21 08 2019

Կալանավորված նախագահ ունենալը խայտառակություն է, ապօրինի կալանավորված՝ կրկնակի խայտառակություն

Կալանավորված նախագահ ունենալը խայտառակություն է, ապօրինի կալանավորված՝ կրկնակի խայտառակություն

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ կալանքի տակ, այսպես կոչված «Մարտի 1-ի գործով»: Իրականում դա ոչ էլ «Մարտի 1-ի գործ» է, ու ժամանակն է այլ անուն տալ: Կարելի է ասել Փաշինյանի վենդետայի գործ կամ մեկ այլ տարբերակ: Գլխավորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի կալանավորված նախագահ: Կալանավորված է մեղադրվելով փաստորեն այն բանի համար, որ կատարել է պետության ղեկավարի իր պարտականությունը և սահմանադրական լիազորությունը իրացրել՝ պահպանելով սահմանադրական կարգը, երբ իրական փորձ արվեց այն բռնության միջոցով տապալել: Զավեշտ է, բայց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացված նույն այդ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ: Եվ փողոցային հուզումներով վերջիվերջո վարչապետի պաշտոնին հասած այն անձնավորության նախաձեռնությամբ, ով 2008-ի մարտի 1-ին գլխավոր դերակատարներից է եղել՝ բազմությանն էլ ավելի բորբոքելու, իրավիճակն էլ ավելի լարելու գործում:

Ցանկացած դեպքում գլխավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելն է: Դա ազգային խայտառակություն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանը նաև ապօրինի է կալանքի տակ գտնվում, որ իշխանությունը նպատակադրված՝ դատական գործավարության խառնաշփոթ է հրահրել, որ արհեստականորեն երկարացնի նրա կալանքի մեջ գտնվելը, դա արդեն կրկնակի, նույնիսկ բազմապատիկ խայտառակություն է:

Ռոբերտ Քոչարյանի դեպքում խոսքը միայն նախկին նախագահի մասին չէ: Չի կարելի մոռանալ ու չի կարելի ուրանալ, որ խոսքը մի պետական գործչի մասին է, ով ոչ միայն 1988-ից Արցախյան շարժման առաջին շարքերում էր, շարժման ղեկավար կազմում, Արցախի ինքնորոշման պահանջի ձևակերպման, ապա՝ քաղաքական ու նաև իրավական ռեալիզացման ակունքներում՝ մի խումբ նվիրյալների կողքին:

Խոսում ենք մի գործչի մասին, որ ճակատագրական ու դաժան պատերազմական մարտահրավերների, թշնամական ագրեսիայի պայմաններում չվախեցավ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց ու գլխավորեց Արցախի պաշտպանության կազմակերպման, Արցախի ղեկավարման գործը: Այդ ղեկավարում բառը թող ոչ մեկին մոլորության մեջ չգցի, քանի որ 1992-94 թվականներին դա հենց նշանակում էր դիմագրավել թշնամուն ու պահել երկիրը: Պատերազմում, իհարկե, մեր ամբողջ ժողովուրդն է հաղթել, իր նվիրման, զրկանքների, իր լավագույն զավակների կյանքի ու առողջության գնով: Բայց չենք կարող իմանալ, թե ինչպիսին կլիներ այդ պատերազմի ընթացքը, եթե Արցախում ղեկավարը չլիներ Ռոբերտ Քոչարյանն՝ իր կամքով, վճռականությամբ, պետական մտածողությամբ, խնդիրներ դնելու և հետևողականորեն դրանք իրականացնելու ունակությամբ, ռեալ մարտական վիճակին ու իրավիճակին անձամբ առնչված ու իր վրա զգացած գլխավոր հրամանատար, ռազմավարական ընկալմամբ:

Բնական է, որ հաղթանակից հետո, առաջին խաղաղ ընտրույթուններում հենց Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց Արցախի առաջին նախագահ: Պատահական չի և այն, որ երբ Հայաստանի Հանրապետությունում կառավարման ճգնաժամ ստեղծվեց, ի վերջո Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց՝ գլխավորելու Հայաստանի կառավարությունը: Ինչպես Արցախում այնպես էլ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում արդեն դրսևորվեցին երկրի տնտեսության կազմակերպման, կարգապահության, խստապահանջության և աշխատունակության նրա դրական որակները:

Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն, արդեն կարելի է առանց վարանելու ասել, տնտեսական վերելքի ու ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, զարգացման տարիներ եղան, անհնար է ժխտել: Ուրանալ հնարավոր է, այո, իսկ ժխտել՝ ոչ: Եվ ահա, այդ գործչին, Հայաստանի ու Արցախի ամենից արդյունավետ, գործով դա ապացուցած պետական գործչին հիմա, ինչ-որ անարժանների քմահաճույքով, կալանավորած են պահում:

Նա ինքը արդեն ցույց է տվել, որ բանտի ու բանտարկության նույնպես պատրաստ է՝ հայ տղամարդուն վայել կեցվածքով, նախագահի իր կարգավիճակին համապատասխան և մարտական ոգով ու վճռականությամբ: Բայց խնդիրը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի կերպարն է ու պահվածքը, որքան հասարակության մի մասի վերաբերմունքն ու ընկալումը: Հասարակության մի մասի, որ զանգվածային անկարգությունն ապստամբություն, խանութ թալանելը հերոսություն է համարում, ու նաև պատրաստ է հերոսացնել ոստիկան սպանողին, բայց իբրև թե ինքը՝ այդ մասը, արդարության է ձգտում: Նրանց պատկերացրած արդարությունը իրենց անձնական հարմարավետությունն է ու ինքնադատաստանը, ինքնիրավչությունը: Բնական պիտի նայվեր, որ նման մեկի իշխանության գալու հետևանքը Արցախի հաղթանակի ու Հայաստանի տնտեսական վերելքի գլխավոր գործող անձանցից մեկին, պետական գործչին հետապնդելը պետք է լիներ, քաղաքական հետապնդումը։ Որովհետև այդ գործի տակ իրավական աղբ է իսկապես, և միայն նեղ շրջանակի անձնական շահ ու վրեժխնդրություն, բայց նաև՝ վախ, իշխանությունը կորցնելու և պատժվելու:

Երկրորդ նախագահի փաստաբանների խումբը,հանգամանալի հիմնավորեց, որ կալանքը շարունակվում է, որպես ապօրինի ազատությունից զրկում: Հնարավոր է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը 65-ամյակը անազատության մեջ նշի: Սակայն նրա կալանավորման այս ամբողջ խեղկատակությունը մի օր ավարտվելու է:

Մեկ առիթով հայ քաղաքական դաշտի արդեն նախկին գործիչներից մեկն, դեռ անցած ամռանն էր, արտաբերեց․ - «Իսկ եթե՞ պարզվի որ Քոչարյանն անմեղ է, մենք ի՞նչ ենք անելու»: Մեկ տարի անց արդեն պարզ է, որ անմեղ է, այլապես իշխանությունը ապացուցելու փոխարեն չեր գնա այս կարգի ապորինությունների, ճանապարհին էլ քանդելով դատաիրավական համակարգի ինստիտուտներ, մի միայն նրա համար որ մի փոքր էլ երկարաձգի կալանքը։ Հիմա մենք ի՞նչ ենք անելու, ինչքա՞ն դեռ պետք է շարունակվի Ռոբերտ Քոչարյանին «պատանդ» պահելու խայտառակությունը:

 

Մկրտիչ Հովհաննիսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ