Հայաստանում շարունակվում է «դատական իշխանության» ոչնչացման, դատական համակարգը մեկ անձի անվերապահ ենթակայության տակ դնելու պրոցեսը:
Գործադիր իշխանության ու անձամբ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ դատական համակարգի վրա մայիսի 19-20-ից սկսած կոշտ ու բռնության գործադրմամբ ուղեկցված ճնշումը, որ դրսևորվեց դատարանների մուտքերի հակաօրինական շրջափակմամբ, որ նաև սահմանադրական կարգի խախտում է, առանձնացավ նաև աշխատավայր մտնել փորձող դատավորների քաշքշելով:
Այժմ այդ պրոցեսը՝ դատարանների վրա իշխանության գործադիր թևի հարձակումն ու նպատակային ճնշումը այլ դրսևորումներ է ստացել: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ դատարանների հետ կապված այդ զարգացումներն ուղղակիորեն հաջորդեցին ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան)՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցոը փոխելու, Արցախի գործող ու նախկին նախագահների միջնորդությամբ կալանքից ազատելու վերաբերյալ որոշմանը:
Եթե դրանից հետո Նիկոլ Փաշինյանի «նյարդերը տեղի տվեցին», և նա գրոհ սկսեց ամբողջ դատական համակարգի դեմ, ապա այժմ դատարանների վրա ուղղակի ճնշումը իրականացվում է թիրախավորված: Բոլորին էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, անձնական վրեժխնդրությունից ու այլ անձնական ու խմբակային շահախնդրություններից մղված, նպատակ է հետապնդում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Այդ կալանք-ազատվել-կալանք-ազատվել-կալանք «խաղը» դրա հետևանք է: Այստեղ օրենքի և օրինականության մասին խոսք անգամ չի կարող լինել: Այստեղ խոսք կարող է լինել կառավարության ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանի «կապրիզների», այդ «կապրիզները» բավարարելու և Ռոբերտ Քոչայրանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին:
Բայց քանի որ Փաշինյանի «կապրիզների» տակ իրավական հիմքեր չկան, իսկ Քոչարյանի դեմ հարուցված գործն էլ նրա բնորոշմամբ՝ «իրավական աղբ է», դատավորները, որոնք առաջնորդվում են օրենքի պահանջներով ու չեն ենթարկվում Փաշինյանի ու պետական կառույցների ղեկավար դարձած այլ անձանց «հեռախոսային» միջամտություններին, կոնկրետ խափանման միջոցի վերաբերյալ համապատասխան որոշում են կայացնում:
Վերջինը, այդ դատավորներից Դավիթ Գրիգորյանն էր:
Եվ հիմա պետական համակարգը ընկել է այդ դատավորի «ետևից»: Զարմանալի չէ, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ գործ է հարուցվել, կամ ինչպես հաղորդվեց՝ թարմացվել է շատ ավելի վաղ եղած, ձևական առումով՝ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործի հետ ոչ մի կապ չունեցող, ենթադրյալ «պաշտոնական կեղծիք թույլ տալու» վերաբերյալ գործի վարույթ:
Այդ գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ ունի բացառապես նրանով, որ վերաբերվում է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումն էլ, ինչպես հավաստում է նրա փաստաբանը, իրականացվում է և իրականացվել է օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, դատավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում քննչական գործողություններ կատարելու մասին օրենքի պահանջները չեն պահպանվել:
Միայն միամիտ անձնավորությունը կարող է կարծել, թե Դավիթ Գրիգորյանը իշխանության նախաձեռնած հետապնդման թիրախում է հայտնվել իսկապես ինչ-որ մեկ այլ գործի հետ կապված: Բոլոր տրամաբանող մարդիկ հասկանում են, որ եթե Դավիթ Գրիգորյանը այն մյուս դատավորի նման հլու-հնազանդ, օրենք կարգ խախտելով կայացներ Նիկոլ Փաշինյանի համար հանգստացուցիչ որոշում՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, ապա ոչ մի գործ էլ, իհարկե, չէր հարուցվի դատավոր Գրիգորյանի նկատմամբ, նրա աշխատասենյակը չէին խուզարկի:
Եթե ինչ-որ մեկը կասկածներ ունի, ապա դրանք լիովին փարատում է նաև Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանի հայտնածը. «Դատավորի աշխատասենյակի համակարգչից բացառապես առգրավվել է այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը։ Բախտներս բերել է, որ մեր ազգանունն էլ Քոչարյան չի եղել, կարող է մեզ էլ առգրավեին։ Ամբողջ խնդիրն այն է, որ այնտեղ եղել են երեսուն և ավելի գործեր, դրանցից որևէ բան չի առգրավվել։ Որտեղ որ Քոչարյանի գործին առնչվող, վերաբերելի կամ հիշեցնող փաստաթուղթ, կրիչ կամ ֆայլ է եղել, բոլորը առգրավվել են»
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում նախաձեռնելու և նրան ճնշելու իշխանության փաշինյանական նպատակները տեսանելի են: Առաջին հերթին, պարզ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կոնկրետ այդ դատավորը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործի դատական հետագա քննությունից ու դրա հնարավորությունից զրկված կամ մեկուսացված լինի: Այդ դեպքում գործը կհանձնեն այլ, արդեն որևէ մի շարքային կամակատարի, որին դատավոր ասել էլ չարժե:
Մյուս, առավել կարևոր նպատակը, որ հետապնդում է Նիկոլ Փաշինյանը, հենց մնացած բոլոր դատավորներին «լսցնել», «տեսցնելն» է, որ չվնգստան (դե իր՝ Նիկոլ Փաշինյանի բառն է, այսինքն նրա համար դատավորները շուն են ու վնգստում են): Դրանից հետո, բոլոր դատավորները կդառնան «թավշյա»:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը