31 05 2019

Իրենց սադրիչ քայլերով ո՞ր կողմ են «Սասնա ծռերը» ծռում խնդիրները

Իրենց սադրիչ քայլերով ո՞ր կողմ են «Սասնա ծռերը» ծռում խնդիրները

Արդեն մի երկու շաբաթ կլինի, ինչ ակտիվացել են «Սասնա ծռերը»՝ Արցախի ուղղությամբ: Նրանց պահվածքը, գործելակերպը շատերի գնահատմամբ՝ սադրիչ է, նպատակաուղղված լրացուցիչ անախորժություններ հրահրելուն:

«Սասնա ծռերը», որ երբ դեռ կուսակցություն չէին, այլ՝ զինված խումբ ու ոստիկանության ՊՊԾ գնդի ահաբեկչական գրավման ու հաջորդած դեպքերի ընթացքում երեք հայ ոստիկանի սպանության պատճառ դարձան, մի ժամանակ հայտարարում էին, թե պատրաստ են հետ բերել ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդին անցած մարտավարական նշանակություն ունեցող բարձունքը: Հիմա, երբ հեղափոխական իշխանությունը նրանց բանտերից ազատել է, նրանք «դեսանտ են իջեցրել» Արցախում: Բայց ոչ թե գնացել են ազատագրման գործողություն իրականացնելու, այլ Արցախի ազատամարտի հայտնի մասնակիցներից ու նախկին հրամանատարներից իրենց անձնական «մուռը հանելու»: Դրանով է պայմանավորված, որ մի օր ծաղրական ակցիա են անում Վիտալի Բալասանյաի տան մոտ, մյուս օրը թիրախավորում են Արշավիր Ղարամյանին: Ո՞րն է իրենց ակնկալիքը: Ուզածներն ի՞նչ է: Հնարավո՞ր է, նրանց ցանկացածն այն լինի, որ մեկնումեկը կկորցնի ինքնատիրապետումը և կհակադարձի իրենց:

«Սասնածռական» ակտիվի հրահրիչ պահվածքը նման ենթադրությունների առիթներ է տալիս: Նրանք, իրենց հերթին, ու Ժիրայր Սեֆիլյանը մեկ անգամ չէ խոսել դրա մասին, դիրքավորվում են որպես Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության պաշտպաններ»: Ձեռքի հետ էլ, օրինակ, Սվիտալսկուն կարող են սատարել՝ Հայաստանի դատական իշխանության դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի ընթացքում:

Տպավորությունն այն է, որ «Սասնա ծռերը» հեղափոխական իշխանության հետ պայմանավորվածություն ունեն՝ անելու այնպիսի քայլեր կամ հայտարարություններ, որոնք ներքաղաքական կամ արտաքին-քաղաքական հանգամանքներից ելնելով իշխանությունները կամ Նիկոլ Փաշինյանը չէին ցանկանա անձամբ անել: Այսինքն, վերցրել են իշխանության լրացուցիչ խոսնակի դերը և փորձում են այն կատարել՝ Արցախի ներկայիս ղեկավարներին ու, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին քննադատական արտահայտվող Բալասանյանին ու Ղարամյանին լռեցնելու, որևէ հակադարձ գործողության, սադրանքի մեջ ներքաշելու ցածր դերը: Ո՞վ կարող է երաշխավորել, որ նման գործերով զբաղվելը չի եղել «Սասնա ծռերին» ազատելու պայմաններից մեկը: Թե չէ 3 մարդու սպանության գործով, զինված խումբ կազմելու, ոստիկանության կառույցի վրա զինված հարձակում կատարելու մեղադրանքներով ինչպե՞ս են այդ անձինք հայտնվել ազատության մեջ, ինչի՞ դիմաց:

Նրանք նաև ԱԺ արտահերթ ընտրություններին որպես կուսակցություն մասնակցելու հնարավորություն ունեցան, 1 տոկոսից քիչ ավել ձայն ստացան: Մի որոշ ժամանակ ձայնները չէին լսվում: Իսկ հիմա երևի կողմնորոշվել են իրենց դերակատարման հարցում: Եթե Երևանում փորձում են «հեղափոխություն արտահանել» Արցախ, «Սասնա ծռերն» էլ, երևի իրենց համարում են այդ «արտահանումն» իրականացնելու ամենից հարմար գործիքը: Դրանից ոչինչ դուրս չի գալու: Իսկ ինչ էլ դուրս գա, լինելու է լուրջ խնդիր ու սպառնալիք Արցախի, նշանակում է նաև՝ Հայաստանի անվտանգությանը: Երբ թշնամին առաջնագծի այն կողմում զենքուզրահն է իրար տալիս, առաջնագծի այս կողմի թիկունքում նման հրահրումներ անելը անվտանգության սպառնալիք է, որ կա:

«Սասնա ծռերը» գնում ու նախապես պատրաստած ցուցանակ են փոխում, որի իմաստն այն է, թե Արցախը Հայաստանի մարզ է: Դա նկարում են ու տարածում:

Ցանկացած նորմալ հայ մարդու համար Արցախը Հայաստան է, և վերջ: Ու դա ցուցանակ փոխելու «ֆլեշմոբով» չի որոշվում:

Այսինքն նման ակցիա անելը ընդհանուր գիտակցության հետ կապված ոչինչ չի տալիս: Փոխարենը լեզու է դնում Ադրբեջանի բերանը: Բայց ինչու նրանց քարոզչությանը լրացուցիչ խոսալու տեղ ապահովել:

 

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ