15 07 2019

Ձկները փրկեցին Հայաստանի գյուղատնտեսությունը

Ձկները փրկեցին Հայաստանի գյուղատնտեսությունը

Այս տարվանից սկսած Հայաստանում գյուղատնտեսության ցուցանիշները սկսել են հրապարկվել եռամսյակը մեկ, այլ ոչ թե ամեն ամիս, ինչպես մինչ այդ էր եւ ինչպես տնտեսության մյուս ճյուղերի դեպքում է։ Բացատրությունը հետեւյալն է․ «Պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում»: Բացատրությունը մեղմ ասած շատ խոցելի է՝ քանի որ միջազգային պրակտիկայում կիրառվում է նաեւ ամսական պարբերականությամբ տվյալներ հրապարակելը, իսկ սեզոնայնության գործոնը միշտ էլ եղել է։ Սակայն վիճակագրական կոմիտեն որոշել է կիրառել այս մեթոդը, որը նրան հնարավորություն է տալիս ավելի ազատ մանեւրել եւ ստանալ այն ցուցանիշները, որոնք անհրաժեշտության դեպքում կփոխեն թե գյուղատնտեսության, թե ընդհանրապես տնտեսության վիճակն արտացոլող իրական պատկերը եւ ցույց կտան այն, ինչ ցանկալի է ներկայիս իշխանությանը։ Սակայն սա միակ «փրկօղակը» չի։ Վիճակագրական կոմիտեն գյուղատնտեսության ցանկալի ցուցանիշ ցույց տալու համար գտել է մեկ այլ «փրկօղակ»՝ ձկնորսությունը։

Բանն այն է, որ գյուղատնտեսության արտադրանքը վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվում է «գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն» անվանումով եւ առանձին նշվում է «գյուղատնտեսության համախառն արտադրանք», առանձին՝ «գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանք»։ Եվ ահա եթե գյուղատնտեսության համախառն արտադրանքը անկում է արձանագրում, ապա ձկնորսության միջոցով գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքում կարելի է աճ ստանալ։ Այսինքն, ձկնորսությունը, որն առանձնապես կապ չունի կառավարության գործունեության հետ, հնարավորություն է տալիս «հպարտների» կառավարությանը հպարտորեն հայտարարել, թե այս տարի գյուղատնտեսության մեջ աճ է արձանագրվել։

Այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսությունը Հայաստանում անկում է արձանագրել՝ 0,2 տոկոսով։ Ընդ որում, գյուղատնտեսության արտադրանքի հիմնական ծավալը թողարկող ճյուղում՝ անասնաբուծությունում անկումը կազմել է 3,4 տոկոս։ Ի՞նչ է արել վիճակագրական կոմիտեն այս անկումը թղթի վրա «մեղմելու» համար։ Նախ՝ բուսաբուծության արտադրանքի ծավալի ահռելի աճ է պատկերել՝ 48,7 տոկոսով։ Աճ ցածր ցուցանիշ պատկերելով, պարզապես իրավիճակը չէր փրկի՝ քանի որ գումարային առումով բուսաբուծության արտադրանքի ծավալը 9 անգամ զիջում է անասնաբուծությանը եւ եթե այստեղ նման անկում է գրանցվել, ապա միայն գումարային փոքր ծավալ ունեցող ճյուղում մեծ աճ ցույց տալու միջոցով կարելի է փոքր-ինչ շտկել ստացվող ընդհանուր անմխիթար ցուցանիշը։ Արդյունքում ստացվել է վերոնշյալ՝ 0,2 տոկոս անկումը։ Սակայն քանի որ «նոր Հայաստանում» ընդունված չէ խոսել ակնհայտ ձախողումների մասին, իսկ մեկ տարի անց արձանագրվող ձախողումն էլ հնարավոր չէ գցել նախորդ իշխանության վրա, անպայման պետք է աճի պատկեր ստանալ։ Ինչն էլ տեղի է ունեցել։

Ձկնորսության արձանագրած 8,8 տոկոս աճի շնորհիվ վիճկոմը ստացել է Նիկոլ Փաշինյանին գոհացնող՝ գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքի 0,8 տոկոս աճ ցուցանիշը։ Թե որքանո՞վ է այս ցուցանիշը իրատեսական, այլ հարց է, բայց որ ձուկ որսալը կարող է դառնալ գյուղատնտեսության զարգացում ցույց տալու միջոց, դա արդեն զավեշտալի է։ Եթե սրան էլ ավելացնենք այն աղետալի կացությունը, որ նաեւ ձկնորսության պատճառով է ստեղծվել Սեւանա լճում, ապա ձկնորսության ծավալների աճը ոչ միայն դրական երեւույթ չէ, այլեւ խիստ բացասական, եւ իշխանությունների կողմից այն արգելելու վճռական գործողությունների անհրաժեշտություն կա։

Համեմատության համար դիտարկենք նախորդ՝ 2018 թ․-ի հունվար-մարտի, երբ դեռ «թավշյա» հեղափոխությունը չէր պատուհասել մեր երկրին, գյուղատնտեսության մեջ արձանագրված այս նույն ցուցանիշները։

Նախորդ երկու տարիներին արձանագրված գյուղատնտեսության անկման ցուցանիշը 2018 թ․-ին արդեն սկսել էր աճել։ Առաջին եռամսյակում աճն այստեղ առանց ձկնորսության կազմել էր 2,2 տոկոս, իսկ ահա ձկնորսության հետ միասին՝ ավելի քիչ՝ 2,1 տոկոս։ Անսանաբուծությունում անկումը կազմել է 2,2 տոկոս, իսկ բուսաբուծությունում աճը առավել քան կտրուկ էր՝ 2,2 անգամ։ Ձկնորսության արտադրանք էլ ոչ միայն «փրկօղակ» չէր դարձել, այլ փոքրացրել էր գյուղատնտեսւթյան եւ ձկնոսրության ընդհանուր աճի ցուցանիշը։ Մի խոսքով, եթե ժամանակին սագերը փրկեցին Հռոմը, ապա հիմա ձկները «փրկում» են Հայաստանի գյուղատնտեսությունը կամ ավելի շուտ պետության թիվ մեկ գերակայություն դարձած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ