07 09 2019

Ի՞նչ ցույց տվեց ՍԴ որոշումը 2

Ի՞նչ ցույց տվեց ՍԴ որոշումը 2

Թե ինչ ցույց տվեց Սահմանադրական դատարանի որոշումն, արդեն անդրադարձել ենք, այս հոդվածում սակայն կանդրադառնանք մեկ այլ շատ կարևոր հանգամանքի:

Եվ, այսպես:

Սահմանադրական դատարանի որոշումը ցույց տվեց մի շատ կարևոր իրողություն: Ի հակառակ տարատեսակ կասկածների և վայրահաչոցների, թե պետություն չկար, ամեն ինչ հիմնված էր կոռուպցիայի վրա և առաջ տարվող այն թեզերը, որ դատական համակարգը պետք է փոխել, ինչպես բոլոր իշխանական թևերը, այս որոշումը եկավ ապացուցելու, որ պետությունը՝ իր հակակշիռներով թույլ չտվեց որպեսզի անցողիկ և ժամանակավոր իշխանությունը (իսկ այդպիսին են բոլոր իշխանությունները) խախտի Սահմանադրությունը, իսկ պետության արժեքներն ու սիմվոլները ըստ պահի և ճաշակի փոփոխի:

Սա շատ կարևոր փորձություն էր առաջին հերթին Հայկական պետության համար, որը հաղթահարեց Սահմանադրական դատարանը՝ դառնալով պետության իրավական լինելու պաշտպանն ու երաշխավորը։ Հակառակ դեպքում ստացվելու էր, որ գրված օրենքներն ու Սահմանադրությունն առ ոչինչ են, եթե ժամանակի իշխանությունը և իրեն սատարող փոքրաթիվ և կառավարվող ամբոխը ամեն անգամ պետք է որոշի իր ճաշակով ինչպես վարվի երկրի սիմվոլների և արժեքների հետ, և պետությունը այդչափ կայացած չէ որ պաշտպանի մայր օրենքն ու պետության արժեքները։

Մեկ կարևոր դիտարկում ևս։ Ռոբերտ Քոչարյանի այս 14 ամիս տևող քրեական գործընթացը մեկ կարևոր և դրական իմաստ ևս ուներ։ 10 տարի մարտի մեկի մեղքը նախկին նախագահի վրա բարդելու առասպելը այս անցած 1 տարվա մեջ քանդվեց ողջ հանրության աչքի առաջ։ Հրապարակայնորեն։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանը որևէ մեղավորություն չուներ 10 զոհերի սպանությունների հետ, որ Քոչարյանը, խորհրդակցության հրավիրելով բարձրաստիճան զինվորականներին հրահանգել է կարգի հրավիրել քաղաքական պրոցեսներին մասնակից դառնալու ցանկություն ունեցողներին՝ Մանվել Գրիգորյանին, Գագիկ Մելքոնյանին, որոնք ինչպես հայտնի է իրենց աջակցությունն էին հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թվականի փետրվարին։

Պարզվեց, որ նախագահը ոչ միայն չի խախտել իր լիազորությունները(այլապես գոնե մեղադրանքում արտացոլված կլիներ) այլ կատարելով ուղիղ իր գործառույթը՝ մարտի 1-ի ուշ երեկոյան Արտակարգ դրություն մտցնելով պետությունը hետ է պահել կործանումից, անկառավարելի ամբոխի պետության ներկայացուցիչների հետ բախումներից, թալանից և շարունակվող քաոսից, որն արդեն տիրում էր մարտի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնում։

Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պետք է ազատվի որովհետև անձեռնմխելի է ինքը, այլ որովհետև անձեռնամխելի է պետությունը։ Նախագահ Քոչարյանը որպես այդ ժամանակ պետության գլուխ և սահմանադրության երաշխավոր, մտցնելով արտակարդ դրություն և չթողնելով որ բանակը ներգրավվի քաղաքական խաղերի մեջ, պաշտպանել է պետությունը, իսկ այսօր ստացավ պաշտպանություն պետության կողմից։

Իսկ որ Քոչարյանին այս 14 ամսվա մեջ կարողացան մեղադրանք առաջադրել խիստ անհասկանալի հոդվածով, որի սահմանադրականությունը, ի դեպ դեռ պետք է վիճարկվի ՍԴ-ի կողմից, ապացուցում է, որ մարտի 1-ի 10 ամյա մեղադրանքները հիմքեր չունեին, և արդեն դժվար թե ունենան։    

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ