25 07 2019

Թովմասյանի կինն իր ամուսնուն չի՞ կարող կարոտել

Թովմասյանի կինն իր ամուսնուն չի՞ կարող կարոտել

ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին Հրայր Թովմասյանը պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ․ հայտնում է վարչապետի «Հայկական ժամանակը»։ Այ քեզ չարաշահում։ Սա արդեն, համարվում է մահացու մեղք՝ հաշվի առնելով, որ իշխանությունն ուզում է ազատվել Հրայր Թովմասյան ՍԴ նախագահից։ Այ եթե Թովմասյանը «լավով» հրաժարական տար, ամեն ինչ այլ կլիներ։ Իսկ քանի որ համառում է, անգամ կարող է պարզվել, որ այդ գործուղումների ժամանակ ընտանյոք հանդերձ թուրքական ավանդական ճաշ են համտեսել։ Ու դա արդեն կլինի քրեական լուրջ գործի պատճառ։

Իհարկե, ընդունելի չէ, երբ պաշտոնյաներն այցերի ժամանակ վատնում են պետական միջոցները, իսկ պետական միջոցների վատնում է ցանկացած մեկի ոտքն ինքնաթիռ, որն այնտեղ պետք է չլիներ, անգամ վարչապետի տիկնոջ, երեխայի կամ վարսավիրի։

Զավեշտ է, որ այս մասին գրում է վարչապետի ընտանեկան թերթը՝ այն դեպքում, երբ վարչապետի տիկինն ամուսնուն ուղեկցում է բոլոր հնարավոր ու անհնար այցերի ժամանակ, երբեմն էլ ընտանիքի մյուս անդամներին, վարսավիրին ու գուցե նաև Չալո շանն են տանում։ Ու հանկարծ՝ Հրայր Թովմասյանը կարող է մեղադրվի կնոջը հետը տանելու համար։

Ինչպե՞ս էր մեկնաբանում Աննա Հակոբյանն իր այցերը․ ամուսնուն շատ է սիրում, բայց ժամանակ չունի հետը շփվելու, իսկ ինքնաթիռում գոնե կարոտն առնում է․․․ Հավատացինք, սերը ի վերուստ է տրված, և սիրող սրտերի միությանը խանգարելը հանցագործություն է։ Բայց մի թեթև հարց տանք․ Իսկ ո՞վ ասաց, թե բովանդակ աշխարհի միակ սիրառատը Փաշինյան-Հակոբյան զույգն է։ Կարող է, չէ՞, ստացվել այնպես, որ Հրայր Թովմասյանի կինն էլ ամուսնուն կարոտի։ Իրեն չի՞ կարելի, ինչու՞։

Ինչ վերաբերվում է մտերիմներին տարբեր պաշտոններում նշանակելուն, արդեն զավեշտի է հասնում նախկինը հիշելը, քանի որ շուտով ՀՀ վարչապետի ընտանիքի մտերիմների, բարեկամների, անգամ թեթև ծանոթների շրջանում չենք գտնի մարդ, ով պաշտոն կամ մի «չալաղաջ» աշխատանք չունի։ Այդ ձեր իշխանության «շնորհքն է» վերահսկողականի ղեկավար նշանակել մեկին որը աշխատանքային փորձ չուներ։ Դուք եք մարդու (մարդկանց) նշանակել մարզպետ զուտ այն պատճառով, որ մանկության ընկեր է, պատգամավոր՝ եղբոր տղա լինելու համար։ Մեծն աներձագին չմոռանանք։

Կրկնում ենք, անընդունելի են պետական միջոցների հաշվին ընտանեկան ճամփորդությունները, սակայն դրանք անընդունելի են բոլոր պարագաներում՝ կլինի վարչապետ, թե վարչության պետ։ Բայց ծիծաղելի է նաև, որ այդ մասին գրում է ինքնաթիռից ֆոբիա ունեցող, բայց պետության հաշվին ճամփորդությունների սիրահար Աննա Հակոբյանի թերթը՝ «Հայկական ժամանակը»:

Հայկական լավ ասացվածք կա սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշը տեսնելու մասին․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ