30 07 2019

Կոնսենսուս մինուս մեկը կվերացնի բոլոր մինուսները

Կոնսենսուս մինուս մեկը կվերացնի բոլոր մինուսները

Մեկ տարի առաջ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Արժեքներն սկսեցին արժեզրկվել աննախադեպ արագությամբ։ Գործադիր և օրենսդիր իշխանությունը ծառայեցվեց մարդկանց մեկ խմբի քաղաքական վրեժը լուծելու նպատակին։ Տոտալ ոտնահարվեցին օրենքներն ու սահմանադրությունը։ Սահմանվեց ամեն առողջն ու նորմալը ոչնչացնելու անցումային անարդարության դիկտատուրա։ Անձնական շահն ու նկրտումն իրագործելու բոլոր խոչընդոտները վերացնելու համար յուրացվում է դատական իշխանությունը։ Անտեսվում են միջազգային պարտավորություններն ու համամարդկային բարոյականությունը։ Սոցիալական ու հանրային կյանքի նորմ է դարձել և պետականորեն խրախուսվում է կեղծ մատնությունը, սուտը, թշնամանքը, պառակտումը։

Երկիրը դադարել է լինել իրավական ու սոցիալական պետություն։ Կորսվում է ինքնիշխանությունը և պետության նկատմամբ միջազգային վստահությունը։ Ամեն լուսանցքայինը և ծայրահեղականը վերածվել է իշխող փոքրամասնության։ Դժգոհ մեծամասնությանը վախեցնում, լռեցնում, խաբում են մանիպուլյացիաներով, ստով, պոպուլիզմով, շանտաժով, զանգվածային ռեպրեսիաներով։ Այլախոհությունն ու ազատ խոսքը արգելված են և հետապնդվում են։ Ժողովրդավարությունը դարձել է նմանակեղծում` իմիտացիա։ Նոր Հայաստան կերտելու խոստումները մոռացվել են։ Ռեժիմի բոլոր ջանքերը վերածվել են քաոսը, ապականումը, ոչնչացումը, օտարումը կանխելուն ընդունակ և կարող միակ անձի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրագործելու համակարգային օրինազանցության։

Որևէ մեկը եթե դժնդակ երազ տեսներ Հայոց պետականության կործանման մասին, ապա այդ երազում կլիներ և՛ թավշյա իշխանափոխությունը, և՛ օտարածին ու հակազգային բոլոր էքսպերեմենտները, որոնք իրական կյանքում մեկ տարուց ավելի է` ժողովրդի վրա փորձարկում է երկրի ղեկն ստացած պատահական, անիրազեկ ու անփորձ փորձարարը։ Պետության սոցիալական, հասարակական, ներքաղաքական ու իրավական կյանքի և արտաքին քաղաքականության առանցքը Արցախի հերոս, Արցախի I և Հայաստանի II նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ միայն նրան ազատությունից զրկելու, երկիրն անպաշպան դարձնելու, ժողովրդին բարոյազրկելու միջոցով հնարավոր կդառնա իրագործել հայոց պետականությունները ոչնչացնելու` դրսից թելադրված թավշյա նկրտումը։

Անցած մեկ տարվա ընթացքում օրենքի և սահմանադրության ոտնահարմամբ իրագործվող քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակն այլևս պարզ են և՛ ադեկվատությունն ու առողջ դատողությունը չկորցրած ներքաղաքական ուժերին, և՛ թավշյա ռեժիմի դժգույն դեմքը տեսած ժողովրդին, և՛ միջազգային կառույցներին, և՛ աշխարհաքաղաքակա կենտրոններին, և՛ մեր հարևաններին ու թշնամիներին։ Չի՛ կարող ժողովրդական ու ժողովրդավար լինել ժողովրդի անունից, բայց ժողովրդի դեմ գործող, հայոց պետականությունը ոչնչացնող ռեժիմը, որին համապետական միակ ընտրություններում սխալմամբ, խաբված ու մոլորված լինելով` քվե է տվել ժողովրդի միայն 34,25%-ը, երբ ժողովրդի 52%-ը չի վստահել թավշյա ռեժիմին ու չի մասնակվել նրա պարտադրած թելադրանքով ընտրությանը, երբ ժողովրդի 65,75%-ը փաստացի դեմ է քվեարկել ինքնակոչերին։

Հենց այս ճշմարտության, բոլորին տեսանելի իրողության հիմքի վրա իր վերջին կալանավորումից առաջ տված հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսեց. «էյֆորիան տեղը զիջում է իրականության սթափ գնահատականին։ Անփորձ ու տեսակով դասալիք իշխանությունների դեմ կա օրեցօր ավելացող դժգոհություն։ Փաշինյանը մենակ է մնացել։ Անգամ նրա թիմում լուրջ ճեղքեր կան։ Ձևավորվում է կոնսենսուս՝ մինուս մեկ ձևաչափով: Ես հաստատ լինելու եմ այս դաշտում, հակառակորդն եմ լինելու այս իշխանությանը։ «Կոնսենսուս մինուս մեկն» այն բանաձևն է, որն ունի ձև ու բովանդակություն։ Ձևը վերաբերում է այս իշխանության դեմքին և տեսակին այլ տեսակ հակադրելուն, բովանդակությունը՝ Հայաստանի ու Արցախի զարգացման տեսլական ներկայացնելուն։ Մեկնարկը տրված է»։

Հատկապես վերջին օրինազանց ու հիմնազուրկ կալանավորումից` հունիսի 25-ից հետո նախագահ Քոչարյանի վարկանիշն անշեղորեն ու շեշտակի աճում է։ Մինչդեռ թավշյա վարչապետը կորցնում է ժողովրդի վստահության վերջին ծվենները, մեկուսանում է ու ամեն հաջորդ արարքով ցույց տալիս իրեն համակած վախը, պատժի անխուսափելիության գիտակցումը, իշխանությունը բիրտ ուժով ու սահմանադրական կարգի տոտալ տապալմամբ պահպանելու ձգտումը։ Այսինքն. «Կոնսենսուս մինուս մեկ» քաղաքական բանաձևը ո՛չ միայն ապացուցում է իր արդյունավետությունը, այլ արդեն էականորեն փոխում է ներքաղաքական միջավայն ու վիճակը։

Չի կարող ժողովրդական ցասում չառաջացնել մի ռեժիմ, որն իր քաղաքական հակառակորդից վրեժ է լուծում անգամ նրա «Կյանք և Ազատություն» գրքի գովազդելը պետականորեն արգելելու միջոցով։ Որ դա վրեժ է, ապացուցում է հիմնավորման բացակայությունը։ Գրքի ու հեղինակի նկատմամբ վայրագությունը մեջնադարյան ինկվիզիցիայի ու ֆաշիստական ռեժիմի յուրահատկությունն է։ Դատական վերջին նիստին նախագահ Քոչարյանի «մեկ տարի է՝ ոտնահարում են իմ իրավունքները, ոտնահարում են լկտի ձևով» շեշտադրումը հենց այս իրողության բնութագիրն է։ Դրա քաղաքական ու քաղաքացիական արձագանքն է երկրի անվտանգությանն ու ապագային սպառնացող վտանգների մասին 7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որն օրվա ռեժիմի օրոք աննախադեպ ու ազդու քայլ է։    

Անհրաժեշտորեն փոխել է պետք լեգիտիմությունը կորցրած ռեժիմը, որի քաղաքական միտքն իջել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում գորգ լվալու ունայնության և Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու վտանգավորության աստիճանի, որի իրավական գիտակցությունը թույլ է տալիս` կամայական որոշմամբ կասեցնել սահմանադրական ու օրինական վճիռ կայացնելու և քաղաքական պատվեր կատարելուց հրաժարվելու արժանապատվություն ունեցող դատավորի լիազորությունները, որի արդարության չափանիշ է դարձել թելադրված որոշումներ դակող ամենացածր մասնագիտական վարկանիշ ունեցող դատավորը, որն անտեսում է Վենետիկի հ/ժ-ի, ՄԻԵԴ-ի, ԵՄ-ի խորհուրդներն ու գնահատականները, որը ճնշումներ է գործադրում դատական բարձրագույն ատյանի` Սահմանադրական դատարանի ու դատավորների նկատմամբ։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ