Մինչ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի պատվերով ու գլխավոր դատախազի կամակատարմամբ, մտածում է, թե է՛լ ինչ մոգոնի, որպեսզի չկատարի ՍԴ վերջին որոշումից ուղղակիորեն բխող պահանջը՝ կալանքից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, լրացավ «գաղտնալսման սկանդալի» մեկ տարին:
Այո, մեկ տարի առաջ, սեպտեմբերի 11-ին հրապարակվեց, ավելի ստույգ՝ պայթեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ապա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների տեսանյութը: Ցավոք սրտի, նրանցից ոչ մեկը որևէ կերպ պատասխանատվության չկանչվեց, ինչը միանգամայն բնութագրական է երկրում այս մեկուկես տարվա մեջ հաստատված հակաօրինակության, «թավշյա» անիրավության ու բեսպրեդելի տիրապետող մթնոլորտի պայմաններում: Քաղաքական իմաստով էլ, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, թե ԱԱԾ տնօրենը, թերևս միայն որոշ անախորժության զգացողությամբ պրծան: Ամենից քիչը այդ խոսակցություններում Նիկոլ Փաշինյանի ձայնն էր հնչում, բայց հիմնական «տուժողը» հենց Նիկոլ Փաշինյանը եղավ, քանի որ անդառնալիորեն ու վերջնականապես պայթեց նրա պոպուլիստական այն փուչիկը, թե ինքն ու իր «նոր իշխանությունը» օրինականության կողմնակից են, այս, այն:
Բոլորը, ովքեր էյֆորիակուրության մեջ չէին, կամ նույնիսկ աչքերին «թավշե» փառ քաշած շատ հայրենակիցներ տեսան, որ իրականում ոչ մի բան էլ չի փոխվել, որ վարչապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն, դատավոր հեռախոսազանգերով է որոշվում, թե դատավորն ինչպես վարվի, այլ ոչ թե՝ օրենքով: Այսինքն, կատարվում է այն, ինչի դեմ նույն Փաշինյանը դատապարտող ու բոցաշունչ ելույթներ էր ունենում, երբ ընդդիմադիր էր աշխատում, իսկ հիմա, երբ իշխանություն է դարձել, շատ ավելի ցուցադրական ու ցինիկաբար է գործածվում այդ «լծակը»: Ու գործածողներն էլ, չնայած բացահայտված խայտառակությանը, որն այլ երկրներում մի քանի հրաժարականի համար կբավականացներ, դեմքերին «ինչ է եղել, որ» արտահայտություն հաղորդած, ելնում են մարդամեջ, ու ասում՝ ոչինչ էլ չի եղել, պարզապես թեթևակի անձրև է գալիս:
Սակայն թողնենք այդ՝ «հեռախոսային արդարադատության» գործող պաշտոնյաների բարոյական նկարագրին ու երկդիմի, կոմֆորմիստական ու ցինիզմով հագեցած գործելաոճին վերաբերող դիտարկումները: Երևի ավելի շուտ Իջևանի սարերում ադադմանդի խոշոր հանքեր կհայտնաբերվեն, քան այդ գործող անձանց քաղաքական վարքում՝ պատասխանատվության պատառիկներ:
Հարցը, ու սա կարևոր է հասկանալ նրանց, ովքեր դեռ շարունակում են աղանդավորի ջերմեռանդությամբ փառաբանել Նիկոլ Փաշինյանին, ամենևին էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չէ: Այո, կոնկրետ իրավիճակում ու կոնկրետ անձանց նկատի ունենալով, առաջին հերթին կարևոր է, որ վերջ տրվի պետության նախկին ղեկավարի ու Արցախի հերոսի հանդեպ իրավական անորակ փաթեթավորմամբ բեսպրեդելն ու կամայականությունը:
Բայց մի կողմ դրեք Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը և փոխարենը նույն իրավիճակի մեջ դիտարկեք ցանկացած այլ անձնավորության, ցանկացած այլ քաղաքական գործչի, նույնիսկ՝ ոչ էլ քաղաքական գործչի: Եթե իշխանությունը այնքան ինքնավստահ է իրեն զգում, որ դիմում է գրված ու չգրված օրենքները ոտնատակ տալուն, ապա տարբերություն չկա, թե այդ՝ «ինչ ուզեմ՝ կանեմ»-ը վաղը, մյուս օրը ում դեմ կուղղվի:
Այսօր Ռոբերտ Քոչարյանն է գործող իշխանության թիրախում, որպես առավել հավանական քաղաքական լուրջ հակակշիռ ու այլընտրանք, գումարած՝ որպես վարչապետ Փաշինյանի անձնավորված քինախնդրության թիրախ, վաղը կարող են լինել այլ գործիչներ, անգամ՝ հասարակական խմբեր, ասենք՝ «Ամուլսարի պաշտպանները», իջևանցի անտառահատները, գյումրեցի բողոքավոր կանայք կամ որևէ մեկը, որ հանդգնել է ասել, թե Փաշինյանի աչքի վրևը հոնք էլ կա:
Ուրիշ կարևոր հարց էլ կա, կոնկրետ մեկ տարի առաջ բացահայտված խայտառակության՝ «հեռախոսային չարդարադատության» հետ կապված. գործող անձիք, լինի ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը կամ մեկ ուրիշը, ասենք՝ «թավշյա» իշխանազավթողներին հավատարմության երդում տված գլխավոր դատախազը կամ, օրինակ, ԲԴԽ նախագահը, իհարկե, չեն դադարել միմյանց զանգելով դատարանի որոշումներ նախանշելն ու, ըստ անհրաժեշտության, այս կամ այն դատավորի վրա ճնշում գործադրելը, ու ոչ միայն դատավորի: Ձու գողացողները երբեք չեն դադարում ձիեր գողանալ: Պարզապես մի քիչ ավելի զգուշավոր են դարձել՝ տեխնիկական իմաստով, ու այլևս չեն գաղտնալսվում կամ կաբինետներում են արդեն շշուկով պայմանավորվում, առանց հեռախոսակապի: Բայց դա միայն ձևական կամ արտաքին կողմն է: Իսկ էության մեջ, բան չի փոխվել, հակառակը, ներքին փտածությունն ավելի է ծավալվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը