Երբ մեկ տարի առաջ հեղափոխական էյֆորիայի օրերին «հպարտ» և ուղեղները անջատած մարդկանց ասում էին, որ իրենց անիրատեսական խոստումներ են տալիս և խաբում են, նրանցից ոմանք հակադարձում էին, թե՝ «եթե չկատարի, իրեն էլ կհեռացնենք իշխանությունից»։ Ի՞նչ իմանային այդ դժբախտները, որ իրենք երբեք չեն «տեսնի» այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, բայց չի անում, որ իրենք հետագայում մոռանալու են այդ խոստումները, նույն բութ համառության կրկնելու դրանց չիրականանալու՝ «ժողովրդի» վարչապետի հերթական արդարացումները, հայհոյելու «Նիկոլին խանգարող» հայտարարված հին ու նոր «մեղավորներին», աչքերը փակելու օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակի, ազգային և բարոյական արժեքների ոչնչացման, երկրին հասցվող ցնցումների նկատմամբ, մեկ տարուց ավելի նույն կուրությամբ հավատալու թիվ 1 «դուխով» գլխարկ կրողի արտահայտած յուրաքանչյուր անհեթեթությանը։
Ստեփանակերտում ունեցած ելույթում «Մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները» հերթական անհեթեթությունը լսելիս, անցած տարվա ապրիլ-մայիսին փողոցներում ու հրապարակներում գոռում գոչյուններով շրջող և «հպարտ» քաղաքացիները, բնականաբար, չհիշեցին ո՛չ Նիկոլ Փաշինյանի ոչինչ չասող և թվեր չսիրող կառավարության ծրագիրը, ո՛չ «կախարդական» փայտիկի գոյություն չունեցող «զորությունը», ոչ շինարարական և զբոսաշրջային «բում»-երը, ո՛չ «տնտեսության լավ տրամադրությունը», իսկ նրանցից մոտ 10 հազարը (կեղծ և իրական օգտատերերը միասին վերցված) իրենց «փառավոր» հավանությունը դրեցին Նիկոլ Փաշինյանի էջում տեղադրված այդ «նպատակադրումերի» տակ։
Հիշեցնենք սոցիալ-տնտեսական կացությանը վերաբերվող այդ «նպատակները»․ «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի»:
Այն, որ սրանք ոչ այլ ինչ են, քան դատարկ հայտարարություններ, այնքան է ասվել և գրվել թերևս ավելորդ անգամ չարժե անդրադառնալ։ Ընդ որում, անիրատեսական են ոչ այնքան նպատակները, որքան այն, որ այդ նպատակների մասին է խոսում իր կառավաման ամեն օրոք մեր երկրին և ժողովրդին դրանցից հեռացնող մարդը։ Այսինքն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկին, ոչ միայն այդ նպատակները անհասանելի են, այլև ներկայիս կացությունը պահպանելն է վտանգի տակ։
Երկրորդը, Հայաստանի Հանրապետության գոյության 28 տարիների ընթացքում եղել է այդպիսի ժամանակաշրջանի, երբ շատ ավելի կարճ ժամկետում՝ 8-10 տարում անգամներով ավելացել են և աշխատավարձերը և աշխատատեղերը, և համախառն ներքին արդյունքը, և զբոսաշրջիկների թիվը, զարգացել արդյունաբերությունը, կրճատվել աղքատությունը։ Դրանք 2000-ական թվականներն էին՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։
Այսպես, 1998-2008 թվականներին երկրի տնտեսությունը՝ համախառն ներքին արդյունքը (դոլարային արտահայտությամբ) տասնապատկվեց, մեկ շնչին ընկնող միջին եկամուտը՝ իննապատկվեց, ստեղծվեցին և գործարկվեցին սննդարդյունաբերության, խմիչքների, ոսկերչության և ադամանդագործության, հանքարդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, լայնածավալ շինարարություն սկսվեց ամբողջ երկրում, ստեղծվեցին հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր (մինչ այդ՝ 1992-1994 թվականներին, ՀԲ գնատատմամբ մոտ 600 հազար աշխատատեղ էր փակվել), գործազրկության մակարդակը 90-ականների վերջին ավելի քան 50 տոկոսից 2008-ին իջավ մինչև 16,4 տոկոս, աղքատության մակարդակը 1999-ի 56 տոկոսից 2008-ին իջավ մինչև 23,5 տոկոս, Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին տարեկան աճը 2000-ականներին կազմել է 25 տոկոս և եթե 2001-ին Հայաստանում քրիստոնեության ընդունման տարում խնդիր էր դրվել հասնել 100 հազար զբոսաշրջիկ ցուցանիշին, ապա 2008-ին այդ ցուցանիշը կազմել էր 558 հազար մարդ։ 2000-ականների առայժմ նախադեպը չունեցող տնտեսական հաջողությունների շարքը կարելի է շարունակել, սակայն սահմանափակվենք այսքանով, փաստելով, որ դա տեղի է ունեցել երկրի արդյունավետ կառավարման շնորհիվ, ինչը չես ասի ներկայիս կառավարման մասին։
Այն, որ 2050 թվականի «նպատակադրումները» «հպարտ» քաղաքացիներին հերթական դոզայի չափաբաժինն են և ոչ ավելին, փաստում է նաև իշխանական քարոզիչներից մեկի՝ իմքայլական պատգամավորի, եթե կարելի է ասել, հիմնավորումը։ Որպես Նիկոլ Փաշինյանի ասվածի իբր իրատեսական լինելու վկայություն, նա բերում է երկու «փաստ», շատ նման իր շեֆի 100 փաստերին։ Առաջին՝ Իսրայելի բնակչության անգամներով աճը անցած տասնմյակներում զանգվածային նևրգաղթի շնորհիվ և երկրորդ՝ Հայաստանում 2018 թ․-ին գրանցված իբր թե արտագաղթին գերազանցող ներգաղթի ցուցանիշը։ Այս «հիմնավորումներին» բացի հումորով վերաբերվելուց այլ կերպ վարվել չի կարելի։ Ինչո՞ւ։
Համեմատել Նիկոլ Փաշինյանին Իսրայել պետության ղեկավարներից որևէ մեկի հետ, պարզապես մանկամտություն է, հետևւաբար ակնկալել նույն արդյունքները՝ նույնպես, չխոսելով արդեն Իսրայելի և հրեաների հնարավորությունների և Հայաստանի ու հայերի հնարավորությունների անհամեմատելի լինելու մասին։ Ինչ մնում է 2018 թ․-ին Հայաստանում իբր ներգաղթին, ապա այստեղ իմքայլական պատգամավորը հավատարիմ է իր վարչապետի մեթոդին՝ գեբելսյան քարոզչության հայտնի լոզունգին՝ «երբ սուտը հաճախ է կրկնվում, ընդունվում է ճշմարտության տեղ»։ Սակայն, չենք հոգնի ճշմարտությունը ասել, որպեսզի սուտը չընդունվի որպես ճշմարտություն։
2018 թ․-ին ՀՀ քաղաքացիների արտագաղթը շարունակել է գերազանցել ներգաղթը՝ բացասական տարբերությունը կազմել է 4588 մարդ։ Այլ բան է, որ Հայաստան ներգաղթող հնդիկ միգրանտների թիվը ներկայիս իշխանությունը ներկայացնում է որպես ներգաղթի դրական ցուցանիշ և դրա շնորհիվ ցանկանում Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 մլն-ի։ Սրանք էլ՝ փաշինյանական «նպատակադրումներին» նույնքան հիմնազուրկ «փաստերը»։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը