14 05 2019

Երկակի ստանդարտներ՝ վտանգավոր հետևանքներով

Երկակի ստանդարտներ՝ վտանգավոր հետևանքներով

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հետաքրքիր զարգացումներ առաջ բերեց: Ներիշխական խմորումներից մինչև տարբեր մակարդակի դավադրության տեսությունների առաջ քաշում: Բայց այս միջադեպը ակհայտ դարձրեց նաև մի շատ կարևոր խնդիր՝ երկակի ստանդարտների առկայությունը:

Այսպես, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնեց, որ Փաշինյանը չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Ավելի ուշ, վարչապետը ևս մի քանի անգամ կրկնեց այս միտքը՝ թե որևէ մեկի անմեղության կանխավարկածը չպետք է խախտել:

Այս առումով մի փոքր թարմացնենք վարչապետի հիշողությունը: Մանվել Գրիգորյանի ձերբակալման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում մանրամասնորեն պատմում էր, թե ինչի համար է ձերբակալվել Գրիգորյանը՝ ասելով, որ գեներալներին ևս իրավունք տրված չի գողանալ զինվորների բաժինը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ժամանակ ՀՀ վարչապետն ասում էր՝ «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած»։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում էր, որ ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական գործ և այն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է:

Անմեղության կանխավարկածի մասին հանկարծ հիշում և պահանջում է նաև Դավիթ Սանասայանը, պաշտոնյա, որ դեռ ՊՎԾ ուսումնասիրությունները չավարտած՝ տարբեր անձանց մեղադրում էր կոռուպցիայի մեջ և գամում անագանքի սյունին: Իսկ նրա այս մեկնաբանությունը թողնենք առանց մեկնաբանության. «Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք…»:

Այս գործի շրջանակներում հավերժ լռելու խստում տված որոշ իրավապահներ հանկարծ սկսեցին իրավական խնդիրներ տեսնել, և ազգ-ԱԱԾ կոնցեպտը փլուզվեց:

Հիշեցնենք, երբ հայտնի գաղտնալսված ձայնագրության դեպքում, որտեղ շատ ուղիղ կերպով ԱԱԾ տնօրենը «գործ է կարում», ասում էին՝ Արթուր Վանեցյանը օրենքի շրջանակներում է գործում, հիմա՝ առանց որևէ փաստական տվյալների՝ նույն Վանեցյանը օրինապաշտից դարձավ գործ շինող:

Եվ այս շղթան կարող ենք անվերջ շարունակել՝ երբ ասում ենք, որ բուհերը պետք է ապաքաղաքականացնել, բայց ստեղծում նոր նախաձեռնություն, որի ակտիվ անդամներից մեկը նաև իշխոսղ կուսակցության մամուլի խոսնակն է, կամ էլ քաղաքական որոշում ենք կայացնում, որ քաղաքական պրոցեսների ժամանակ ուսանողների առաջ դուռ փակող ռեկտորը պետք է ազատվի աշխատանքից:

Կամ, երբ բանկային սև ցուցակում հայտնված քաղաքացիների հին պարտքերը ներում ենք, իսկ նոր պարտքերի համար՝ առաջարկում դատել:

Երբ պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելու համար մաքսայինի աշխատակցին ազատում ենք աշխատանքից, իսկ Կանադայի վարչապետին նույն դրոշով գուլպաներ նվիրում, հետն էլ սելֆիներ անում՝ ի տես աշխարհի: Երբ 22 տարեկանից պահանջում երեք տարվա աշխատանքային փորձ, լեզուների իմացություն, իսկ պետական աշխատանքի նշանակելիս առաջնորդվում՝ փողոց փակելու և ազնիվ լինելու չափանիշներով:

Կասկածելի ջանասիրությամբ պաշտպանվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց խոսելու իրավունքը, իսկ երկրի նախկին նախագահի տապալված ասուլիսը՝ վերագրում այլոց քաղաքացիական իրավունքին:

Վարդգես Գասպարուն շշով խփելը դավաճանություն է համարվում, Լևոն Երանոսյանին խփելը՝ հերոսություն։

Երբ Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների ծախսերում կրճատումներ են արվում՝ բյուջեն խնայելու հիմնավորմամբ, բայց նորսատեղծ, մինչև վերջին օրը անհայտ օրակարգով տոնվող Քաղաքացու օրվա համար հատկացնում հավելյալ 124 միլոն դրամ գումար:

Իշխանական տրամաբանությունից ոգեշնչված մշակությին գործիչներ իրենց ոլորտում առկա խնդիրների մասին խոսելը համարում են անհրաժեշտ քննադատություն, իսկ այլ ոլորտներում՝ հակահեղափոխություն:

Ցանկը, ինչպես ասացինք, կարելի է անվերջ շարունակել, պարզապես պետք է փաստել, որ միանման երևոյթներին տարբեր, իարարամերժ գնահատականներ տալը, ինչպիսն էլ լինի արդարացումն ու մոտիվացիան, լի է վտանգավոր հետևանքներով: Եթե այսպես շարունակվի, սուբյեկտիվ ընկալումների մեջ շատ դժվար է լինելու գտնել օբյեկտիվ իրականությունը, արդարության որոնում էլ՝ անիմաստ:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ