17 06 2019

Ատելություն՝ պոզով-պոչով

Ատելություն՝ պոզով-պոչով

Կիրակի՝ հունիսի 16-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կուսակցության համաժողովի ելույթում հայտարարում է. «Մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»: Ինչքա՜ն ագրեսիա, չարություն, հակապետական և հակաժողովրդավարական ընկալում, ինչքան կոմպլեքսավորվածություն կա Փաշինյանի այդ արտահայտության մեջ:

Ցավալի է, բայց նաև ինչքա՜ն թուլություն կա: Նույնիսկ խղճահարություն է առաջացնում թուլության, չարության նման միախառնումը մեկ անձի ներսում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բացառում է որ որևէ մեկն առիթ ունի իր մասին պատմող հարյուրավոր տեսանյութերի տակ դնել «դիսլայք» ու միայն ֆեյքերն ու «կոռուպցիոն համակարգի» ներկայացուցիչներն են իրեն կամ ՔՊ-ի սոցցանցային հարթակներում չհավանելու նշան դնում, փողով, ըստ որում: Այսպիսով, ով հանկարծ դիսլայք է դնում՝ սև է, կոռուպցիոն ռեժիմի ստրուկ և սերժառոբական ծախված շուն է (իրեն լայք դնող ֆեյքերի կայուն ֆրազներից է): ԱԺ նախագահ դարձած ու անցած 1 տարում իր եկամուտներն անգամներով ավելացրած Արարատ Միրզոյանի ելույթն ավելի տխուր տպավորություն է թողնում․ «Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված: Ես չեմ վարանի այս եզրույթներն օգտագործել, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊ կուսակցությանը, այս պատերազմում կարելի էր և պարտվել…»: Ու, պարզվում է, նրա խոսքով՝ պատերազմ են հայտարարել ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ… Հայաստանի հեռանկարին, երազանքին:

Փաշինյանը, Միրզոյանը, Ավինյանը, Աղաջանյանը, Սարգսյան եղբայրները, Միքայելյանն ու իր որդին, Լենա Նազարյանն ու իր ամուսինը, ՔՊ, տերպետրոսյանական, սորոսական և այլ նոր պաշտոններում հայտնվածները, ուրեմն իրենց հեռանկարն ու երազանքները նույնացնում է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի հեռանկարի ու երազանքի հետ: Բայց լավ դա էլ անցնենք՝ երիտասարդ է, ոգևորվել բան է ասել է։

Բայց նախ՝ ի՞նչ «պատերազմ», սա ի՞նչ տրոցկիստական աշխարհընկալում է՝ բերիայական մտադրություններով: Մի քիչ շատ մեծ կարծիքի՞ չեք ձեր մասին:

Իշխող կուսակցության ներսում ծփացող չարության, ատելության աստիճանն ավելի անսփոփ են դարձնում այս անգամ ՔՊ վարչությունից կարծես դուրս մնացած Սասուն Միքայելյանի հետևյալ խոսքերը. «…էդ ինչ ջիգյար եք կերել: Ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ` վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք»:

Սա ի՞նչ է: Ի՞նչ ընդհարում, ի՞նչ պատերազմ, պարոն ԵԿՄ նախագահ: Դրսի թշնամուն հանգիստ եք թողել /ըստ ամենայնի վարչապետի հորդորով/, կարծես, ներսու՞մ եք թշնամիներ փնտրում, գտնում, սպառնում։

Պարոնայք Փաշինյանին, Միրզոյանին, Միքայելյանին ու մյուսներին, պետք է հուսահատեցնեմ, իրենք եթե մի պահ երազ եղել էլ են, ապա արդեն դարձել են երազախաբություն կամ երազախաբության խորհրդանիշ: Արարատ Միրզոյան, դուք արդեն պարտվել եք:

Դուք արդեն պարտվել եք, երբ Սասուն Միքայելյանի տղային դարձրեցիք Հրազդանի քաղաքապետ: Դուք պարտվել եք, երբ համաձայնեցիք ապրել «կառավարական դաչաներում» և օգտվել «կոռուպցիոն համակարգի» սահմանած բոլոր արտոնություններից: Դուք պարտվել եք, երբ սկսեցիք ուղղաթիռով ընտանեկան զբոսանքներ կամ պարզապես «ճռռիկներ» անել: Դուք արդեն պարտվել եք, երբ երևաց, որ բացարձակապես անընկալունակ եք որևէ քննադատության, ցանկացած դիտողություն որպես անձնական թշնամանք եք ընկալում: Դուք արդեն պարտվել եք, երբ սկսեցիք ասֆալտի վրա ձեզ համար տհաճ բան գրողներին փռել:

Դուք արդեն պարտվել եք ու զգում եք դա, դրանից է ձեր այդ ամբողջ ագրեսիան և չարությունը: Դուք արդեն պարտվել եք, որովհետև ճվճվան միտինգային ընդդիմադիրի կաղապարից չեք կարողանում դուրս գալ, չնայած՝ դաչաներին, պադավատներին, իշխանական լծակներին ու թարմացված եկամուտներին:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ