27 05 2019

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նրանց հույսին է մնացել

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նրանց հույսին է մնացել

Հայատանում իշխող ուժի գործունեության, պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունքում երկրում ստեղծված վիճակը նախանձելի չես համարի: Ցավոք, վիճակը կայուն չէ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Ոլորտի փորձագետները հերթով նշում են, որ մենք այս մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության մեջ ձեռք չենք բերել նոր բարեկամներ, փոխարենը որոշ բարեկամների հետ հասցրել ենք հարաբերություն վատացնել։ Իսկ հարևան թշնամական պետության հետ հարաբերություններում շարժվում ենք վարչապետ Փաշինյանի նշած տրամաբանությամբ՝ Ալիևը կիրթ մարդ է։

Այժմ Հայաստանի համար արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերներ են ծառացած և անգամ վարչապետը չի թաքցնում, որ այս ոլորտում չունենք ձեռքբերումներ. ապացույցը Նիկոլ Փաշինյանն իր ամփոփոիչ ասուլիսն էր, որի 100 փաստերում չէր ներառել գեթ մեկ արտաքին քաղաքական ձեռքբերում՝ Հարևան պետություններ, ՀԱՊԿ, ԵՄ, ԵԱՏՄ, Արցախի հարց… Թվում է, թե վարչապետի միակ անելիքը կենցաղային ձեռքբերումների մասին վիճակագրության հրապարակումն է։

Բայց արտաքին քաղաքականության համար պատասխանատու է թե վարչապետը, թե արտգործնախարարը, թե խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը, որը նաև ամենօրյա աշխատանքի, շփումների արդյունքում պետք է փորձի չեզոքացնել վտանգները և մեզ համար բարեկամներ ձեռք բերել կամ գոնե արձագանքի այս և այլ դեպքերում։

Իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում բուռն պայքար է մղում իրենց իշխանությանը սպառնալիք հանդիսացողների դեմ՝ հերիք է միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական/քաղաքական հետապնդման օրինակը, և հակառակը՝ արտաքին սպառնալիքին արձագանքները կամ չկան, կամ մի տեսակ անհավես են, իրենց չվերաբերվող։

Հեռու չգնանք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը կոշկակարի կրպակ է հիշեցնում, խառնիխուռն լցված է այնտեղ տարատեսակ սելֆիներով և նրան էլ կարծես հետաքրքրում է միայն ներքին քաղաքականությունը, իսկ արտաքին քաղաքական զարգացումները երբեմն հաղորդումն ընդհատող գովազդի պես մտնում-դուրս են գալիս։

Ադրբեջանական կայքերում ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվության տարածում է, ատելության քարոզ, հրադադարի հարյուրավոր խախտումների մասին տեղեկություններ, ադբեջանցու կողմից վիրավորված հայ զինվորներ, մեր իշխանության ներկայացուցիչների կողմից ոչ մի արձագանք։ Ֆեյսբուքյան հասարակությունը օրեր շարունակ քննարկում էր «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ»...» ադրբեջանցի զինվորների գրառումը։ Արձագանք ևս չեղավ։ Կամ Էլմար Մամեդյարովի կողմից առաջ քաշած այս թեզի մասին, իբրև թե ժողովրդավար պետությունը չի կարող օկուպացնել տարածքներ ուրիշ պետությունից․

Չկար նաև անդրադարձ այդքան աղմուկ բարձրացրած և համացանում բուռն քննարկումների առիթ դարձած Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ:

Խորհրդարանական հանձնաժողովի անդամները որևէ արձագանք չեն ուղղում այս իրադարձություններին ու ընդհանրապես, արտաքին քաղաքական զարգացումներին։

Փորձենք հասկանալ, թե խորհրդարանի հիշյալ հանձնաժողովի իշխանական անդամներին որ թեմաներն են հետաքրքրում, ո՞ր թեմաներով են նրանք գրառում անում Ֆեյսբուքում, կա՞ն արդյոք, արդբեջանական հայտարարություններին կամ սահմանին տիրող իրավիճակի մասին գրառումներ։

Օրինակ, հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից եթե ԵԽԽՎ-ում իր ելույթների վերաբերյալ հրապարակումները չլինեն դժվար կլիներ ենթադրել որ նա որևէ կապ ունի արտաքին հարաբերությունների հետ։ Չկա որևէ գրառում արտաքին քաղաքականության կամ իրադարձությունների, կամ գոնե Արցախյան հարցի վերաբերյալ։ Փոխարենը պատգամավորը շատ ակտիվ է ներքաղաքական իրավիճակների վերաբերյալ հրապարակումներ կատարելիս, որևե առիթ բաց չի թողնում գովելու ինքն իրեն, իր հեղափոխական ընկերներին՝ պարտադիր այդ ամենը ներկայացնելով՝ ժողովուրդ՝ մենք հեչ, կեղծավոր կատեգորիաներով, իրականում ինքնասիրահարվածության անզուսպ պոռթկումներով։

Պատկերը նույնն է հանձնաժողովի մյուս անդամների մոտ։

Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծես ավելի մտահոգ է, օրինակ՝ Քոչարյանին մեկ-մեկ ոչ իրենց իշխանության ուզած մեթոդներով դատող արդարադատության խնդիրներով, քան օրինակ՝ որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում շուտով կնշանակվի Բելառուսի թեկնածուն, որն իդեպ, Բաքվում է ապրել, այնտեղ տուն ունի, ընկերներ և այլ ջերմ կապեր։

Միքայել Զոլյան․ սույն երիտասարդ հանձնաժողովականը նույնպես հետաքրքրված չէ արտաքին մարտահրավերներին արձագանքելու առումով, հիմնականում պատմական մտորումներով է կիսվում, շարունակ հպարտանում է հեղափոխության հաղթանակով, երևի հեղափոխական հիմնադրամների թրենինգների ժամանակ այդքանից հետո այլ կարգավորումներ նախատեսված չեն եղել։

Անուշ Բեղլոյան, երիտասարդ հանձնաժողովական տիկինը վերջին ժամանակներն առավելապես մտահոգված է արդարադատության այժմյան «անթույլատրելի» համակարգը փոխելու խնդիրներով, դե հիշում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին երկու նախագահի երաշխավորությամբ, «անթույլատրելի» ազատ էր արձակել «հակահեղափոխական» դատավորը, փոխարենը օրինակ վերցներ հայտնի «դատավոր Հրաչից»։

ՀՀՇ իշխանության հայտնի Հովհաննես Իգիթյանի էջում ևս ոչ մի գրառում չկա արտաքին հարաբերություններում առկա մարտահրավերների հետ կապված, փոխարենը մի քանի՝ իր մասնակցությամբ հեռուստահաղորդման հղում է տեղադրել, որտեղ շարունակում է խոսել սիրված թեմայով՝ ինչպես ժողովուրդը սաստեց ՀՀԿ-ին։ Մեկ էլ տարածել է վարչապետ Փաշինյանի դատարանների մուտքերը փակելու գրառում-կոչը։ Կարծես սահմանին չեն կրակում, զինվոր ու սպա չի վիրավորվում, ադրբեջանցիներն ու թուրքերը օրումեջ հայատյաց հայտարարություններ չեն անում, ՀԱՊԿ քարտուղար չեն նշանակում (առանց մեզ հարցնելու): Միակ խնդիրը բաց մնավցած դատարանների մուտքի «ինքնաբուխ» փակումն է։

Միայն պատգամավոր Տաթև Հովհաննիսյանի էջում, որը նաև ադրբեջանագետ է, կարող ենք տեսնել գրառումներ Արցախյան հարցի վերաբերյալ կամ ի պատասխան Արդբեջանի որոշ հայտարարությունների։ Սակայն երիտասարդ կին պատգամավորը նույնպես շատ ակտիվ է նաև ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ գրառումներ կատարելիս, հատկապես, երբ այն վերաբերվում է վարչապետի կոչին կամ հայտարարություններին։

Ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն այս հարցում փոքր-ինչ ավելի ակտիվ են, սակայն նրանք դարձյալ ակտիվ են առավելագույնը ներքաղաքական հարցերում։

Ստացվում է, որ արտաքին հարցերով զբաղվով հանձնաժողովի անդամները միշտ ունեն ժամանակ տարբեր թեմաներով, հատկապես ներքաղաքական իրավիճակների վերաբերյալ ֆեյսբուքյան քննարկումներով զբաղվելու, երկխոսության մեջ մտնելու իրենց կարծիքը չկիսողների հետ, հագած-պատրաստ կանգնած են մեկ կոչով դատարանների վրա գրոհելու, քայլերթ անելու և այլնի համար, սակայն հենց այն աշխատանքների ուղղությամբ, որ հանրությունից մանդատ են ստացել, ավելին, ստանում են բարձր աշխատավարձ, ոչինչ չեն անում։

Տարված ներքին թշնամու փնտրտուքով, նրանք արտաքին թշնամուն ամբողջությամբ անուշադրության են մատնել, հավանաբար՝ համոզված լինելով, որ իրենց թիմի ղեկավարի Ալիևին տված «մակարդակով» բնորոշումից հետո նրանից վտանգ սպասել պետք չէ։

Այս կույր գործելաոճը խոսում է պետության արտաքին քաղաքականության բացակայության մասին։

Ու այս ամենը տեղի է ունենում մեկ տարի շարունակ՝ հասկանալի դարձնելով, որ այս մարդիկ միայն մեկ բանով են զբաղված՝ իրենց իշխանությունը պահպանելով։ Իսկ երկիր, պետություն, ազգային խնդիրներ․․․ Ծանրաբեռնվել պետք չէ։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ