24 08 2019

Բացառություն դարձած միայնակը

Բացառություն դարձած միայնակը

Միայն ընթացիք շաբաթվա լուրերին հետևելուց արդեն կարելի է ճշգրիտ եզրահանգել, որ իշխանականների օթյակներում Փաշինյանին մերժելու հոծ հերթ է գոյացել։ Նկատելի է, որ մեկը մյուսին արմունկներով հրում է` վայրկյան իսկ առաջ անցնելու ու վրայի թավիշն առավել գեղարվեստորեն մաքրելու համար։ Իհարկե, դավանափոխությունն այս անգամ անցավ չի լինելու. մեջտեղ կբերվեն դոսյեներ ու կոմպրոմատներ։ Ոմանք կզրկվեն ոչ միայն պաշտոնից, մանդատից ու կսևանան, այլ նաև իրենց մաշկին կզգան մեղավոր նշանակվելու, քաղաքական հալածանքի թիրախ դառնալու և հեռակառավարվող դատաիրավական համակարգի ճիրանում հայտնվելու ողջ «թավշյա հմայքը»։

Պատահական չէ, որ արդեն իշխանական շրջանակներում է հնչում Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական կալանավոր լինելու հավաստումը և Արցախի հերոսի նկատմամբ մեկ տարի շարունակվող քաղաքական հաշվեհարդարը դադարեցնելու հորդորը։

Զավեշտն այն է, որ 15 ամիսներին քայլ առ քայլ այլոց համար «փորված» թավշյա ռեպրեսիաների և իշխանական կամայականությունների «փոսում» են հայտնվելու բոլորը։ Փաշինյանը զոհաբերելու է բոլորին ու մինչև վերջ։ Իսկ վերջում ժողովուրդն իրեն կկանգնեցնի սահմանադրական արդարադատության հանդիման։ Սա վաղնջական ժամանակներից հայտնի Սատուրնի ամենակուլության սցենարն է. կամ իր բոլոր զավակներին լափած ֆրանսիական հեղափոխության գիլյոտինի մասին պատմության մերօրյա կրկնությունը։

Անշուշտ. իշխանական բուրգի պառակտումը հզոր թափ ստացած «կոնսենսուս մինուս մեկ» հասարակական-քաղաքացիական-քաղաքական շարժման առաջին ու տեսանելի արդյունքներից մեկն է։ Միաժամանակ. կատարվող դերափոխությունները փաստում են Փաշինյանի թուլությունն ու անկարողությունը, քաղաքական թիմի բացակայությունն ու լուսանցքային-ծայրահեղականների հենքի վրա կուսակցություն կամ իշխանական համակարգ կառուցելու անհնարինությունը, սահմանադրությանը, օրենքներին, անհատի արժանապատվությանը, մասնագետի առողջ դատողությանը հակառակ դատաիրավական համակարգ ունենալու և վրեժի ծարավով քննիչներին, դատախազներին, դատավորներին սեփական կամքը պարտադրելու լիմիտն սպառելու իրողությունը։

Պատահական չէ, որ երեխաներին, դպրոցականներին ու նրանց ծնողներին խաբելով իշխանափոխության օտարածին ծրագիրն իրագործածներին լայքող ֆեյքերն են նաև կտրուկ նվազել։ Եվ ստիպված գործի է անցել ու հորից ընդօրինակած լեքսիկոնով «պաշտպանի» դեր է ստանձնել վարչապետի դուստր Մարիամը։ Կուզենայի իմանալ. ծնողներն ինչո՞ւ չեն կանխում ընտանեկան բարքերն այս կերպ ցուցադրելու դրսևորումները։

Ըստ շրջանառվող ասեկոսեների` անգամ իշխանական շրջանակներից շատերն են ուզում նախօրոք իմանալ` տհաճ անակնկալի չգալու համար, թե Փաշինյանն ի՞նչ ելույթ է նախապատրաստում սեպտեմբերի 2-ի համար։ Հատկապես սեփական դեմք ունեցողներն ու այն դեռ հիշողները` հարթակում կանգնելուց և արցախցիների աչքերին նայելուց չամաչելու համար, ուզում են իմաման, թե նա կկարողանա՞ շնորհավորել արցախցիներին` Արցախի անկախության 28-ամյակի առիթով։ Ինչպես դա կանի, երբ քաղաքական հաշվեհարդարի նկրտումով ապօրինի կալանել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ԼՂՀ անկախության հռչակագրի համահեղինակ, զենքով ու խելքով Արցախի անկախությունը նվաճած Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կամ Արցախյան ազատամարտի հիմնական դերակատարներին առանց երկմտելու փորձում է շանտաժով պարտադրել սեփական բարդույթավորված կամքը։

Բոլորն են արդեն զգուշանում` կանխատեսելով, թե կեղծավորության ինչպիսի երագներով նա կարժեվորի Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Նաև բոլորն են արդեն գիտակցում, որ քաղաքական կոնսոլիդացիան անհարժեշտություն է, որ «կոնսենսուս մինուս մեկը» հայոց պետականությունները պաշտպանելու միակ բանաձևն է, որ Նիկոլի ռեժիմի ինքնապառկտումն ու ինքնաոչնչացումը անխուսափելի է։

Փաշինյանն ապացուցեց, որ բացառիկ չէ, այլ` բացառություն, միակը չէ, այլ` միայնակ է։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ