Մանվելին էլ ուղարկեց տուն։ Բանտում մնալու փոխարեն, Ջհանգիրյանը սահուն թոշակի գնաց ու սկսեց օրենքից ու իրավունքից․․․իրավունքի՛ց, Կառլ․․․ ելույթներ արտասանել:

Նրա ևս մեկ կոլեգա՝ Անդրանիկ Քոչարյան: Էլի մի տեր-պետրոսյանական, որ Շիրակում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն էր՝ նահանգապետի լիազորություններով: Շիրակում նրա արկածների մասին հիշողները դեռ շատ են: Անցան տարիներ, այս երդվյալ ՀՀՇ-ականն հետագայում «մարտի 1-ի» խորհրդարանական հատուկ հանձնախմբում դերակատարում ստացավ ու էլի կաշվից ելնում էր՝ հիմնականում Ռոբերտ Քոչարյանի դեմ բոլոր սլաքներն ուղղելու համար: Այն ժամանակ չստացվեց, բայց անցավ մի փոքր ժամանակ, իշխանության եկան նրանք որոնք 2008-ի չստացված գունավոր հեղափոխության շահառուներն էին։ Անմեղ մարդկանց զոհվելու պատճառ դարձածներին Անդրանիկ Քոչարյանն իր ծառայություններն առաջարկեց և մարտի 1-ի գործի «նոր դրվագը» դարձավ քաղաքական համար մեկ օրակարգ՝ երկրորդ նախագահի և ներկա վարչապետի իշխանության միջև դիմակայության։

Գաղափարական ԲՏՌ-ներից են Լևոն Զուրաբյանը, որ Տեր-Պետրոսյանի տեղակալն է կուսակցական գծով, Արամ Մանուկյանն էլ, որ քաղաքականության մեջ է հայտնվել ու մնացել միայն իր բարեհաջող անուն-ազգանվան հաշվին: Նման մի ԲՏՌ է Փաշինյանի ներկայիս մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա ոչ այնքան մամուլի քարտուղար է, որքան՝ Տեր-Պետրոսյանի հանձնակատար-էմիսարը՝ Փաշինյանի գլխավորած կաբինետում: Այն իմաստով, թե աշակերտը ամեն ինչ ըստ սցենարի՞ է անում, թե՞ ինչ-ինչ շեղումներ է տալիս, որոնք արագ շտկումներ են պահանջում:

Իրեն իրավապաշտպան-փաստաբանի տեղ դրած ու ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանին չմոռանանք: Նրան, որ ՀՔԾ պետից է «ուստանովկաներ» ստանում, թե ինչպես ներկայացնի ՀՔԾ և առաջին կալանք տված «դատավոր Հրաչի» «օրինական» գործողությունները Ռոբերտ Քոչարյանի դեմ: Գաղտնալսումներից պարզված այդ դրվագը, վստահ ենք, դեռ երկար ժամանակ է բնութագրելու սույն ՍԴ դատավոր ընտրվածին։

Մեկ այլ փաստաբան՝ Տիգրան Եգորյան, որը նախ 90-ականներին Ազգային Ժողովի ՀՀՇ խմբակցության ղեկավար, վաղամեռիկ Էդվարդ Եգորյանի որդին է, իսկ վերջին շրջանից հայտնի է որպես Արթուր Սարգսյան՝ «Հաց բերողի» պաշտպան։ Որպիսի երկար չանդրադառնանք որքան թանկ նստեց «Հաց բերողի» համար նման փաստաբան ունենալն, մամուլում դեռ այն ժամանակ էր գրվել, որ Եգորյանն իմանալով Սարգսյանի «Բեխտերևի հիվանդության» առկայության մասին, պատշած միջոցներ այդպես էլ չձեռնարկեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, ինչի արդյունքում էլ կալանքը ուշացած փոխելուց կարճ ժամանակ անց Արթուր Սարգսյանը կնքեց իր մահկանացուն։ Փաստաբանների պալատի խորհուրդը 2017թ. հոկտեմբերին, «Հաց բերողի» մահից յոթ ամիս անց, որոշեց փաստաբան Տիգրան Եգորյանին ենթարկել կարգապահական տույժի՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետերի խախտման համար։

Սեդա Սաֆարյան, նույնպես փաստաբան, որը այժմ Եգորյանի հետ ներկայացնում է մարտի 1-ի տուժողների շահերը դատարանում։ Սույն տիկինն այս տարիների ընթացքում բացի ապատեղեկատվություն և հերհյուրանքներ տարածելուց, տուժողներին ապակողմնորոշելուց, ինչի մասին գոնե վկայում է դատական նախորդ նիստում կատարվածը, դժվար թե որևէ օգուտ տա գործի ընթացքին և մեղավորներին հայտնաբերելու տուժողների իրավահաջորդների հույսերին։

Կարելի է նաև ավելի մանր տրամաչափի ՀՀՇ ԲՏՌ-ների նշել, որոնց մեծ մասին շատերը տեսել են, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու «օպերացիայի» ժամանակ ու տեսնում են դատարանների առաջ «հակառակ» ցույց անելիս:

Սակայն հիմնականն այսօր այլ հարց է. սեպտեմբերի 17-ին դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: Դա ինդիկատորային որոշում է լինելու, ինչից պարզ կդառնա՝ ՀՀՇ-ն իր հին դեմքերով շարունակո՞ւմ է ցինիկ բեսպրեդելը, թե՞, այնուամենայնիվ, երկրում օրինականության վերականգնման ու պահպանման աղոտ հույս կա:

Հաղթելու կամ պարտվելու խնդիր չկա, որովհետև, կամ գործում է օրենքն ու իրավունքը, կամ գերակշռում են ՀՀՇ-կան բարքերը։ Վերջին դեպքում նշանակում է՝ Հայաստանն ու հայ ժողովուրդն արդեն պարտվել է հայատյաց ուժերին:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ