16 05 2019

Ավելացե՞լ են աշխատատեղերը, թե ոչ. թվեր

Ավելացե՞լ են աշխատատեղերը, թե ոչ. թվեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսների ըանթացքում մի քանի անգամ անդրադարձել է նոր կառավարության ձեռքբերումներին՝ այդ թվում նոր աշխատատեղերի բացմանը: Մասնավորապես, նա նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց.

«Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 37 հազար նոր աշխատող է գրանցվել վերջին վեց ամիսներին, և մենք այդ քաղաքականությունը շարունակելու ենք»:

Ապրիլի 12-ին Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած 10 ամիսների ընթացքում Հայաստանում ավելացել է 51 հազար աշխատատեղ, որը բոլոր աշխատատեղերի 10 տոկոսն է: 51 հազար աշխատատեղի թեզը կրկնեց մայիսի 8-ի ասուլիսում:

Մի կողմ թողնելով տնտեսագիտական և փորձագիտական մեկնաբանությունները, փորձենք այս թվերի իսկությունը պարզենք հետևյալ կերպ:

Զինծառայողների ապահովագրման հիմնադրի գումարները գոյանում են նվիրատվություններից և պարտադիր վճարներից՝ վճարված դրոշմանիշային վճարներից:

Հիմնադրամի կայքէջում նշված է. Դուք պարտավոր եք վճարել դրոշմանիշային վճար, եթե.

1.Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հադիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

2.Աշխատանքային պայմանագրով աշխատում եք ՀՀ տարածքում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

3.Հաշվառված եք ՀՀ-ում և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր եք, ինչպես նաև հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձանցից եկամուտները ստացող անձ

4.Իրականացնում եք նոտարական գործունեություն

5.Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով եկամուտ եք ստանում ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս և հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

6.Աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ եք ստանում, սակայն չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

Եվ այպես, ստորև ներկայացնում ենք 2017 և 2018 թվականներին հիմնադրամի մուտքերը՝ ըստ ամիսների:

տարի 2017 2018 տոկոսային գումարային
1 488.032.000 484.997.000 -0.63% 3.035.000
2 491.531.000 493.483.000 0.40% 1.952.000
3 501.204.000 491.198.000 -2.04% -10.006.000
4 503.476.000 502.032.000 -0.29% -1.444.000
5 508.179.000 493.968.000 -2.88% -14.211.000
6 507.115.000 447.045.000 -13.44% -60.070.000
7 502.291.000 527.019.000 4.69% 24.728.000
8 496.016.000 522.688.000 5.87% 30.672.000
9 496.016.000 512.017.000 3.09% 15.8009.000
10 492.447.000 498.831.000 1.28% 6.384.000
11 482.996.000 495.383.000 2.50% 12.387.000
12 446.614.000 471.123.000 5.20% 24.509.000

Բերված տվյալներից երևում է, որ թեև մեկ տարվա կտրվածքով մուտքերը ավելացել են 5.20 տոկոսով, բայց 2018 թվականի մայիսից սկսած մինչև դեկտեմբեր մուտքերը ամեն ամիս չէ, որ ավելանում են, իսկ մայիսի համեմատությամբ դեկտմեբերին մուտքերը նվազել են 22 845 հազարով, մինչդեռ պետք է ավելանայր:

Եթե անգամ ոչ թե 51 հազար նորաբաց աշխատատեղեր կան, այլ ստվերից դուրս եկածներ, միևնույն է՝ հիմնադրամի մուտքերը պետք է ավելանային: Կամ էլ այդ 1000 դրամ վճարները բոլորի համար չէ, որ պարտադիր են:

Եվ հայտարարությունները, թե հիմնադրամին մուտքերը երբեմն ուշ են անում, հաշվետվությունը տարբեր մեթոդաբանությամբ է, բոլորովին համոզիչ չեն:

Ի դեպ, կառավարության օպտիմալացումները, մասնավոր սեկտորում կրճատումները հանգեցնում են հիմնադրամ մուտքերի էլ ավելի նվազման:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ