14 06 2019

Կառավարությունը վաստակավոր խոշտանգողի կոչման է հավակնում

Կառավարությունը վաստակավոր խոշտանգողի կոչման է հավակնում

Հեղափոխականների կառավարությունը կարծես հավակնում է նոր կոչում-էպիտետների:

Առաջինների շարքում խոշտանգիչ կառավարության անպատվաբեր կոչումն է: Անձեր, որոնք նախորդ 10-15 տարիների ընթացքում ամեն առիթով մատնացույց էին անում և մեծ աղմուկ էին բարձրացնում կալանավորների հանդեպ վատ վարմունքի ցանկացած, անգամ՝ փոքր թվացող օրինակի հետ կապված, գալով իշխանության, ստացվում է, որ արդեն իրենք են զբաղվում ամենավայրենի խոշտանգումներով: Անձամբ կառավարության ոչ մի անդամ կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չեն գնում բանտախուց, ու ասենք, առանց ցավազրկման, քաշում հակահեղափոխական, «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ կալանավորների ատամները։ Բայց փաստերն անողոք են:

Հիշեցնենք. դեռևս այս տարվա հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ 44-օրյա հացադուլից հետո մահացել է կալանավոր Մհեր Եղիազարյանը: Սա այնպիսի խայտառակություն ու խարան է Նիկոլ փաշինյանի կառավարության, նրա գրպանային ստից «իրավապաշտպանների» ու այդ ամբողջ սորոսական կլանի ճակատին, որ չի անցնելու երբեք:

Թե ինչպես էին կալանավորմամբ ու անհրաժեշտ բուժում ստանալուն խոչընդոտում Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին, նույնպես շատերը կհիշեն:

Հիմա, այսինքն, արդեն մի քանի ամիս է, ինչ հետևողականորեն խոշտանգման է ենթարկվում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարում է՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ, իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, և եթե իշխանությունը դա անգնահատական թողնի, ապա անխուսափելի հետևությունն այն է, որ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

Անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք կա հասարակության շրջանում այս կամ այն անձի նկատմամբ կամ նա ինչ կարգի հանցանքի մեջ է մեղադրվում, կա օրենք, կան օրենքով սահմանված անխախտելի իրավունքներ: Ու կալանավորի հանդեպ վերաբերմունքը ոչ թե կոնկրետ տվյալ կալանված, մեղադրվող կամ նույնիսկ դատապարտված անձնավորության բնութագրի հետ կապ ունի, այլ ուղղակիորեն բնութագրում և ախտորոշում է տալիս օրվա գործող իշխանության վերաբերյալ:

Առավել ևս, որ կոնկրետ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է նրա միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Մասնավորապես, Եվրոպական դատարանը, դիմումատուի ծանր առողջական վիճակով պայմանավորված, ՀՀ կառավարությունից պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը որոշմամբ մատնանշված բժշկական հաստատություն:

Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև սույն թվականի հունիսի 12-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Եվրոպական դատարանը նշել է, որ կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հիմնվելով ներկայացված փաստական տվյալների վրա:

Մինչդեռ, ինչպես այսօր նշեց փաստաբանը, ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար:

Մնում է պարզել, թե ի՞նչ են հասկանում «բուժում» ասելով: Իսկ չի՞ լինի, որ Մանվել Գրիգորյանին միանգամից գնդակահարեն: Բնութագրային ի՞նչ տարբերություն, օրինակ, Մանվել Գրիգորյանի ու նրան հրեշ ներկայացնողների միջև:

Ամեն ինչից բացի, ՄԻԵԴ-ի որոշումն էլ, ստացվում է, որ ոչ մի բան չի նշանակում ներկայիս, յանիմ թե՝ ժողովրդավար, լիբերալ, մարդու իրավունքներին ու եվրոպական արժեքներին հետամուտ կառավարության համար: Այս, իբր օրինապահ և օրինապաշտ, իբր ազնիվ ու արդար, իբր մարդկային ու այլ կարծեցյալ արժանիքներ ունեցող չսափրվածները երևի ուզում են ապացուցել, որ իրենք խոշտանգիչի կոչման արժանի հավակնորդներ են:

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ