Այն ժամանակ, երբ արձակուրդում վարչապետն ընտանիքով վայելում է «երբեմնի կյանքի հաճույքները», լողում է Սևանի պետական ամառանոցի լողավազանում, միայնակ խաշած եգիպտացորեն է ուտում, ժողովրդին հայտնում է, որ իր համար արդեն «ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց»` որից մտադիր է «օգտվել ցանկացած պահի», երկրում և նրա շուրջ շատ ավելի լուրջ ու կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։ Արդեն վաղուց Փաշինյանի լայվերն ու ֆբ-ային գրառումները սպառում չունեն, մինչդեռ բուռն քննարկումների, վերլուծության նյութ և իրադարձություն է դառնում Արցախի հերոս, Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող յուրաքանչյուր դեպք ու զարգացում։
Հուլիսի վերջին ներքաղաքական, իրավական, հասարակական միջավայրում և ժողովրդի մեջ քնարկվում էր նախագահ Քոչարյանին կալանքից ազատած, ջուր քրգործը կասեցրած և առաջադրված ամբաստանության սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ սկսված բացահայտ քաղաքական հետապնդման, այս համատեքստում Սահմանադրական դատարանի, ՍԴ նախագահի, դատարանների ու դատավորների նկատմամբ իրագործվող հակաօրինական տոտալ ճնշումների և այս պատճառով Վենետիկի հ/ժ-ի հնչեցրած կոշտ գնահատանների թեմաները։
Բոլորը գիտակցում են, որ օրվա վարչապետն սպառել է իր ժամանակը, զբոսայգիներում, փողոցում ու անգամ քաղաքային տրանսպորտում զրուցող կամ բանավիճող մարդիկ միանշանակ մերժում են Փաշինյանով պայմանավորված որևէ հեռանկար և բուռն քննարկում են քաղաքական վրեժի նկրտումով հանիրավի կալանված նախագահ Քոչարյանի՝ օրերս բանտից տված հարցազրույցը։ Ժողովուրդը ոգևորված է, որ կա՛ մեկը, ով գիտի, թե ինչ է պետք անել թավշյա ու դրան նախորդած շրջանի սխալներն ուղղելու համար, խանդավառված է, որ կա՛ իրազեկ, փորձառու, պատրաստակամ ու կարող մեկը, ով մերժում է պոպուլիզմն ու դիլետանտությունը և միանշանակ գիտի, որ առկա մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են գերջանքեր, գերկազմակերպվածություն, գերկոմպետենտություն։
Ժողովուրդը անցած 15 ամիսներին իր մաշկի վրա է զգացել` ինչ է նշանակում ունենալ անփորձ, անիրազեկ, դիլետանտ, անգործության մատնված իշխանություն, և նախագահ Քոչարյանի պնդումը, որ անհրաժեշտ է «կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ», ընկալում է որպես` երկրի առողջացման պատասխանատվությունն ստանձնելու, այս բեռը դարձյալ կրելու միջոցով հայոց բազկի ու մտքի ամենակարողությունը դարձյալ ապացուցելու պատրաստականություն։
Նախագահ Քոչարյանը թեև հանիրավի կալանված է, բայց անազատության մեջ էլ ապացուցում է իր կազմակերպչական ու կառավարման հմտությունները, տեղի ունեցող իրադարձությունների իմաստն ու նշանակությունը համարժեք հասկանալու, հնարավոր հետևանքներն ու արդյունքները ճշգրիտ հաշվարկելու, հետագա զարգացումները տարբերակային ու իրավիճակային նրբություններով հանդերձ կանխատեսելու իրազեկ կարողությունը։ Եվ երբ նա շեշտում է, որ «իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա։ Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը», ըստ էության նաև նախանշում է առաջիկա զարգացումների միանշանակ ընթացքը և ժողովրդի տրամադրությունները։
Քաղաքական բուռն զարգացումներն առջևում են, և յուրաքանչյուրիս խնդիրն այլևս էյֆորիկ սխալականությունից հրաժարվելն է։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը