11 09 2019

Մարդկային առումով կարելի է կարեկցել ՊԵԿ նախագահին, բայց․․․

Մարդկային առումով կարելի է կարեկցել ՊԵԿ նախագահին, բայց․․․

«Աննախադեպ» հայտարարությունների պակաս երկրի գլխավոր ֆեյսբուքյան էջը վարողի մոտ չկա։ Նիկոլ Փաշինյանի հերթական «աննախադեպ առաջարկը», որի մասին նա գրառում էր արել կառավարության լրատվական ծառայությանը փոխարինած իր էջում, վերաբերվում էր 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկը պետության կողմից 9 հազար տնտեսվարողներին հետ վերադարձնելուն։ Պարզաբանենք, թե ինչի՞ մասին է խոսքը։

Հայաստանում արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Հետևաբար, երբ որևէ կազմակերպություն ապրանք է արտահանում, նրանից նախ գանձվում է ավելացված արժեիք հարկը, ապա՝ հետ վերադարձվում։ Բնականաբար, այն առումով, որ նշում է Նիկոլ Փաշինյանը, աննախադեպ ոչինչ չկա, բայց այս գրառումը բավականին ուշագրավ բացահայտումներ է անում հարկային եկամուտներում առկա խառնաշփոթի մասին։

Գլխավոր բացահայտումն այն է, որ «թավշյա» իշխանությունը մինչ այժմ արտահանողներին գումար չի վերադարձրել։ Դա երևում է նաև ՊԵԿ-ի կողմից հրապարակվող ամսական հաշվետվություններով։ Մինչդեռ, այն, ինչ բացակայում է ամսական ցուցանիշների մեջ, հանկարծ հայտնվում է եռամսյակայինում և հետագայում մշտապես նշվում վիճակագրական կոմիտեի հաշվետվությունների մեջ։ Խոսքը «անցումային գերավճար» կոչվող տողում կառավարության կողմից իբր հետ վերադարձված 136 մլրդ դրամի մասին է։ Նման անհեթեթություն դժվար է պատկերացնել՝ ոչ մի ամիս գումարը չի վերադարձվել, բայց այն հանկարծ հայտնվել է ցուցանիշների մեջ։ Մինչ օրս դրա մասին ՊԵԿ կողմից որևէ պարզաբանում չի եղել։ Սակայն, վերևում նշված գրառմամբ, Նիկոլ Փաշինյանը պարզապես հաստատեց փաստը, որ 136 մլրդ դրամ հետ չի վերադարձվել, եթե 56 մլրդ դրամ հետ վերադարձնելը «աննախադեպ» է։

«Թավշյա» վարչապետը նշում է, որ այդ գումարը կուտակվել է մինչև 2017 թ․-ի հուլիսի 1-ը՝ «մոռանալով», որ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018 թ․-ի հունվար-փետրվարին տնտեսվարողներին հետ է վերադարձրել 55 մլրդ դրամ։ Գումարների վերադարձը շարունակվելու էր նաև մյուս ամիսներին, սակայն եկավ «հպարտների» իշխանությունը և այդ գործընթացը կանգ առավ։ Արդեն մեկուկես տարի է այդ գործընթացը կանգ է առել։ Եվ ահա, իր պատճառով կանգ առած գործընթացի վերսկսումը Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես լավություն տնտեսվարողներին։ Գործարարները, կարծում ենք կհասկանան, որ 2017 թ․-ից սկսված և 2018 թ․-ի առաջին եռամսյակում շարունակվող բարձր տնտեսական աճի շնորհիվ այդ գումարների վերադարձը պետք է տեղի ունենար ավելի շուտ և Նիկոլ Փաշինյանի խոստացածը ամենևին էլ իրենց համար արված լավություն չէ։ Դեռ չխոսենք այն մասին, որ առայժմ դա խոստում է, իսկ Նիկոլ Փաշինյանի խոստումները որպես կանոն չեն կատարվում կամ խոստացածի հակառակն է կատարվում։ Օրինակ՝ տնտեսական թռիչքի խոստումը վերածվում է 6-7 տոկոս տնտեսական ակտիվության աճի, այն դեպքում, երբ մինչև իր կառավարությունը այդ աճը 9-10 տոկոս էր։

Ի դեպ, հարկային եկամուտների հավաքաման ցուցանիշներում զավեշտները շարունակվում են։ Օրինակ՝ ՊԵԿ հրապարակած հուլիս ամսվա ցուցանիշների մեջ միասնական հաշվին բացասական նշանով գումար է՝ 13,8 մլրդ դրամ։ Այսինքն, այդքան գումար, որ մուտք է գործել հարկային միասնական հաշվին պետք է վերադարձվի տնտեսվարողներին։ Արդյո՞ք սա 56 մլրդ դրամի մեջ է մտնելու, թե՞ ոչ՝ անհասկանալի է։

Կամ՝ եթե 13,8 մլրդ դրամը հետ վերադարձման ենթակա է, ապա ինչո՞ւ է այն ներառվում հարկային եկամուտների ընդհանուր ցուցանիշի մեջ, որն էլ ճշգրտված հրապարակվում է վիճակագրական կոմիտեի կողմից։ Պատասխանն իհարկե պարզ է՝ որպեսզի հարկային եկամուտների ավելի մեծ գումար երևա։ Մարդկային առումով կարելի է կարեկցել ՊԵԿ նախագահին և մյուս պաշտոնյաներին, որոքն ստիպված են կատարել պետության ղեկին հայտնված մարդու կամայական ցանկությունները, սակայն, նրանց կողմից առնվազն բարոյական չէ այդպես վարվելը։

Եվ վերջում, Նիկոլ Փաշինյանի հերթական ստի մասին, առանց որի նա պարզապես չի կարողանում ապրել։ Նրա հավաստմամբ, տնտեսվարողներն այդ գումարը «ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել»։ Եթե 2018 թ․-ին՝ նախորդ կառավարության կողմից հետ է վերադարձվել 55 մլրդ դրամ, ապա ինչ հույս կորցնելու մասին է խոսքը։ Այլ բան է, եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ «սիրո ու հանդուրժողականության» թյուրիմացությունից հետո՝ ներդրողների նկատմամբ բացահայտ ահաբեկումների, դիմակավորված ստուգումների, ձերբակալությունների ֆոնին տնտեսվարողներից շատերը իսկապես հույսը կորցրած լինեին, որ հետ կստանան իրենց գումարները։ Այդ դեպքում, նրա գրածը իսկապես որ իրականությանը համապատասխանում է։ Պարզապես, նա չպետք է մոռանա, որ ընդամենը մարդկանց պատկանող գումարներ է հետ վերադարձնում, այն էլ՝ ուշացումով, որի պատճառն էլ հենց ինքն է։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ