Արդեն մեկ տարի է, ինչ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ «Մարտի 1-ի» գործի քննության անվան տակ: Եթե կային կասկածներ, որ ԼՂՀ առաջին ու ՀՀ երկրորդ նախագահի դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղկառը («հեղափոխական կառավարությունը») քաղաքական հետապնդում է իրականացնում, ապա նույն այդ հեղկառը վերջին ամիսներին փարատեց նաև այդ կասկածները:
Ինչու է Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ:
Առաջին՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին (1998-2008թթ.) պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղակիորեն բխում էին իր պաշտոնական լիազորություններից ու պարտականություններից: Նա մեղադրվում է, օրինակ, սահմանադրական կարգը տապալելու համար, ինչն իբր իրականացրել է 2008 թվականի մարտի 1-ին Արտակարգ դրություն մտցնելով: Նախագահը, որ պարտավորություն ունի պահպանել սահմանադրական կարգը, իրականում քայլեր է ձեռնարկել սահմանադրական կարգը պահպանելու համար, այն բանից հետո, երբ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա լիազորած ներկայացուցիչները, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ին հրահրում ու խրախուսում էին Երևանի կենտրոնում զանգվածային անկարգություններն ու զանազան առարկաներով զինված, բարիկադավորված անձանց բազմության ակտիվ ու հարձակողական դիմադրությունը իրավապահ ուժերին:
Երկրորդ՝ պետության նախկին ղեկավարին քրեական մեղադրանքներ ներկայացնելն ու քրեական հետապնդման ենթարկելը հազվադեպ երևույթ է, հատկապես եվրոպական ժամանակակից քաղաքական իրականության ու վերջին տասնամյակների կտրվածքով: Եվ ցանկացած դեպքում, երբ պետության նախկին ղեկավարի մեղադրանք է ներկայացվում, ապա այն պետք է լինի իրավական տեսանկյունից անթերի ու անխոցելի, ապացուցողական բազայով անվերապահորեն համոզիչ, այնպիսի հիմքերով ու ապացույցներով, որ «քար են ծակում»: Ահա այդ բոլոր կոմպոնենտները բացակայում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող հետապնդման կոնկրետ օրինակում: Նախ՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքը հիմնված է քր.օր.-ի այնպիսի հոդվածի վրա, որը անգամ իրավաբանների մոտ հարցեր է առաջացնում, հասկանալի չէ թե ինչ նկատի ունի, չի կարող հետադարձ ուժ ունենալ և այս ամենը ինքնին արդեն վիճարկելի է: Եվ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները բացարձակապես հիմնավոր են այս հարցում: Դրանից բացի, բանսարկության և «գործ սարքելու» տպավորությունն ուժեղացնում են Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը նոր դետալներով ծանրաբեռնելու ուղղությամբ իշխանության հուսահատ ճիգերը. խոսքը հայտնի գործարարուհու կողմից կաշառք տալու զավեշտական հայտարարության մասին է: Այդ գործարարուհու «կաշառատվության» խաղաքարտն այնքան է չարաշահվել, որ դա սարկազմի ու ծաղրի առարկա է դարձել շատերի կողմից, որոնք նշում են, որ նա ՀՔԾ-ի «հաստիքային» կամ պահեստային փաստարկն է: Այն իմաստով, որ իշխանության մատնանշած որևէ անձի հետապնդելու եթե ուրիշ պատրվակ չգտնվի, ապա կաշառք տալու մասին նշված գործարարուհու հայտարարություն տալը՝ կա ու կա:
Երրորդ՝ եթե վերաբացված կամ նորացված «Մարտի 1-ի» գործով իսկապես բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվեր, ինչը օրենքի գերակա պահանջն է, ապա պետք է առաջինը գնահատական տրվեին նախ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Վերջիվերջո, նրանց գործողություններն էին, որ ուղղված էին գործող սահմանադրական կարգը տապալելուն, հանգեցրեցին զանգվածային անկարգությունների և դրանց տարածքում հայտնված 8 անձանց և Ներքին զորքերի երկու ծառայողի մահվան (սպանության) պատճառ դարձան: Սակայն քննությունը ձևականորեն միայն Տեր-Պետրոսյանին է հարցաքննել, գուցե նաև Փաշինյանին, որը 10 տարի առաջ արդեն մի փուլ «անցել է», ի դեպ, նույն գործով: Նաև դատապարտվել է Նիկոլ Փաշինյանը, իրավական առումով դատաճվիռն օրինական ուժի մեջ է մտել և նա մեկ տարուց ավելի բանտում անցկացրեց, ըստ որում, ազատության մեջ հայտնվեց այդ թվում իր նկատմամբ համաներում կիրառելու հետևանքով, 2011թ մայիսին:
Չորրորդ. Իրեն ներկայացված մեղադրանքներին գուցե ամենադիպուկ գնահատականը տվել է հենց Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, որ իրեն «նշանակել են մեղավոր» իսկ գործը «իրավական աղբ» է: Այդ գործը ջուր է, ինչպես նշել են դատավորները, որոնց ներկայիս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները բացահայտ ահաբեկում ու ակտիվ «զանգում» են: Այդ գործը քաղաքական կեղտաջուր է: Նպատակներից շատերն էլ սկզբից ևեթ տեսանելի են՝ փողոցից իշխանության հասած Նիկոլ Փաշինյանի (նաև՝ժամանակին նրա ներկայացրած ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի) անձնական վերժխնդրություն և հաշվեհարդար, նաև՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր քաղաքական ուժեղ ֆիգուրի, ընդդիմադիր դարձած ուժերը կոնսոլիդացնելու հավանական ֆակտորի մեկուսացում: Եվ ամենից մտահոգիչը՝ Արցախի հերոս, պատերազմում հաղթած Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացում, Արցախի ազատամարտի դերի ու հիմնական դերակատարների անվանարկում և նվաստացում՝ «խաղաղության պատրաստմանը» հակադարձելու ունակ գործիչների չեզոքացում:
Դրանք բոլորը քաղաքական գործոններ են, որոնք ակնհայտորեն առկա են Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող և նույնիսկ ձևական քրեաիրավական տեսանկյունից բացահայտորեն անշնորհք «կարված» հետապնդման գործում:
Միաժամանակ, այդ հետապնդումը ստացել է քաղաքական նոր երանգներ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող «գործը» Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարույթան կողմից օգտագործվում է որպես պատրվակ՝ դատական համակարգի դեմ ճնշումներ իրականացնելու, դատական համակարգը (իշխանության այդ ճյուղը) կազմաքանդելու և դատավորներին վարչապետի անվերապահ ենթակայույթան տակ դնելու նպատակներով: Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին հավասարակշռությունից հանող որոշումներ կայացրած դատավորները (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու որոշումների մասին է խոսքը) անմիջապես դարձել են գործադիր իշխանության թիրախավորված հետապնդման առարկա: Անհատապես այդ դատավորների «ետևից ընկնելով», Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաև ահաբեկում և հասկացնում է մյուսներին, թե ինչ կլինի իրենց հետ, եթե հանկարծ Փաշինյանի ցանկությունն ու կապրիզները չբավարարեն:
Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է և նրա նկատմամբ արդեն մեկ տարի է, ինչ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ հարցում Նիկոլ Փաշինյանի վերջին փաստարկը իր և իր թիմի՝ տարիներ շարունակ տարածած ու այս 1 տարում բորբոքած ատելությունն է: Դրա վրա հիմնվելով, նրանք համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանին արդեն դատել ու դատապարտել են, և հիմա մնում է միայն դատաիրավական ձևականությունները պահել:
Բայց կյանքը կանգ չի առել:
Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ, ում մեկ տարի առաջ նման ձևով վերադարձրեցին քաղաքականություն, փաստացի տալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ, հայտարարել է պայքարելու իր վճռականության մասին: Պայքարը շարունակվում է, ու որքան էլ անհայտ է, թե ինչպիսի անակնկալներ դեռ կլինեն առաջիկայում, այդքան էլ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեղկառը ամեն հաջորդ օրվա հետ ավելի է մոտենում իր ֆիասկոյին:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը