Միանգամայն բնական է, որ քաղաքացին չսիրի պետության ղեկավարին, դժգոհի կառավարության ու ցանկացած այլ պետական հիմնարկի աշխատանքից, քննադատի յուրաքանչյուր պաշտոնյայի ու պահանջի` ավելի լավ աշխատել։ Այս ամենը նշանակում է, որ քաղաքացին ավելին է սպասում պետության ղեկավարից ու գիտի, հավատացած է, որ նա կարո՛ղ է արդարացնել իր հույսերը։ Իսկ երբ այս ամենը չկա, նշանակում է` քաղաքացին գիտի, հավատացած է, որ պետության ղեկավարն իր տեղում չէ, իր դերում չի կարողանում լինել, ու նրանից ոչ մի սպասելիք չունի։
Գյումրեցի տիկին Մարիամն, ըստ էության, համարձակվեց անել այն, ինչ այսօր ուզում է անել յուրաքանչյուր քաղաքացի` Փաշինյանին էկրանին կամ այլ կերպ տեսնելու, նրա ձայնը լսելու, նրա մասին որևէ հիշատակման պահին։
Վարչապետի նկատմամբ ժողովրդի մերժողական վերաբերմունքի վերը նշված պատճառներն, ինչպես տեսանք, բացառապես բարոյական են։ Թեև նրան մերժելու համար կան շատ ավելի ծանրակշիռ իրավական պատճառներ։ Ո՞վ կուզի ապրել ո՛չ իրավական, անօրեն երկրում, որտեղ գլխավոր օրինախախտը երկրի ղեկավարն է հենց։ Ոչ ոք չի կարող ապրել մի պետությունում, որի բոլոր դատավորները ծայրահեղ ծացր վարկանիշ ու արժանապատվությունից զուրկ արմենդանիելյաններ են։
Որևէ ադեկվատ քաղաքացի, գործարար, մասնագետ, պաշտոնյա ինքնին չի կարող համակերպվել իրողությանը, երբ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքար է հռչակում, բայց կոռուպցիայով համալրում է իր ընտանեկան հիմնադրամները, հովանավորչությամբ պետական պաշտոններ ու մենաշնորհներ է բաշխում, ստելով, կեղծիքով, շանտաժով, հետո նաև ռեպրեսիայով ու կաշառքով դատաիրավական ողջ համակարգն ու Սահմանադրական դատարանը յուրացնելու գրոհ է ձեռնարկում։
Ժողովուրդը պետության ղեկավարից այսպես հուսահատված, անտարբեր ու մերժողական է եղել մեկ էլ 1996-ի նախագահական ընտրություներից հետո` երբ պարտված Լևոն Տեր-Պետրոսյանը և թիմը բռնի ուժով զավթեց իշխանությունը և հայտարարեց, որ իրեն ժողովրդի ընտրությունը չի հետաքրքրում։ Եվ անմիջապես էլ կորցրեց ժողովրդի, հետո յուրայինների, ապա նաև` մերձավոր զինակիցների հետաքրքրությունն իր նկատմամբ։ Հիմա նույնչափ անհետաքրքիր է դարձել Փաշինյանը։ Ժողովուրդը դարձյալ տեսնում ու գիտակցում է, թե ինչպիսի կործանարար հետևանքներ կարող է ունենալ անխոհեմ, չգիտակցված, էյֆորիկ, առանց այլընտրանք, կեղծված, օտարի թելադրած ընտրությունը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը