09 08 2019

14,4 տոկոս և 12,8 տոկոս․ Զբոսաշրջության հակասական ցուցանիշները

14,4 տոկոս և 12,8 տոկոս․ Զբոսաշրջության հակասական ցուցանիշները

Դատելով արձակուրդային և հետարձակուրդային շրջանում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների հաճախականությունից, տպավորություն է ստեղծվում, որ դա նրա գլխավոր, եթե ոչ միակ զբաղմունք է։ Ընդ որում, նա այնքան է տարվել այդ գրառումներով, որ սկսել է մոռանալ նախկին գրառումները և դրանցում իր իսկ հրապարակած տվյալները։ Այսպես, այս տարվա հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում»։

Օգոստոսի 8-ի գրառման մեջ էլ նա մասնավորապես հետևյալն է ասել․

«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»:

Թե ինչպես է պատահել, որ 14,4 տոկոսը «հանկարծ» դարձել է 12,8 տոկոս, թերևս միայն գրառման հեղինակին և վիճակագրական կոմիտեին է հայտնի։ Սակայն, փաստ է, որ թե մեկը, թե մյուսը ստել են։

Ի դեպ, վիճակագրական կոմիտեի մասին։ Մեր բոլորիս հարկերի հաշվին գործող այդ պետական կառույցը վերածվել է Նիկոլ Փաշինյանին անձնական ծառայություններ մատուցող մարմնի։ Այլապես, ինչպե՞ս է պատահում, որ վիճակագրական տվյալները հրապարակվելուց առնվազն 20 օր առաջ դրանք հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի էջում։ Ո՞ր օրենքով է սահմանված այդ բացառիկ իրավունքը, կամ եթե տվյալները հայտնի են հուլիսի 16-ին, ինչո՞ւ են հասանելի դառնում բոլորի համար միայն օգոստոսի 5-ին։ Սակայն վերադառնանք զբոսաշրջության ցուցանիշներին։

Նախ՝ նկատենք, որ «ժողովրդի» վարչապետը այլևս չի խոսում զբոսաշրջության «բումի» մասին։ Դա հասկանալի է, ի՞նչ «բում», եթե նախորդ տարիներին՝ 2016-ին, 2017-ին և 2018-ի առաջին եռամսյակում, այսինքն մինչ «թավշյա» իշխանության հաստատումը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճն անհամեմատ ավելի բարձր տեմպ է ունեցել, ինչին անդրադարձել ենք նախկին հրապարակումներից մեկում (https://yerevan.today/heghinak/33026/hayastan-aycelogh-zbosashrjikneri-achi-tempy-nvazel-e):

Երկրորդ՝ 12,8 տոկոս աճն էապես ցածր տեմպ է նախորդ տարիների աճի համեմատ։ Օրինակ 2017 թ․-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվն Հայաստանում ավելացել էր 24,2 տոկոսով կամ ավելի քան 121 հազարով ավելի 2016 թ․-ի առաջին կիսամյակի համեմատ։

2018 թ․-ը ևս սկսվել էր զբոսաշրջության սրընթաց աճով։ Մասնավորապես, առաջին երեք ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկնեի թիվն աճել էր 16,1 տոկոսով, բայց ապրիլ-հուլիսին, «սիրո և հանդուրժողականության» թյուրիմացության հետևանքով զբոսաշրջիկների թիվը նվազեց 2 տոկոսով։ Հակառակ հեղափոխական առաջնորդի՝ միայն իրեն հայտնի տրամաբանության, զբոսաշրջիկների ուշքը չէր գնում հանգստանալու գալ մի երկիր, որը ցնցվում է ներսից, որտեղ հեղափոխականների կողմից փակված փողոցների պատճառով օդանավակայանից չես կարող հասնել հյուրանոց կամ հյուրանոցից որևէ տեսարժան վայր՝ մայրաքաղաքում կամ դրանից դուրս։

Երրորդ՝ հայտնի է, որ մեր երկիր հիմնական զբոսաշրջային հոսքերը գալիս են երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից։ Իրանից այս տարի հոսքը կտրուկ կրճատվել էր այդ երկրի տնտեսական կացության պատճառով։

Ռուսաստանից այդ հոսքի ավելացման մեջ էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդհանրապես որևէ ներդրում չունի, քանի որ նախկին կառավարության որոք ընդունված որոշումից հետո, ըստ որի Ռուսաստանից զբոսաշրջիկներ Հայաստան կարող են գալ նաև առանց արտասահմանյան անձնագրերի, հոսքն ավելացավ և այդ որոշման արդյունքը շարունակվում է զգացնել տալ մինչ օրս։ Հետևաբար, 12,8 տոկոս աճը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից զբոսաշրջիկների 19 տոկոս աճով։ Այն թերևս ավելին կլիներ, եթե տեղի չունենային անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերը Հայաստանում։

Եվ վերջապես, հպարտանալ սեփական ջանքերով հասցված վնասից հետո վերականգնվող գործընթացով, որի մեջ դու որևէ ներդրում չունես, մեղմ ասած բարոյական չէ։ Սակայն, դա թերևս ներկայիս իշխանության բնորոշ է։ Բարոյական չես դառնում ֆեյբուքյան էջում բարոյախրատական քարոզներ տալով, հատկապես որ նման քարոզների համար բարոյական իրավունք չունես։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ