Շատերն ուշադրություն դարձրեցին Սահմանադրական դատարանի անդամ դարձված Վահե Գրիգորյանի՝ ինքնահակասական դրսևորումների վրա: Նա մի ժամանակ պահանջում էր, որ ՍԴ անդամի թեկնածուները որոշվեն մրցութային կարգով: Բայց ինքը համաձայնեց, երբ առանց մրցույթի իրեն առաջադրեցին թեկնածու: Նա հայտարարում էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ: Բայց համաձայնեց, որ այդ չլեգիտիմն իր թեկնածությունն առաջադրի՝ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվելու համար: Նա, հեզիկ-նազիկ ձևանալով, ընտրվեց, կամ ավելի տեղին կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կապրիզներն սպասարկող խմբակցության կողմից նշանակվեց ՄԴ դատավոր: Հենց այդ ստատուսն ստացավ, սկսեց հոխորտալ, թե ինքը ոչ թե պարզապես ՍԴ դատավոր է, այլ Սահմանադրական դատարանի նախագահը: Առաջին գործողությունը, որ նա արեց այդ նոր կարգավիճակում, ուղղված էր ճգնաժամ հարուցելուն պետական այն կառույցում, որտեղ ինքը հայտնվել է:
Սա երևույթի ու գործելու ոճի խնդիր է: Դա նոր ոճ է, որը նաև անվանում կարող է ունենալ՝ «փաշինյանական»: Դրա հիմնական առանձնահատկություններն են. հրապարակավ մի բան ասելը, տակից այլ բան անելը, մի երրորդ բան ցույց տալը: Հրեշտակի դիմակ դրած՝ սատանայություններ անելը բանահյուսական ժանր է: Իսկ հակասական պահվածքն ու գործելակերպը՝ փաստացի իրականություն:
Այդ շարքի թարմ օրինակներից է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելը և միահամուռ ջանքերով նույն այդ թեկնածուին առաջադրող ուժի կողմից նրա ընտրությունը տապալելը: Այս դեպքում պատճառը մի քիչ այլ է. Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական կապրիզներն անվերապահ կատարողները չէին սպասում, որ ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանի ու գիտնականի թեկնածություն են առաջադրել՝ Աննա Մարգարյանին, այլև հնարավորինս ազնիվ ու մասնագիտականը կոնյունկտուրային չհարմարեցնող անձնավորության: Նա վերցրեց ու, որքան կարող էր՝ բացատրեց, որ վեթինգը ամենացանկալի ու ամենից ճիշտ բանը չի: Նիկոլ Փաշինյանը դա ոչ միայն չէր կարող մարսել, այլև նրա «քայլակիցները» շատ արագ գլխի ընկան, որ «սխալ» թեկնածու են առաջադրել, ինչքան էլ որ նա ասածը ճիշտ լինի:
Օրինակներ՝ ինչքան ուզեք: Նիկոլ Փաշինյանը հարգում է Սահմանադրությունը (ձևական կողմը պահելով՝ մի քանի անգամ առաջադրվում է վարչապետ, որ ԱԺ-ն առձակելու իրավական հիմք ստեղծվի: Նիկոլ Փաշինյանը հակասելով Սահմանադրության ու իշխանության ճյուղերի հավասարակշռման սկզբունքներին, իր կողմնակիցներին ուղիղ կոչեր անելով «հարձակվում» է Ազգային ժողովի վրա (2018թ հոկտեմբերի 2), լինելով վարչապետ՝ գործադիր իշխանության ղեկավար՝ խափանարարական բնույթի գործողություն է հրահրում դատական իշխանության դեմ (դատարանների շրջափակում 2019թ, մայիսի 20):
Նիկոլ Փաշինյանը «հեռախոսային արդարադատություն» չի իրականացնում, բայց հայտնի գաղտնալսումը ապացուցում է տրամագծորեն հակառակը: Նիկոլ Փաշինյանը դատարաններին աշխատանքին չի խառնվում, բայց Հայաստանում կա՞ մի դատավոր, որ Փաշինյանի ասածը չանի:
Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիոն մեղադրանքով իր հեղափոխական կողմնակցին չեն կալանավորում, այլ միայն պաշտոնավարումն առկախում են (Դավիթ Սանասարյան):
Հակասությունները, այդ թվում՝ Արցախի նկատմամբ վերաբերմունքի հարցում, հասարակության համախմբման, մարդկանց «սև-սպիտակի» բաժանելու, խոսքի ազատության ու ժողովրդավարության մասին խոսել ու իշխանությանը չհաճոյացող լրատվամիջոցների վրա ոստիկանություն և ուժային, հարկային կառույցներ ուղարկել և այլն, շատ ու շատ են:
Խնդիրն օրինակների ֆիզիկական ծավալը կամ քանակություն չէ: Խնդիրն այն է, որ նման ղեկավարություն ունեցող պետության թե ներքին-քաղաքական դաշտը, թե արտաքին-քաղաքական մոտեցումներն անընդհատ երերալու են ու երերում են՝ խարխլելով առանց այդ էլ փխրուն կոնստրուկցիաները: Նման ղեկավարությունն արտաքին-քաղաքական ու նաև տնտեսական և ներդրումային հարթությունների վրա չի կարող հուսալի պարտնյոր համարվել:
Հարութ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը