Հուլիսի 17-ին ու մյուս օրը Տավուշի մարզկենտրոն Իջևանում կատարված դեպքերը, որոշակի իմաստով, շրջադարձային են: Ոչ այլ վայրում, այլ հենց Իջևանում, որտեղից է թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պայթեց «նոր Հայաստան» մակագրությամբ քարոզչական փուչիկը, որ վերջին մեկ տարում ինտենսիվ փչվում էր իշխանության եկածների ու նրանց խանդավառ կողմնակիցների կողմից:
Ասվում էր, որ սա նոր, սա ժողովրդական, մարդասեր իշխանություն է, ի հակառակ նախկինների: Մի քանի օր առաջ, հուլիսի 17-ին ու հաջորդ օրը շատ պարզ երևաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ պակաս կարող է հենվել ու հենվում է բիրտ ուժի վրա:
Անտառահատումների, ապօրինի ծառահատումների դեմ ուղղված քայլերը Տավուշի մարզի բնակչության մի որոշակի մասի դժգոհություններն էին հարուցել, որովհետև տարիներ շարունակ իրենց եկամուտը հիմնականում այդ տեսակի զբաղվածությամբ են լուծել: Կուտակված դժգոհությունները հանգեցրել էին բողոքի ցույցերի: Եվ քանի որ մի իջևանցի արդեն կարողացել է փողոց փակելով հարց լուծել՝ դառնալ Հայաստանի վարչապետ, ապա ինչո՞ւ չպիտի նրա «զեմլյակները» համարեին, որ կարելի է մայրուղի փակելով իրենց հարցի լուծմանը հասնել, այն է՝ անտառն անարգել կտրելու թույլտվություն ստանալ:
Ոստիկանությունը փորձել էր բացել փակված ճանապարհը, բողոքի ցույց անողների ու ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել: Ոստիկանների վրա քարեր էին նետել, վիրավորներ եղան թե՛ ոստիկանների, թե՛ փողոց փակողների շարքերում: Արյուն թափվեց:
Հաջորդ օրը Իջևանում «ոստիկանական դրություն» մտցվեց, Երևանից ոստիկանության զորքերը տարվեցին Տավուշի մարզկենտրոն, կայքերում տեղեկություններ հայտնվեցին ոստիկանների կողմից Իջևանի տարբեր բնակիչների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, ծեծուջարդի ենթարկելու մասին: Մեկ-երկու, իշխանությանը ոչ ենթակա իրավապաշտպան բարձրաձայնեցին ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու մասին: Իշխանության ներկայացուցիչները սկսեցին ակնարկել, թե այդ դեպքերը կազմակերպիչներ ունեին, ոմանք անգամ սկսեցին նախկին իշխանությունների հետքերը փնտրել՝ մոռանալով, որ նույն այդ իջևանցիները մեկ տարի առաջ, փողոց ու մայրուղի փակելով, ինչպես Հայաստանի բազմահազար այլ բնակիչներ, «ձեռքերի վրա» իշխանության էին բերում ու բերեցին Նիկոլ Փաշինյանին:
Եվ դրանից ընդամենը մեկ տարի անց, իր իսկ ծննդավայրում բողոք ու խնդիր ունեցող մարդկանց հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «խոսեց» ոստիկանական մահակով ու բիրտ ուժով:
Տարիներ շարունակ «Մարտի 1»-ից խոսող Նիկոլ Փաշինյանը հայտնվեց մի իրավիճակում, երբ ինքը պիտի հրամաններ տար, արձագանքեր տեղի ունեցող անկարգություններին, կոշտ ուժ կիրառեր, ինչպես ինքն է սիրում ասել՝ ժողովրդի նկատմամբ: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, որ իր վարչապետ դառնալով, վարչապետ է դարձել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ պատրաստվում էր Հայաստանի կառավարումն իրականացնել Հանրապետության հրապարակում հավաքված բազմության բացականչություններով:
Իսկ երբ այս երկու օրը Գյումրի այցելուցյան ժամանակ մի կին բացականչություններով ուշադրություն էր ուզում հրավիրել իր խնդրի վրա, Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ կնոջ վրա մուննաթ գալ, թե՝ գնացեք, աշխատեք (առաջին դեպքը չէ, բայց այս մեկը ավելի շատերը տեսան):
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցությունը գաղափարախոսական «իզմեր» չունի: Փոխարենը նա ինքը ունի շատ լավ երևացող հատկանիշ՝ ամբոխավար է: Իսկ ամբոխավարին ամբոխավարություն է հասնում, առավել ևս, որ նա կարծես դրան էլ ձգտում էր կամ օլխոկրատիայի պես մի բան էր ուզում: Այդ ցանկություններով հնարավոր է նույնիսկ երկարաձգել ու պահպանել իշխանությունը, բայց կորցնել պետությունը:
«Իմ քայլը» ԱԺ արտահերթ ընտրություններով ամրագրեց իր իշխանության գալը ու Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետ: Նա լեգիտիմ վարչապետ է. քվեարկությանը մասնակցած ընտրողների մեծ մասը նրա ու նրա դաշինքին է ձայն տվել: Բայց նրա ընտրովի լեգիտիմությունը չքանում է գործողությունների դաշտում: Գործողություններ, որոնց մեծ մասը ուղղված է իր անձնական վրեժխնդրությունը և կապրիզները բավարարելուն, իսկ անհրաժեշտ է լինում ծագած կոնկրետ խնդրով զբաղվել ու խնդիր լուծել, պարզվում է, որ իշխանության հենասյունը ոստիկանական մահակն է կամ ԱԱԾ տնօրենի զանգը:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը