01 07 2019

Ինչո՞ւ «Իմ քայլը» մերժեց իր իսկ թեկնածուին

Ինչո՞ւ «Իմ քայլը» մերժեց իր իսկ թեկնածուին

Ազգային Ժողովում քաղաքական խառնաշփոթներն արդեն սովորույթ են դարձել: Աննա Մարգարյանը, ով իշխանական «Իմ քայլի» կողմից ներկայացվել էր որպես ԲԴԽ թեկնածու, չընտրվեց այդ պաշտոնում: Կարելի է ձևակերպել այսպես՝ իրենք առաջադրեցին, իրենք մերժեցին։ Իսկ որ մերժեց «Իմ քայլը», կասկած չկա։

Այսպես, ԲԴԽ անդամի ընտրության համար հարկավոր է ԱԺ պատգամավորների ընդհանուր ձայների երեք հինգերորդը։ Այսինքն, Աննա Մարգարյանի ընտրվելու համար հարկավոր էր ընդամենը 79 ձայն: Նկատենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը բաղկացած է 88 պատգամավորից:

Ահա, այստեղ է, որ մի շարք հարցեր են առաջ գալիս: Տրամաբանորեն, այս թեկնածուի ընտրման համար անգամ միայն «Իմ քայլ»-ի ձայները լիուլի բավական էին: Սակայն իմքայլականները չէին բարեհաճել ներկայանալ ԱԺ նիստին: Քվեարկությանը մասնակցեց 85 պատգամավոր, 47 պատգամավոր բացակա էր, որոնց թվում էին նաև իշխող խմբակցության ներկայացուցիչները:

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ:

ԲԴԽ անդամի թեկնածուի հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մի շարք պատգամավորներ գովաբանություններ էին շռայլում Աննա Մարգարյանին, ինչը ենթադրում էր, որ թեկնածուն ձայներ էր հավաքելու ոչ միայն իշխող խմբակցությունից։

Նախ, եթե խորհրդարանը լիներ իր դիրքին ու հեղինակությանը համապատասխան վայր, պատգամավորները կբարեհաճեին աշխատանքային ժամերին լինել այն վայրում, որի համար ստանում են աշխատավարձ և որտեղ չլինելու համար այդքան քննադատում էին նախորդ գումարման խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչների:

Իսկ եթե «Իմ քայլը» խմբակցությունը գոնե մի փոքր նմանություն ունենար կազմակերպված կառույցի հետ, ապա բոլոր պատգամավորները կհարգեին սեփական թիմի դիրքորոշումը։ Խայտառակություն է այն, որ թիմն առաջարկում է թեկնածու, թիմի ձայները բավականացնում են անցկացնելու համար, ելույթ ունեցողները միմիայն գովում են արժանիքները, բայց ստանում է 2։

«Իմ քայլը» խմբակցությունում կան տարակարծություններ: Իհարկե, կարող են ասել, որ իրենց մոտ հարգվում է ազատ կարծիք ունենալու իրավունքը և այլն, բայց համաձայնեք, որ երբ թեկնածուի ընտրությունը տապալվում է հենց ներկայացնող խմբակցության կողմից, ապա տպավորություն է, որ խմբակցությունը կամաց-կամաց սկսում է ճեղքվել:

Իրար կցմցված այս ակումբը չի էլ կարողանում դառնալ թիմ, նրանք անգամ չեն գիտակցում, թե ուր են եկել, ինչ են անում։ Մի օր գուցե հասկանան, բայց այդ օրվան կհասնեն առանց այն էլ երերացող հեղինակությունը տապալելու ճանապարհով։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ