Դժվար է ասել կառավարությունն ու նրա ղեկավարը դիտավորյալ են աղավաղված ներկայացնում տնտեսական իրողություններն ու ցուցանիշները, թե՞ արդեն խճճվել են սեփական կեղծիքների և իրականությանը չհամատատասխանող հայտարարությունների մեջ և չեն կարողանում դրանցից դուրս գալ։ Ամեն դեպքում փաստ է, որ յուրաքանչյուր անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է տնտեսական կացությունը, նրա խոսքում պարտադիր լինում են ապատեղեկատվություն և թվային աճպարարություններ։ Բացառություն չէր նաև կառավարության նախորդ նիստում նրա բացման խոսքն ու ընթացիկ տնտեսական կացության մասին տեղի ունեցած քննարկումը։
Խոսելով արտահանման ցուցանիշի մասին, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հետևյալն է ասել․ «Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ, 0,1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք»: Մինչդեռ իրականությունը հետևյալն է՝ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արտահանումն աճել է ոչ թե 15, այլ 11,7 տոկոսով, իսկ այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ արտահանումը ոչ թե աճել է 0,1 տոկոսով, այլ նվազել 0,9 տոկոսով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարելու մասին պնդումը ոչ այլ ինչ է, քան հերթական սուտը։
Այդուհանդերձ, բացառված չէ, որ «ճշտված» տվյալների մեջ վիճակագրական կոմիտեն արտահանման ցուցանիշները համապատասխանեցնի Նիկոլ Փաշինյանի ելույթում նշվածներին։ Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեն այս առումով հարուստ փորձ է ձեռք բերել վերջին ամիսներին։ Մասնավորապեոս, արտահանման-ներմուծման ցուցանիշների՝ մի քանի օրվա տարբերությամբ՝ մայիսի 27-ին և հունիսի 5-ին նրա հրապարակումների մեջ 101 մլն դոլարի «ճշգրտում» է արվել, որին անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։
Վարչապետական ելույթի շարունակության մեջ անդրադարձ է կատարված արտահանման մեջ առանձին ճյուղերում տեղի ունեցած աճին և դա ներկայացված է որպես աննախադեպ երևույթ։ Դա ոչ այլ ինչ է քան սովորական մանիպուլյացիա, որը Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթի տարիների ոճն է։ Խոսքը տվյալները ըստ նպատակահարմարության՝ տոկոսային կամ գումարային ներկայացնելու մասին է։ Տվյալ դեպքում, գումարային փոքր ծավալներ ունեցող ապրանքների աճը տոկոսներով, անգամներով ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «թռիչքաձև աճի» տպավորություն թողնել։ Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական ապրանքների մասին է՝ վարունգ, լոլիկ,ելակ և այլն։ Արդյունքում նշվում է, որ «բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8 տոկոս, ընդ որում՝ 12.6 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2 տոկոսով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը»։
Նախ՝ արձանագրենք, որ բուսական և կենդանական ծագման ապրանքների արտահանման բաժինը արտահանման ընդհանուր ծավալի հազիվ 4 տոկոսն է կազմում։ Ապա արձանագրենք, որ վերոնշյալ աճի ցուցանիշն ամենևին էլ աննախադեպ չէ, օրինակ 2018 թ․-ի հունվար-մայիսին՝ այսինքն, մինչ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել էր 14,8 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը՝ 64,9 տոկոսով։ Փաստորեն, աճի տեմպն այստեղ ընկել է՝ ինչով էլ հպարտանում է վարչապետի աթոռը զբաղեցնողը, հերթական անգամ ուրախ լինելով, որ «տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ», այն էլ արդեն «մի քանի ամիս»։ Գուցե Նիկոլ Փաշինյանը շփոթո՞ւմ է մի քանի ամիս իր ուրախ լինելն ու լավ տրամադրության մեջ գտնվելը տնտեսության վիճակի հետ ․․․
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այդ նույն նիստին իր հերթին է նպաստել «շեֆի» լավ տրամադրությունն ապահովելու համար։ Ներկայացնելով առանձին ճյուղերում արտահանման ցուցանիշները, նա առանձին ներկայացրել է շոկոլադի արտահանման աճը, առանձին՝ վերամշակող արդյունաբերության արտահանման աճը։ Այն դեպքում, երբ թե մեկը, թե մյուսը ընդգրկված են նույն տողում՝ «պատրաստի սննդի արտադրանք»։ Ոսկերչական իրերի արտահանման աճի մասին խոսելով, հանուն արդարության պետք է նշել, որ նախարարը մատնանշել է, որ այն Հայաստանի տնտեսության ավանդական առաջատար ճյուղերից է եղել, բայց «դիրքերի որոշ թուլացումն» այստեղ անցյալ տարի կապել է ոչ թե երկիրը ցնցած ապրիլ-մայիսյան հեղաշրջման, այլ ինչ-որ այլ «օբյեկտիվ» պատճառների հետ։ Բնական է, որ նա չէր կարող փչացներ իր վարչապետի «լավ տրամադրությունը»։
Եվ ամենակարևորը՝ ոչ միայն սխալ ցուցանիշ նշվեց հունվար-մայիսի արտահանման վերաբերյալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այլև չնշվեց, որ 2018 թ․-ի հունվար-մայիսին 2017 թ․-ի հունվար-մայիսի համեմատ արտահանումն աճել էր իսկապես որ սրընթաց՝ 24,1 տոկոսով։ Թեև «թավշյա» ժամանակաշրջանը արդեն սկսել էր իր բացասական ազդեցությունն այստեղ թողնել, և հետագա ամիսներին աճի տեմպը էապես նվազեց՝ տարեվերջին կազմելով ընդամենը 7,8 տոկոս։
Ահա այն ամենը, որ անհրաժեշտ է իմանալ տնտեսության և մասնավորապես արտահանման մեջ տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, զերծ չեն մնա վիճակագրական կոմիտեի «ուշադրությունից»։ Նրա հրապարակումներում, բայց ոչ տնտեսության մեջ և իրական կյանքում, մենք կտեսնենք փաշինյանական «տնտեսական հեղափոխությունը»։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը