19 08 2019

Օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում շինարարությունում

Օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում շինարարությունում

Անշարժ գույքի շուկայում աշխուժությունը սովորաբար ուղեկցվում է շինարարության ծավալների ավելացմամբ։ Ներկայումս Հայաստանում դա չկա՝ հակառակ այն բանի, որ 4 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին»։ Նրա հավաստմամբ, անշարժ գույքի շուկայում ակտիվությունը բերելու էր շինարարական «բում»-ին, որն այդպես էլ տեղի չի ունենում։ Հիմա էլ, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տվյալներ է հրապարակում անշարժ գույքի շուկայի ցուցանիշների վերաբրեյալ, բայց խուսափում է պարզաբանել, թե ինչ եղավ նախորդ անգամ խոստացած շինարարական բումը, որը պետք է որ արդեն սկսված լիներ։ Սակայն անգամ պաշտոնական վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ նման բում չկա եւ ոչինչ չի խոսում այն մասին, որ անգամ հիմա մենք դրա նախաշեմին ենք։։

Այս տարվա առաջին կիսամյակում շինարարության ծավալներն աճել են 4,7 տոկոսով։ Տարեսկզբից աճի տեմպի ցուցանիշն առանձնապես մեծ փոփոխություններ չեն կրել։ Այլ բան է, որ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին շինարարությունն աճել էր 23 տոկոսով, որը ապրիլ-մայիսյան հեղաշրջումից հետո նվազեց, բայց բարձր տեմպը գոնե առժամանակ պահպանվում էր՝ կիսամյակի արդյունքում աճը 13,5 տոկոս էր։ Այսինքն, ընդգծենք շինարարության աճի տեմպը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ նվազել է։

Այժմ գումարային ծավալների մասին՝ անցյալ տարվա առաջին կիսամյակում իրականացվել են գրեթե 128 մլրդ դրամի շինարարություն, այս տարվա առաջին կիսամյակում՝ 131 մլրդ դրամի։ 3 մլրդ դրամի շինարարության ծավալների աճը իսկապես որ չնչին է։ Ընդ որում, աճը պայմանավորված է բացառապես միջազգային վարկերի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի եւ բնակչության միջոցների հաշվին, որոնք ներկայիս կառավարության քաղաքականության հետ կապ չունեն։ Միջազգային վարկային նոր ծրագրեր չեն սկսվել՝ դրանք նախկինում սկսված ծրագրերն են, իսկ բնակչություն էլ շինարարությունն անում է իր կենսական հարցերը լուծելու համար։

Ինչ մնում է պետությանը, ապա պետական բյուջեից իրականացվող շինարարության ծավալները նվազել են՝ 1,2 տոկոսով։ Օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող շինարարության ծավալների կտրուկ՝ 19,8 տոկոսով անկումն էլ ամբողջությամբ արտացոլում է ներկայիս կառավարության քաղաքականությունը օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Կես տարում օտարերկրյա ներդրողները կատարել են ընդամենը 6 մլրդ դրամին մոտեցող շինարարություն, որը շինարարության ողջ ծավալի ընդամենը ․․․ 4 տոկոսն է։ Համեմատության համար բնակչության միջոցներով կատարված շինարարությունը մոտ 36 մլրդ դրամ է։

Ի՞նչ կարելի է ասել՝ «Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեկ» եւ մյուս ներդրողների նկատմամբ պետական ահաբեկումները չեն կարող հրապուրել նոր ներդրողներին՝ այդ թվում շինարարության ոլորտում։

Ի դեպ, մեկ անգամ եւս այն մասին, թե ի՞նչ է շինարարական բումը եւ երբ է այն եղել Հայաստանում։ Շինարարական բում Հայաստանում եղել է՝ 2000-2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ ողջ Հայաստանը վերածվել էր շինհրապարակի, մասնավոր, պետական ծրագրեր էին իրականացվում, խոշոր ներդրումներ էին կատարվում։ 2000 թ․-ին՝ մոտ 100 մլրդ դրամից՝ շինարարության ծավալները 2008 թ․-ին հասան 858 մլրդ դրամի՝ աճելով ավելի քան 8,5 անգամ։ Ընդ որում, այդ տարիներին շինարարության ծավալների մեջ էական դեր են կատարել մասնավոր ներդրումները, ինչը փաստում է այդ տարիներին ներդրողների նկատմամբ իշխանության քաղաքականության մասին։

Մի խոսքով, մնում է միայն կարեկցել շինարարական բում խոստացողին, միաժամանակ նշելով, որ դրա տեղի չունենալու գլխավոր մեղավորը ինքն է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ