Օրերս քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված միջազգային փորձաքննության արդյունքները, ըստ որի առկա է շատ ցածր հավանականություն, որ Սևանի ու Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարի հանքավայրի շահագործումը որևէ բացասական ազդեցություն կունենանա, այլ կերպ ասած այս փորձաքննության արդյուքները մեխ են կառավարության համար որոշելու՝ «Լիդիան Արմենիան» կշարունակի իր գործունեությունը, թե` ոչ։
Նախ հիշեցնենք, որ հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել էր, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Շատերը կհիշեն ներկայիս իշխանության ներկայացուցիչներից քանիսի կողմից էին հնչում մեղադրանքներ նախկին իշխանության, ներկայիս «սևերի» հասցեին, թե Ամուլսարը դավադրությունների զոհ է դարձել, սակայն այսօր փակուղում է հայտնվել հենց նոր իշխանության առաջնորդ Փաշինյանը։ Փաստ է այն, որ «նորերը» հայտնվել են իրենց իսկ կողմից շինված լաբիրինթոսում։
Մի կողմ թողնելով այն պայթյունավտանգ իրավիճակը, որը ստեղծվել է փորձաքննության հրապարակումից հետո, անդրադառանանք հանրության արձագանքին:
Պարզվում է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ծավալված հանրային դժգոհությունը վարդեր ու ծաղիկներ էին, և ըմբոստության բուռն ալիք է սպասվում Ամուլսարի խնդրով։
Փաշինյանը, որ ժողովրդին հռչակել էր երկրի իրական տեր, որ «ասֆալտին փռելու» որոշումը կատարում էր միայն հանրահավաքների միջոցով, որ կառավարության առջև ամենամասնավոր բողոքների դեպքում իջնում և փորձում էր խնդրին լուծում տալ, այժմ խոսուափում է հանրության հետ առերեսվելուց, այն նույն Փաշինյանը, որ դպրոցում աշակերտական մակարդակով քաշքշուքի համար հասնում էր Չարենցավան, խուսանավում էր հանդիպել բնապահպանների, Ջերմուկի բնակիչների և առհասարակ Ամուլսարի խնդրով մտահոգների հետ, որոնք ակնկալելով իրենց հարցերի պատասխանը, սպասում էին Ջերմուկի հրապարկում վարչապետին, որն այդպես էլ չգնաց, ավելին , նա նաև չհանդիպեց կառավարության առջև նույն խնդրով բողոքի ցույց անողների հետ:
Նշենք, որ վերջին շրջանում առաջին դեպքը չէ, որ ժողովրդի վարչապետը ժամանակի «սղության» խուսափում է հանդիպել բողոքող քաղաքացիների հետ, այդպիսի դեպք եղավ նաև Իջևանում, երբ վարչապետի հետ «քայլածները» այդպես էլ սպասելով մնացին Փաշինյանին:
Կառավարության դուռը կոտրելու իրավունք ստացած ժողովուրդը մնում է կառավարության դռան մոտ սպասելով: Ստացվում է, որ հիմա վարչապետը մարդկանց հետ հանդիպելու, նրանց մեջ դուրս գալու առումով վերապահումներ ունի:
Ու թեպետև օգոստոսի 19-ին վարչապետը Ամուլսարի խնդրով շահագրգիռ անձանց հրավիրել է իր մոտ խորհրդակցության, բայց հիմնական մասնակիցների շարքում կամ քաղաքային ավագանին է կամ իշխանամերձ բնապահպանները:
«Ժողովրդի վարչապետը» ոչ միայն հասկացել է, այլ վերջին շրջանում ականատես եղել, որ մարդիկ էլ չեն ուզում մոտենալ ու վարչապետի հետ սելֆի անել, ոչ էլ գովել ու փառաբանել, այլ շատ կոնկրետ խնդիր ունեն, որն ուզում են լսելի դարձնել, կամ էլ շատ կոնկրետ իրենց տրված խոստում կա, և դրա չկատարման պատճառն են ուզում իմանալ:
Իսկ վարչապետի ականջները պարզվում է, հակառակ կարծիք լսելու խնդիր ունեն, կամ էլ պարզապես հարցերին պատասխաններ չկան:
Իսկ չկան, որովհետև մեկ տարի առաջ «Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 1200 աշտատողների աշխատանքը պարալիզացվեց սկզբից բնապահպանական հանրության կողմից, այնուհետ կասեցվեց կառավարության կողմից՝ պատճառաբանելով թե հնարավոր է փորձաքննությունները ոչ պատշաճ են իրականացվել: Սլաքները կրկին ուղղեցին դեպի նախկին իշխանությունները՝ ակնարկելով, թե հանքի շահագործումը կոռուպցիոն գործարք է եղել:
Մեկ տարի անց արդեն իրենց կողմից պատվիրված փորձաքննությունը, որը պետբյուջեի վրա նստեց մոտ 400 հազար ԵՎՐՈ, հաստատեց նախկինում արված եզրակացությունները:
Ստացվում է, որ եթե իրենց ակնարկներն էին սուտ և սխալ, ապա այսօր արդեն իրենք պետք է բացատրեն մեկ տարի առաջ խաբված ժողովրդին, որ իրենք իշխանություն չեն և ընդամենը պետք է ենթարկվեն պետության ստանձնած պարտավորություններին։
Իսկ պետությունը այսօր ներկայացնում են իրենք, լեգիտիմ և ժողովրդի վարչապետ Փաշինյանը և իր իմքայլական պատգամավորները, որոնց մի մասը նախկինում պայքարում էր այդ նույն հանքը շահագործելու դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը