22 08 2019

Ամուլսար՝ ի՞նչ տեղի կունենա և ո՞րն է ելքը

Ամուլսար՝ ի՞նչ տեղի կունենա և ո՞րն է ելքը

Ամուլսարի ներդրումային ծրագիրն ու հանքավայրի շահագործումը Նիկոլ Փաշինյանի համար վերածվել է անլուծելի խնդրի։ Սա այն դեպքն է, երբ ընկնում ես փորածդ փոսի մեջ։

Հիշեցնենք, որ 2015 թ․-ից սկսած Հայաստանի վերջին տարիների խոշորագույն՝ 380 մլն դոլարոնց ներդրումային ծրագիրը կասեցվեց 2018 թ․-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, երբ դեմագոգիայի, պոպուլիզմի, կեղծիքների եւ զոռբայության միջոցով իշխանության անցան «թավշյա» երիտասարդները։ Դրանից անմիջապես հետո, Ամուլսարի ճանապարհները փակվեցին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, իսկ նոր իշխանությունը ոչ միայն ոչինչ չարեց դա թույլ չտալու համար, այլև իր ղեկավարի շուրթերով հայտարարեց, որ «հանքարդյունաբերությունը մեզ համար ապագա չէ»։

Մինչ այդ էլ, նույն Նիկոլ Փաշինյանն, ինչպես ամենուր, այստեղ եւս «նախկինների» կողմից կոռուպցիա, չարաշահումներ, բնապահպանական աղետներ էր տեսնում, որոնք միջազգային կազմակերպության մեկ տարուց ավելի տեւող հետազոտությունից հետո պարզվեց, որ չկան։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը դա փաստացի խոստովանեց։ (Այդ մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ)։ Նա ըստ էության ընդունեց, որ կամ նախկինում ստել է՝ հայտարարելով այս ներդրումային ծրագրի հետ կապված կոռուպցիոն սխեմաների եւ բնապահպանական ռիսկերի մասին, կամ հիմա է ստում՝ հայտարարելով հակառակը եւ կամ չի ստել եւ չի ստում՝ ու հիմա էլ ինքն է ընդգրկված նույն կոռուպցիոն պայմանավորվածությունների մեջ։

Միաժամանակ, չցանկանալով հերթական անգամ պատասխանատվություն վերցնել եւ հստակ ասել, որ ներդրումային ծրագիրը շարունակվելու է, Նիկոլ Փաշինյանը փորձեց համոզել, որ այն պետք է շարունակել, ինչը սակայն, չստացվեց։ Ամուլսարի ներդրումային ծրագրի հանդեպ նախկինում իր իսկ սերմանած կասկածն արդեն վարակել է շատերին, եւ հիմա շատ բարդ է լինելու մարդկանց հավատացնել, որ ինքը ստել է, մանիպուլյացիաների է դիմել նախորդներին վարկաբեկելու եւ իշխանություն գրավելու համար, որ փաստացի անիմաստ էր 400 հազար դոլար ծախսելը պետական բյուջեից եւ ավելի քան մեկ տարի ներդրումային ծրագիր կասեցնելը, որ դրա թիվ մեկ մեղավորը հենց ինքն է եւ հանքի շահագործման ռիսկերի համար էլ ինքն անձամբ է պատասխանատվություն ստանձնելու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դա չի անի։ Նրա էությունը տրամագծորեն հակառակն է՝ փախչել ամեն տեսակ պատասախանատվությունից։ Ի՞նչ տեղի կունենա այս դեպքում և ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը։

Նախ՝ ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է լինելու՝ հանքավայրը թե շահագործվելու, թե չշահագործվելու պարագայում։

Առաջինի դեպքում, նրանից պոկվելու է եւ արդեն պոկվել է աջակիցների մի շերտ՝ հիմնականում դրամաշնորհներով հաստիքային ցուցարարները, որոնց ոչ թե Հայաստանի բնապահպանությունն է հուզում, այլ իրենց ստացած գումարները ցույցեր եւ բողոքի ակցիաներ իրականացնելու համար։ Այդ շերտը ապագայում կարող է շրջվել հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը նշանակում է պառակտում իշխանության ներսում։ Այդուհանդերձ, ներկա պահին քիչ հավանական է համարվում այս տարբերակը, քանի որ այս թեւի հետ իմքայլականները «պորտալարով» կապված են։

Հանքի չշահագործվելու դեպքում հետեւանքները վատ կլինեն երկրի տնտեսության եւ այդ ներդրումային ծրագրում ընդգրկված մարդկանց համար, չխոսելով արդեն միջազգային արբիտրաժում խոշոր տուգանքներ վճարելու մռայլ հեռանկարը։ Պատրա՞ստ ենք մենք դրան, գիտակցո՞ւմ ենք, թե սա ինչ արձագանք կթողնի Հայաստանի ներդրումային միջավայրի մասին և ի՞նչ հետևանքներ կունենա տնտեսության համար։ Ի վերջո, մեր բոլորի վրա է սա ազդելու, իսկ օրինակ SaveAmulsar ֆլեշմոբ անող Սերժ Թանկյանի կենսամակարդակի վրա այս որեւէ կերպ սա չի անդրադառնալու։

Ի դեպ, նշենք, որ հանքի շահագործման վերաբերյալ բացասական մոտեցում ունեն նաեւ ազգային-պետական շահով առաջնորդվող ուժեր ու անհատներ, որոնք չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի վիճակի կլինի բրիտանա-ամերիկյան «Լիդիանին» պարտադրելու պահպանել բնապահպանական չափանիշները։ Հավելենք, որ սուտ ասելու նրա մշտական վարքագիծը ևս մտավախություններ է առաջացնում՝ արդյո՞ք առաջիկայում նա կկատարի բնապահպանական ռիսկերը խստորեն հսկելու մասին իր խոստումները։

Թե ինչպիսին կլինե՞ն Ամուլսարի շուրջ զարգացումները, կերևա առաջիկայում։ Սակայն այս հարցը լավ առիթ է, որպեսզի նման խնդիրների դեպքում առաջնայնությունը տրվի պետական շահին և ռացիոնալ մոտեցումներին, այլ ոչ թե շահարկումներին։ Շահարկողները պետք է հասկանան, որ իրենք մի օր կարող են հայտնվել նույն վիճակում, ինչ այսօր հայտնվել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդրի լուծման իրատեսական մոտեցման դեպքում պետք է հաշվի առնել թե Հայաստանի ներդրումային դիրքը, թե տնտեսական զարգացման անհնրաժեշտությունը, թե արդյունաբերության եւ մասնավորապես հանքարդյունաբերության կարեւորությունը, թե բնապահպանական ռիսկերը եւ անուղղելի վնասները բացառելը։

Առաջին հերթին պետք է հասկանալ, որ հանքավայրի առկայության պարագայում հանքը թողնել և չարդյուհանելը մեծագույն անմտություն է, ինչպես չեն վարվում անգամ հումքային ամենամեծ ռեսուսրներ ունեցող երկրները, անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ Խնդիրը պետք է լինի այն, թե ինչպե՞ս արդյունահանել, որպեսզի անուղղելի բնապահպանական վնանսեր չլինեն։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ