16 05 2019

Անկումից առաջ

Անկումից առաջ

Դատարանը քննում է կալանքի տակ պահվող ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին վարչապետ, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Մայիսի 15-ի նիստում 5 ամիս առաջ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնազրկությունն ապացուցելու նպատակով նախագահ Քոչարյանի պաշտպանական խումբն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքին։ Այս քայլն անմիջապես ստիպեց մեղադրող կողմին` առարկություն ներկայացնել` ցուցմունքի հրապարակումը խոչընդոտելու անթաքույց միտումով։ Մինչդեռ, հենց այս կեղծ, բայց «անհրաժեշտ» ցուցմունքի դիմաց է գեներալ-մայոր Կարապետյանը թավշյա պաշտոն ստացել։

Առարկությունը դատավոր Գրիգորյանը մերժեց, սակայն դատախազները չհանձնվեցին ու միջնորդեցին` մասնակի դռնփակ դատական նիստ անցկացնել։ Եվ ըստ կարգի` դատարանն անցավ միջորդության դռնփակ քննարկմանը, թեև պաշտպանական խումբը պնդում է, որ տված շահադիտական ցուցմունքում ոչ մի պետական գաղտնիք չկա։ Դատավարության այսպիսի ընթացքն ինքնին արդեն լրջագույն կասկած է հարուցում թափանցիկ դատավարության առումով։

Խիստ անհրաժեշտ է ակնդետ հետևել նաև ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ու նրա տիկնոջ զուգահեռ ընթացող դատավարությանը։ Բանն այն է, որ նախորդ նիստում գեներալի ինքնազգացողությունը հերթական անգամ ծայրահեղ վատացել է, իսկ նախ նախաքննական մարմինը, հիմա դատարանը նրան բուժվելու հնարավորություն չեն տալիս։ Այս դրսևորումներում կա՛ ակնհայտ միտում, քանի որ գեներալ Մանվելը այն 2 փոխնախարարներից մեկն է, ով 2008-ին տրվել է ԼՏՊ-ի սադրանքին, դասալքություն կատարելով միացել է սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձ ձեռնարկածներին։ Հետևաբար, թավշյա իշխանությունը նրան առաջնահերթորեն մեկուսացրեց, իսկ այսօր ջանում է հնարավորինս արագ «լռեցնել», քանի որ` գեներալը դատարանում վերջապես բազում խիստ անցանկալի փաստեր կկարողանա պատմել ԼՏՊ-ի, Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի և այլոց 11-ամյա վաղեմության ու հատկապես մարտիմեկյան սադրիչ գործունեության ու հանցավոր արարքների մասին։

Օրվա իշխանության ապոգեյն անխուսափելի դարձնող իրավիճակի մասին է հուշում նաև Արցախի ներկայիս ու նախկին նախագահների դատարանին հղած երաշխավորագիրը։ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն իրենց անվերապահ վստահությունն են արտահայտել երբեք ոչ մի դժվարության ու խոչընդոտի առջև չվարանած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Արցախի ղեկավարները նաև համայն մարդկությանն են հավաստիացնում, որ Ռոբերտ Քոչարյանն (ի տարբերություն նրա դեպ քաղաքական հաշվեհարդար ձեռնարկածների) փախչող, խուսափող, ուրիշի հետևում թաքնվող տեսակ չէ։ Նաև թավշյա հեղափոխությունն Արցախ արտահանելու հովերով տարված մերօրյա տրոցկուն միանշանակորեն, ողջ Արցախի անունից զգուշացնում են, որ այլևս Հայոց Աշխարհում միանգամայն այլ իրավիճակ է, որը հեղափոխական հրձիգը չի հասկանում ու անկարող է տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանկարկյանի կարգավիճակում պահելուց ու նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար ձեռնարկելուց առաջացող բազմաբնույթ վտանգներն ու կորուստները, հայ ազգին ու հայոց պետականություններին սպառնացող կործանումը։

Եվ ինչպե՞ս է իր ապոգեյը դիմագրավում թավշյա ռեժիմի վարչապետը։ Նա դատավարության ընթացքը որևէ կերպ պատշաճ, օրինական հունից շեղելու նենգ մտայնությամբ` օրավարձով սադրիչ աշխատող ծայրահեղականների ու փոքրամասնությունների խմբերին գումարում է դպրոցականներին, մանկահասակ երեխաներին։ Այս ամոթալի արարքը մեզ հիշեցնում է 11 տարի առաջ չարենցյան «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տողը շահարկելով` իր աջակիցներին շահադիտորեն մահվան դատապարտած ԼՏՊ-ին, իսկ աշխարհը ակնհայտ զուգահեռներ է տեսնում Բեռլինի անկումը րոպեներ հետաձգելու համար երեխաներին զորակոչած երրորդ ռեյխի առաջնորդի հետ։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ