Բեռնափոխադրումները երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք սպասարկում են տնտեսության մյուս ճյուղերը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունն, առևտուրը և անգամ ծառայությունները։ Բեռնափոխադրումները ևս տնտեսության կացության ցուցիչներից են՝ եթե դրանք աճում են, ուրեմն կա տնտեսական աշխուժություն և աճ, եթե նվազում են՝ ուրեմն տնտեսական ակտիվությունը մարում է և հետընթաց է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն ծերունական հիվանդության նմանվող տնտեսական աճի մասին կրկնվող պնդումները հօդս են ցնդում, երբ ծանոթանում ենք նաև այս՝ բեռանփոխադրումների ցուցանիշներին։ Դրանք այն աստիճանի անմխիթարական վիճակում են, որ անգամ վիճակագրական կոմիտեն չի կարողանում ինչ-որ կերպ «դզել-փչել» կամ գուցե աղավաղելու հերթը դեռ չի՞ հասել այստեղ։
Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար տոննա բեռ, որը 2018 թ․-ի նույն ժամանակահատվածի ընդամենը ․․․ 38,7 տոկոսն է։ Այսինքն, բեռանփոխադրումների ծավալը նվազել է մոտ երեք անգամ։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա հունվար-ապրիլինի փոխադրվել էր 2 մլն 642 հազար տոննա բեռ, որն էլ նախորդ տարվա՝ 2017 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 19,3 տոկոսով։ Այսինքն, կարող ենք փաստել, որ 2018 թ․-ի առաջին երեք-չորս ամիսներին արձանագրված 9-10 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշը ամբողջովին արտացոլվում էր այդ աճի անուղղակի ցուցիչների մեջ՝ բեռնափոխադրումներ, էլեկտարէաներգիայի արտադրության, արտահանում-ներմուծում, որոնք բոլորն էլ համապատասխանաբար աճել էին և համապատասխանում էին այդ ժամանակահատվածի տնտեսական կացությանը։
Ներկայումս, բացի բեռնափոխադրումներից, նվազել են, թե՛ էլեկտրաէներգիայի արտադրության, թե՛ արտաքին առևտրի ծավալները, բայց, չգիտես թե ինչու և ինչպես՝ պաշտոնական վիճակագրությունը պատկերում է 7 տոկոս տնտեսական աճ։ Ըստ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, այս աճի մեջ զգալի բաժին ունեն ծառայությունների ոլորտում բուքմեյքերական ընկերություններում բնակչության կողմից կատարվող խաղադրույքները։ Հավանաբար այս զավեշտալի և միաժամանակ ողբալի կացությունը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր ներառական՝ բնակչության լան խավեր ընդգրկող տնտեսական աճ ունենալու մասին։
Մյուս ոլորտներում, հատկապես իրական հատվածում, ըստ էության աճ չկա և չի էլ կարող լինել։ Երկրում իշխանության կողմից անընդհատ հրահրվող և սպասվող ցնցումների, քաղաքական հետապնդումների, բիզնեսի նկատմամբ հալածանքների և պետական ռեկետի քաղաքականության, ներդումների կրճատման և ներդրումային ծրագրերի կասեցման, գործարարների ձերբակալությունների, փոքր բիզնեսի նկատմամբ կոշտացած հարկային ճնշումների պարագայում խոսել տնտեսության զարգացման մասին, մեղմ ասած, տեղին չէ։
Վերադառնալով բեռնափոխադրումներին, նշենք, որ նվազումը հիմնականում ընդգրկել է ավտոմոբիլային փոխադրումների ոլորտը, որի միջոցով են հիմնականում կատարվում Հայաստանից դուր և երկրի ներսում բեռնափոխադրումները։ Եթե 2018 թ․-ի հունվար-ապրիլին փոխադրվել է 2 մլն 276 հազար տոննա բեռ, ապա այս տարվա հունվար-ապրիլին՝ մոտ 3,6 անգամ ավելի քիչ՝ ընդամենը 583 հազար տոննա բեռ։ Երկաթուղային փոխադրումները ևս նվազել են՝ 2,3 տոկոսով։ Օդային փոխադրումների ծավալը չնչին է՝ չորս ամիսների տվյալով 1,7 հազար տոննա, որը ըստ վիճկոմի 7,7 տոկոսով ավելացել է 2018 թ,-ի համեմատ, երբ փոխադրվող բեռների ծավալը ․․․ 1,8 հազար տոննա էր։ Թե ինչպե՞ս է քաշը նվազում, իսկ տոկոսային ցուցանիշն ավելանում, միայն վիճկոմին է հայտնի։
Եվ ընդհանրապես, վերջին ամիսների խեղաթյուրված վիճակագրությունը ոչ միայն տնտեսության վիճակի մասին ներկայիս սխալ պատկերն է ցույց տալիս, այլև հետագայում բարդություններ է ստեղծելու իրական վիճակի մասին պատկերացում ունենալու հարցում։ Սակայն, դա հետագայում, իսկ հիմա «հպարտների» վարչապետը գոհ է՝ անընդհատ կրկնելով կեղծված թվերը։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը