Համացանց է նետվել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի «կազանյան էտապի» պայմանավորվածության ենթակա հիմնական թեզերի բովանդակությունը: Ու դա միանգամից քննարկման առարկա է դարձել: Ասենք, ի՜նչ քննարկում, ավելի շատ բորբոքված արտահայտույթուններ, անեծք ու հայհոյանք՝ այդ «նենգ ու դավաճան, նախկին հանցավոր ռեժիմի» հասցեին:
Ովքեր որ հասկանում են, թե ինչու է դա արվել և ինչու է հիմա արվել, լռում են, չեն խոսում՝ վախենալով հայտնվել իշխանության քարոզչական «քֆուր-բրիգադների» և «սորոս-յուգենդի» հոգեբանական տեռորի, իսկ հիմա նաև նրանց նավոդկայով՝ ոստիկանություն հրավիրվելու թեկնածուների շարքում:
Վարչապետ Նիկոլ փաշինյանն այն օրը մտքի ժամանակներից էր խոսում կամ նման ինչ-որ բան էր ասում: Հենց միտքն ու մտածողությունն է, որ հասարակական իմաստով, կարծես խորքից ամպուտացիա արված լինի ընթացիկ ժամանակահատվածում:
«Կազանի փաստաթղթի» գրգռիչ խայծի վրա շրջվածները չեն էլ փորձում մտաբերել, որ խոսում են մի 8 տարի առաջվա անցուդարձի մասին: Ու ոչ ոք չի հարցնում, թե ի՞նչ եղավ հետո կամ ինչ-որ բան գոնե եղա՞վ կամ կատարվե՞ց այդ պայմանավորվածություններից:
Այնպիսի մի բարդ հարց, որ ասենք՝ ինչ հաշվարկներով կամ արդյո՞ք ինչ-որ հաշվարկներ կային դրա հետ կապված, որ ադրբեջանական կողմը իքս պահին նորից կտրուկ փոխելու է դիրքորոշումը՝ մերժելով արտաքուստ իրեն ձեռնտու կարգավորման տարբերակը և այլն, և այլն, նույնիսկ անիմաստ է հնչեցնել: Նման՝ ցանկացած մտքի ու վերլուծական մտածողության խլացման նպատակաուղղված, իշխանական վայրենի ու ագրեսիվ հարձակումների պայմաններում հնչեցնես, թե չհնչեցնես, արդյունք չկա:
Մարդիկ ուզում են «կազանյան դավաճանության» միտքը ծամծմել, դրանից կայֆ են ստանում, թող ծամծմեն: Ինչի՞ մարդկանց «կայֆը կոտրել»:
Բայց ինչո՞ւ հենց այսօր «հանկարծ» հիշվեց այդ «կազանյան թուղթը», ինչո՞ւ 8 տարի առաջ դարակը դրված ու մի հինգ մատ փոշու տակ մնացած այդ «դավաճանական», «հողերը ծախումեն»-ական քարոզչական անիմաստությունը նորից հրապարակ բերեցին: Պատճառները մի քանիսը կարող են լինել․նշենք մեկ-երկու հիմնականը:
Ամենից առաջ, «կազանյան տարբերակը» հրապարակ նետելը հանրության զգացմունքների վրա խաղալու, հանրության ուշադրությունը գրավելու «կարմիր լաթի» դեր է կատարում: Այդ պայմաններում, երբ շարտերը նայում են 8 տարվա հնության «կարմիր լաթին»՝ մոռանալով, որ դա այդպես գզրոցում էլ դրվել-մնացել է՝ դառնալով կարգավորման գործընթացի թանգարանային էքսպանատ, նույն այդ՝ իբր Ղարաբաղի համար սրտացավ, իբր դավաճանություն գտնող ու անհանդուրժող բարխատնի բորբոքվածները առճակատ չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որտեղ նրանք խոսում են Տեր-Պետրոսյանի ժամանակների բառապաշարով: Ութ տարի առաջվա թղթից բորբոքվող մասսան չի տեսնում, որ իր քթի տակ ու աչքի առաջ Մինսկի խումբը պաշտոնական հայտարարույթան մեջ խոսում է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարների» հետ հանդիպելու մասին, ու դրանց դնում է նույն հավասար հարթության վրա՝ ԼՂՀ իշխանությունների հետ:
Դե ավելի հաճելի ու անշառ գործ է 8 տարի կամ, ասենք, մի 4-5 տարի առաջ «նախորդների» օրոք քննարկված թղթերը թափահարել ու դավաճանությունից-բանից դուրս տալ, քան թե տեսնել այն, ինչ արդեն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձեռքերով աչքներդ է խոթում:
Ու դա՝ նորից 1994-96 թվականների Տեր-Պետրոսյանի ժամանակվա միջնորդական ձևակերպումներին, այսինքն՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարներ» արտահայտությանը վերադառնալը Նիկոլ Փաշինյանի հերթական «ձեռքբերումներից» է արտաքին-քաղաքական ասպարեզում, մանավանդ՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում:
Քոռի երկիր է դարձել Հայաստանը: Առաջներում էլ մի երևելի վիճակ չէր, բայց հիմա բացարձակ կուրություն է տիրում. Հասարակությունը տրոհում ու ատելությամբ են կերակրում, անունը դնում՝ համերաշխություն, բանակցային գործընթացում մեկը մյուսի ետևից կոպիտ սխալներ են թույլ տալիս, հազար տարվա հին ու հնացած թղթեր մեյդան բերում, թե՝ նախկիններն էին դավաճան, աղանդավորներին ու սեռական փոքրամասնույթուններին բացարձակ «պռախոդ» են տալիս, ազգասեր ու ժողովրդասեր ձևանում: Երկրում այլակարծույթունն ու խոսքի ազատությունը կոպտորեն ճնշում են, հագուստային ֆաշիզմ են ներդնում, սուտ-իրավապաշտպանները չտեսնելու են տալիս:
Կարևորը, որ «կարմիր լաթեր» թափահարեն, ու նախկին հասարակության քթի տակով իրենց «ցլերին» օրը ցերեկով աննկատ տանեն:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը