25 06 2019

Ինչի՞ց խոսեց Քոչարյանը և ինչո՞ւ

Ինչի՞ց խոսեց Քոչարյանը և ինչո՞ւ

Իսկապես էլ՝ մարդու ճակատին պետք է գրված լինի: Ու ճակատագրի մասին չէ խոսքը: Դեմքի լուրջ արտահայտությունը դեռ խելքի նշան չէ, ինչպես մորուքը դեռ իմաստության նշան չէ: Գլխարկին չէ, ուզում եք՝ շապիկին գրեք՝ սրտոտ, դրանից որևէ մեկը ավելի համարձակ չի դառնում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը շատ ու բազմատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Առիթներ՝ նրա հայտարարություններին վերադառնալու, շատ կլինեն, սա՝ միանշանակ ու աներկբա:

Հիմնականը. Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ցանկացած ռեալ հաշվարկող ու սթափ դատող մարդ, պատրանքներ չունի իր նկատմամբ դատի տեսքով իրականացվող հետապնդման՝ այսօր սպասվող դատարանի հերթական որոշման վերաբերյալ: Եթե դատավորի միտքը շիտակ լիներ, կամ միտքը ծուռ չլիներ, նա արհեստականորեն պաշտպանական կողմին, պարզ ասած՝ երկրորդ նախագահի փաստաբաններին չէր զրկի առնվազն իրենց դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից: Իսկ նա բռնեց ու արագի մեջ, բոլորի համար անակնկալ ու, երևի միայն իշխող բրիգադի համար սպասելի, գնաց խորհրդակցական սենյակ, այսօր որոշումը հրապարակելու հեռանկարով:

Բայց արդեն նույնիսկ կարևոր չէ, թե ինչ որոշում է նա հրապարակելու: Դժվար չէ մի երկու ժամ համբերել, տեսնել, նրան որ որոշո՞ւմ են փոխանցել՝ Ռոբերտ Քոչարյանին նորից կալանավորելու վերաբերյալ, թե՞․․․ամեն դեպքում Հայաստանը աֆրիկյան խուլ գյուղ չէ, ինչպես համեմատություն-զուգահեռ տարավ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում՝ խոսելով դատարանում կատարվող իրավական բեսպրեդելի կամ անսահմանափակ անիրավության մասին:

Կարևոր է թվում մեկ այլ բան: Կարծես «բոլորիդսիրումեմ» հեղափոխականները իշխանության եկան օրինականության և օրինապահության մասին խոսակցույթուններով, ժողովրդին ու երկիրը դեպի պայմանական «Պայծառ ապագա» տանելու կամ առաջնորդելու հույսերով կամ նման հույսերով համակված բազմության ուսերի վրա: Բայց իրականության մեջ ու շատ արագ պարզ դարձավ, որ ոչ մի օրինականություն էլ ոչ մեկին պետք չէ, որ ընդամենը անձնական քինախնդրության ու վրիժառության հարց կա:

Պրիմիտիվ կլիներ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը բացատրել միայն քաջնազարական եղանակով իշխանության եկած անձի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական մոտեցումներով, վրեխժնդրությամբ, նաև «մատի1-ի» համար իր անձնական պատասխանատվությունը այն ժամանակվա իշխանության վրա բարդելու ցանկությամբ, այդ ցանկությունը բավարարելու լծակներ ունենալու հնարավորությամբ: Դե, որ ոչ միայն կարող է իր թերթում կամ ԱԺ-ում, որպես պատգամավոր միակողմանի մեղադրանքներ շաղ տալ ուրիշների հասցեին, այլև արդեն հնարավորություն ունի ( Սերժ Սարգսյանի «կոստյումի» հաշվին) կարգադրել դատախազին, ուժային ու իրավապահ մարմիններին, դատարաններին, որ իր մեղադրածին համապատասխան գործեն:

Պարզ է, որ այստեղ ուրիշ հարցեր էլ կան, իսկ այդ ուրիշ հարցերից առաջինը Արցախն է: Պարզ չի՞, որ Ռոբերտ Քոչարյանը լուրջ խոչընդոտ է որևէ մեկի համար, ով Արցախի հետ կապված ինչ-ինչ գործարքի մտադրություն ունի կամ ավելի վատ՝ նրան հարկադրելու են, որ նման մտադրություն ունենա: Բայց հաշվարկը սխալ են կատարել: Հաշվի չեն առել մարդկային գործոնը, ավելի ճիշտ՝ անհատի կամ անհատականության պահը: Նրանց թվում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին կալանավորեն, ապա իրենց ձեռքերն ավելի ազատ կլինեն ինչ-որ հարցերում:

Սխալվում են կամ հաշվի չեն առնում, որ գործ ունեն ոչ թե թուլակամ ու զիջող մեկի հետ, այլ Արցախի հերոս, իսկապես պատերազմով անցած, ու ոչ թե հող տվող այլ տարածք ազատագրող, հաղթած ու բարոյակամային ուժեղ հատկանիշներով օժտված գործչի հետ: Ռուսի ասած, «Этого у него не отнимешь»։

Ռոբերտ Քոչարյանին կարող են նորից կալանավորել: Ու հարցազրույցի ընթացքում նրա կեցվածքը, խոսելու տոնը հուշում էին, որ ինքը դրան շատ սառնասիրտ է նայում, մի տեսակ այդքան չի կարևորում: Մանավանդ, որ այդ կալանավորման «երրորդ փուլը» ընդամենը հաստատելու է, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սխալվել է, այլև արդեն տանուլ է տվել:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ