Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, գրեթե միշտ, հատկապես արտասահմանյան այցելությունների ժամանակ ուղեկցում է ամուսնուն: Կապ չունի՝ այցը պաշտոնակա՞ն է, աշխատանքայի՞ն, թե՝ ճանաչողական, այսինքն կապ չունի նրա մասնակցությունը պարտադի՞ր է, նախատեսվա՞ծ է, թե՝ ոչ: Երբ ամուսնուն ուղեկցելու բոլոր տրամաբանական փաստարկներն ավարտվեցին, առաջ քաշվեց ամենից ամենա հիմնավորումը՝ հուզականը:
«Նման այցերը, երբ ես պաշտոնական պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, նման այցերը միակ հնարավորություն են, որպեսզի մենք շփվենք միմիյանց հետ: Ինչու է միակ հնարավորությունը, որ մենք շփվենք, որովհետև իմ ամուսինը աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն առավոտյան 7:30, վերադառնում է լավագույն դեպքում 21:30, 22:30, կամ 23:00, 24:00: Եթե նույնիսկ 21:30 է վերադառնում փակվում է աշխատասենյանկում, և շարունակում է աշխատել, և ստացվում է, որ մենք շաբաթներով ուղղակի չենք շփվում և դա փաստ է»:
Աննա Հակոբյանն ասում է՝ շաբաթներով իրար հետ չենք շփվում և դա փաստ է: Փաստ է նաև այն, որ այս հարցազրույցից ընդամնեը երկու օր հետո վարչապետի կինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակում՝ Հազվադեպ կիրակի, երբ հայրիկը մնացել է տանը և ակտիվ շփվում է երեխաների հետ գրառմամբ: Փաստ է նաև այն, որ վարչապետը մարտի 8-ին մեկ ամբողջ օր մարտի 8-ին փողոցներում ծաղիկներ էր բաժանում, սելֆիներ անում, երեկոյան զբոսնում Երևանում: Փաստ է նաև այն, որ վարչապետը դրան հաջորդած շաբաթների ընքացքում դուստրերի հետ երկու անգամ այցելել է թատրոն, վիքենդ է անցկացրել Իջևանում՝ մակության ընկերների հետ, իսկ դրան նախորդող կիրակին հաշիվ էր փակում ընկերների հետ ռեստորանում, իսկ դրա նախորդող կիրակին մետրոյով երթևեկում երեխաների հետ, զբոսնում փողոցում, որին նվիրված մի ամբողջ բլոգ ունի վարչապետի բլոգեր դուստրը:
Նպատակ, հակտապես ևս ցանկություն չունենալով ներխուժել ընտանեկան կյանք ու անձնական դաշտ և վիճարկելու Աննա Հակոբյանի կարոտի ֆենոմենը, ոչ էլ քննարկելու վարչապետի և նրա ընտանիքի հանգստի կազմակերպման իրավունքն ու նախընտրությունները, ուղղակի արձանագրենք, որ Աննա Հակոբյանի փաստարկը տասնյակ հակափաստարկներ ունի, այն էլ հուզական դաշտից դուրս:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարբեր առիթներով լինում է նաև ՀՀ մարզերում աշխատանքային կամ չհայտարարված այցերով: Գյումրիում կամ Ռանչպար գյուղում օրինակ Աննա Հակոբյանին ամուսնու կողքին չտեսանք, մեքենայում վստահաբար ևս ազատ տեղ կլիներ, ավելորդ ծախսերի՝ հատկապես ընտանեկան բյուջեից անելու կարիք չէր լինի, իսկ ընտանեկան շփումն էլ կստացվեր: Իհարկե, եթե շփման հարցում նախընտրություններ չկան՝ օրնակ հայաստանյան և արտասահմանյան:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը