ԱԺ իմքայլական խմբակցության անկուսակցական պատգամավորն է գրել, թե «որոշ թավշյա ակտիվիստներ դեռ չեն հասկացել` որ պետական պաշտոնյա են, չեն գիտակցել իրենց ստանձնած պատասխանատվությունը, չգիտեն` որ խոսելուց առաջ պետք է մտածել, չեն ընկալել` որ պետական պաշտոնյան ու ակտիվիստը տարբեր գործելաոճեր պիտի ունենան»։ Նա նաև արձանագրել է, որ պետական պաշտոնյա նշանակված ակտիվիստների ամենակարևոր նպատակը ինչպես եղել է «շատ լայք հավաքելը», այնպես էլ մնացել է։
Նույն անկուսակցական պատգամավորը, ով նաև տնտեսական հարցերի կարևորագույն հանձնաժողովի նախագահն է, հաստատել է, որ պետական պաշտոն ստացած ակտիվիստները «կիքսեր են բաց թողնում», նաև հնարում են «հիմար արդարացումներ» և «ծիծաղի առարկա» դառնում, բայց «չեն հասկանում», որ այդքանից հետո պետք է «ինքնակամ հեռանան»։ Նա նույնիսկ եզրահանգել է, թե` նման նախկին ակտիվիստներին պետք է «շատ արագ ազատել» պետական պաշտոնյայի պատասխանատվությունից։ Իսկ եզրահանգման հիմքում` ընդգծում, որ նմանները «մեղք են, չեն դիմանում, ցրված են դառնում, իրականության զգացումն ու անգամ անձնական իրերն են կորցնում»։ Դժվար է չհամաձայնվել, այդպես չէ՞։
Անմիջապես էլ նախկին գործընկեր պատգամավորին ուզում եմ հարցնել. եթե լսել է Փաշինյանի՛ ելույթները, ապա ինչպե՞ս է համոզվել, որ նա խոսելուց առաջ մտածում է, եթե հետևում է նրա՛ գործունեությանը, ապա ինչի՞ց է զգացել, որ նա գիտակցո՛ւմ է գործադիր իշխանության ղեկավարի պատասխանատվությունը և գիտի՛ լրագրող-խմբագրի ու վարչապետի գործելաոճերի տարբերությունը։ Եվ միթե՞ չի նկատել, որ Փաշինյանի համար պոպուլիզմ ու լայքերը ինչպես եղել են գլխավոր նպատակ, այնպես էլ մնացել են։
Անհնարին է, որ իր գործընկերների վարքն ու բարքը աննախադեպ օբյեկտիվ հայացքով դիտարկած ու գնահատած պատգամավորն արձանագրած չլինի նաև Փաշինյանի հիմնականում «կիքսերից» բաղկացած ելույթները և անխուսափելիորեն հաջորդող «հիմար արդարացումները», որոնք ո՛չ միայն իրեն, այլ նաև մեր երկիրն են «ծիծաղի առարկա» դարձնում ո՛չ միայն ներքին լսարանում, այլ նաև արտաքին ու միջազգային հարթակներում, պաշտոնակիցների հետ շփումներում ու բանակցային ֆորմատներում։ Հավատացած եմ, որ անկուսակցական պատգամավորի անաչառ լայնախոհությունն ու շրջահայաց այլաբանությունը հիմքում բացի հումանիզմից ունի նաև «կուժ քեզ եմ ասում` կուլա դու լսիր» իմաստը։
Հետևաբար կարելի է եզրակացնել, որ տնտեսագետ պատգամավորը բնավ չի ուզում գնահատել կուսակցական, քաղաքական, դատաիրավական ու անմիջապես իրեն չառնչվող այլ ոլորտներում ակտիվիստական միջամտությունների հետևանքով առաջացած կործանիչ քաոսը, բայց ինչ-որ կերպ ցանկանում է ասել, որ երկրի ողջ տնտեսությունը ոչնչացված է` ի հակառակ վիճակագրական նկարչության։ Ակներև ուզում է հասկացնել, որ այդքանից հետո թավշյա վարչապետը «պետք է ինքնակամ հեռանա»։
Անհերքելի է, որ սորասական և տարաբնույթ լուսանցքային ակտիվիստներին հենց Փաշինյանն է դարձրել պետական պաշտոնյա ու պատգամավոր։ Բացահայտ է, որ Փաշինյանը 15 ամիսներին կորցրել է ոչ միայն իր նկատմամբ վստահությունը, աշխարհաքաղաքական դաշնակիցներին ու գործընկերներին, համայն Սփյուռքի աջակցությունը, արտաքին ներդրումների հեռանկարը, այլ նաև երբևէ չունեցած կախարդական փայտիկը, բազում պետական գաղտնի փաստաթղթեր, օրենքներին ու սահմանադրությանը համաձայն կառավարելու կամքը։ Ձեռք է բերել ստախոսի համբավ, ամենուր քաոս ու պառակտում տարածողի համարում, թշնամու հետ ժողովրդի թիկունքում գաղտնի բանակցողի, ազգի հերոսներին ապօրինի կալանողի ու քաղաքական ախոյանի դեմ քաղաքական հաշվեհարդար պատվիրողի, Արցախ թավշյա-սորոսյան հեղաշրջում արտահանողի պիտակ։
Իրոք նա «մեղք է, չի դիմանում, ցրված է դարձել, կորցրել է իրականության զգացումն» ու անգամ ինքն իրեն։ Իրոք նրան անհրաժեշտ է «շատ արագ ազատել» վարչապետի պատասխանատվությունից։ Իրոք ժամանակն է, որ երկրի ղեկն ստանձնեն այն մարդիկ, ովքեր արդեն հաստատել են, որ կարող են սիրով ու հասկանալով պետություն ղեկավարել։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը