13 05 2019

Նիկոլ Փաշինյանի «փաստեր»-ն ու դրանց հակադրվող իրականությունը. 50 փաստ

Նիկոլ Փաշինյանի «փաստեր»-ն ու դրանց հակադրվող իրականությունը. 50 փաստ

Այսպես կոչված «փաստերի» մամուլի ասուլիսը վկայում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի արդարացրել հարյուր հազարավոր մարդկանց սպասումները, որոնք 1 տարի առաջ հավատացել էին նրա անիրատեսական խոստումներին։ 100 փաստերը կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ բացահայտ կեղծիքներ, նախորդ իշխանության կողմից կյանքի կոչված ծրագրեր, խոստումներ, որոնք դեռեւս պետք է կյանքի կոչել, բայց ներկայացվում է որպես փաստ, ստուգման համար անահասելի, անհասկանալի ժամկետային կտրվածքով ներկայացվող տվյալներ եւ ընթացիկ որոշումներ, որոնք երբեւէ որեւէ կառավարություն չի ներկայացրել որպես ձեռքբերում կամ հաջողություն եւ հանդիսացել է կառավարության պարտականությունը։ Շեշտենք նաեւ, որ նախկինում որպես փաստ ներկայացված մի քանի տվյալներ այս անգամ չներկայացվեց, իսկ բացահայտ ձախողումների ու իրավիճակի վատթարացման մասին Նիկոլ Փաշինյանը բնականաբար ոչինչ չասեց։ Անդրադառնանք փաշինյանական առաջին 50 «փաստերին» եւ իրականությանը։

  1. «Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտներն ավելացել են 29 տոկոսով, ինչը պայմանավորվել է ստվերի կրճատմամբ»։
  2. «Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է գերավճարի ընդհանուր պարտքի 90 տոկոսը»։
  3. «Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 19 մլրդ դրամ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ»

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ - «Կգերակատարվեն»-ը փաստ չէ, ստվերը գրեթե չի կրճատվել, իսկ բյուջեի եկամուտների հետ կատարվող աճպարարությունների, գերավճարի եւ ավելացված արժեքի հարկի վերադարձի թվային ցուցանիշների մասին, որոնք անգամ ասուլիսում հնչածի եւ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով նույնը չէին, անդրադարձել ենք այս հրապարակմամբ

  4. «Հեղափոխությունից հետո տպագրվել է 82 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի, որը 35-40 տոկոս աճ է նախորդ ժամանակաշրջանի համեմատ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Եթե տեղադրվել են նախկինում դրանք չունեցած տնտեսվարողների՝ ի դեպ փոքր բիզնեսի մոտ, ապա կտրոնները պետք է տպագրվեին։ Նշվում է տպագրված կտրոնների քանակը, բայց ոչ դրանց մեջ նշված գումարի չափը։

  5. «Նոր սերնդի ՀԴՄ-ները 150 հազար դրամի փոխարեն ՓՄՁ-ներին տրվում է 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով տարաժամկետ մարել։ Այս շուկայում բացվել է 2 նոր ընկերություն»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Հրաշալի մանիպուլյացիա՝ նախապես հայտարարվում է, 160 (ոչ թե 150) հազար դրամ արժողության մասին, ապա «մեծահոգաբար» այն իջեցվում է։ Նույն կերպ կարելի է սկզբնապես հայտարարել որ դրանք արժենք 600 հազար դրամ, ապա 10 անգամ իջեցնել։ Ընկերություններն այստեղ միշտ էլ մի քանիսն են եղել։

  6. «51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղերն են»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Առանց «ենթադրաբարի», նոր բացված աշխաատեղեր չկան։ Կան փակված ավելի քան 20 հազար աշխատատեղեր։ Ստվերից դուրս են բերվել աշխատատեղեր, բայց ստվերն ընդհանուր առմամբ (հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը), ինչպես նշվեց վերեում, գրեթե չի նվազել։

  7. «Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աճի տեմպերը, այսուհետ հնարավոր է մեքենաները մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք աշխատում են այլևս առանց ընդմիջումների»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ – Քայլը կյանքի է կոչվել նախորդ կառավարության ժամանակ ։

  8. «Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - «Կբարձրանան»-ը փաստ չէ։

  9. «Պահուստային ֆոնդից 5․7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Ընդ որում, մարզերում բնակվողների համար պետությունը պարտավորություններն ամբողջությամբ կկատարի, Երևանում՝ մասնակիորեն»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Նախկինում սկսված գործընթաց։ Ներկայումս տրամադրվող գումարն էլ դժգոհությունների եւ կառավարության շենքի դիմաց ցույցերի պատճառ է դարձել։ Բանն այն է, որ անհնար է տրվող գումարով բնակարան գնել:

  10. «Շուրջ 700-ով պակասել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը, նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են պետական սահմանի պահպանությանը»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Անհասկանալի է, թե այստեղ ո՞րն է հպարտանալու պատճառը՝ ժամկետային զինծառայողներն էլ, ոստիկանության զորքերում ծառայողներն էլ մեր հայրենակիցներն են եւ բոլորի կյանքն էլ մեզ համար թանկ է եւ անփոխարինելի։

  11. «Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրակադրվել զորամասերին»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Վերջին տարիներին մեծ թափով ընթացքող գործընթաց։ Մինչդեռ չի նշվում, թե արվածը քանի տարվա ընթացքում է եղել։

  12. «Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որը ներառում է լավաշ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Տարեց տարի բարելավվել է սննդակարգը եւ գործընթացի շարունակականությունը ապահովելը կառավարության պարտականությունն է, այլ ոչ թե ինքնագովեստի առարկա։

  13. «Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիկներով։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Պարզապես զավեշտալի է սա ձեռքբերումն ներկայացնելը։

  14.  «Հայաստանը սկսել է ՍՈւ130ՍՄ-ների ձեռքբերման գործընթաց»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Այդ մասին պայմանագիրը կնքվել է 2013 թ․-ին։

  15. «Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016թթ․ ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Ի՞նչ կապ ունի այստեղ Նիկոլ Փաշինյանը։ Հավաքվել է այնքան գումար, որը հնարավորություն է տվել փոխհատուցել նաեւ հիշված ժամանակահատվածում զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին։

  16. «410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ըտանիքներին»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Մշտական գործընթաց, որը պարզապես շարունակվել է։

  17. «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է։ Եվս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Խոսքը եկամտային հարկի եւ կուտակային հիմնադրամների վճարումներին է վերաբերվում՝ ամսական միջինը 4-5 հազար դրամի բարձրացման մասին է խոսքը։ Փոխարենը՝ նվազել են կուտակային համակարգ նոր մուտք գործած մոտ 100 հազար մարդկանց փաստացի աշխատավարձերը, իսկ ընդհանրապես կուտակային հիմնադրամների վճարումների հետագա տոկոսային փոփոխությունները բերելու են ոչ թե իրական աշխատավարձի ավելացման, այլ իջնելուն։ Եվս 200 հազար մարդը, հավանաբար, եկամտային հարկի համահարթեցման 23 տոկոս մասին է։ Դա չի ազդելու մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ հարյուր հազարավոր ստացողների վրա, իսկ ահա բարձր աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձը իսկապես կբարձրանա։ Անարդար մոտեցում՝ բարձրացում բացառապես բարձր եկամուտ ունեցողների եւ անփոփոխ եկամուտ՝ ցածր աշխատավարձ ստացողների համար։

  18. «85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության գծից դուրս թողնելու համար»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Խոսքը 18-19 հազար դրամ ստացող մարդկանց մասին է, որոնք ստանում են բազային կենսաթոշակ, քանի որ չունեն աշխատանքային ստաժ՝ չեն աշխատել ամբողջ կյանքում։ Նրանք կստանան 25 հազար դրամ։ Մի կողմից անարդար մոտեցում, ամբողջ կյանքում չաշխատածների համար գումար է բարձրանում, իսկ աշխատածների թոշակները մնում են նույնը, մյուս կողմից՝ ընդամենը 6 հազար դրամի մասին է խոսքը։

  19. «Ի հեճուկս ստորագրած պայմանագրի, խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Սոցիալապես անապահովների համար 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Ջուրը թանկացել է, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ կառավարությունը համաձայնվել է նվազեցնել եւ հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։ Գազի էժանացման ծախսն էլ իր վրա է վերցեր «Գազպրոմ Արմենիան», հոսանքինը՝ ՀԷՑ-ը, իսկ Նիկոլ Փաշինյանը վերագրում է իրեն։

  20. «2018 թվականի հունիսի 1-ից, այնուհետև 2019թ․հունվարի 1-ից բարձրացել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձերը գրեթե 30 տոկոսով»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Իսկապես առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են, բժիշկների դեպքում՝ 10-20 հազար դրամով։

  21. «Մի շարք պետական բուհերում բարձրացել է աշխատակիցների աշխատավարձերը։ Բարձրացել է թվով 2600 դասախոսների աշխատավարձ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Բուհերի դասախոսների աշխատավարձերը հիմնականում ձեւավորվում են ուսանողների ուսման վճարներից։ Եթե նման բարձրացում եղել է, ի՞նչ կապ ունի այստեղ կառավարությունը։

  22. «Ատոմակայանի 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկոսով»։
  23. «Բնության հատուկ պահպանվող ՊՈԱԿ-ների 530 աշխատողների աշխատավարձերը բարձրացել են մինչև 100 տոկոսով»։
  24. «Ներդրվել է ոստիկանության ծառայողների պարգևատրման համակարգ, որի արդյունքում 2019 թվականի հունվար-մարտ ամիսների համար վճարվել է դրույքաչափերի որոշակի մասով պարգևավճար։ Հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման համար կարող են ստանալ ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճար»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Նիկոլ Փաշինյանի հայտարարած ոստիկանների 20 տոկոս աշխատավարձի բարձրացման մասին այստեղ չի խոսվում եւ ընդհանրապես անհնար է պարզել, թե վերոնշյալ բարձրացումները որքանո՞վ են իրականությանը համապատասխան եւ եթե եղել են, ապա ե՞րբ եւ ինչի՞ հաշվին։ Հաճախ է խոսվում կրճատումների հաշվին մնացողների աշխատավարձի բարձրացման մասին։

  25. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երրորդ երեխայի ծնդյան դեպքում եռապատկվցել է՝ 50 հազար դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Իրականությանը համապատասխանում է, բայց զրո արդյունավետություն ունեցող որոշում ծնելիության խթանման առումով։

  26. «Կառավարության որոշման արդյունքում, 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն։ Թրաֆիքինգի զոհ ճնաչված անչափահասները կստանան 250 հազար դրամի միանվագ դրամական աջակցություն»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - «Կստանան»-ը փաստ չէ։

  27. «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերին հնարավորություն է տվել ներել ֆիզիկական անձանց պարտքերի արդյունքում գրանցված տույժ-տուգանքները, ինչի արդյունքում ինչ օրս ներվել է շուրջ 20 հազար վարկառուի ժամկետանց տույժ-տուգանքները 11․5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով»։
  28. «Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը, ովքեր ունեին մինչև 50 հազար դրամ վարկային պարտավորություն կամ հանդիսանում էին համավարկառու և երաշխավոր»։
  29. «Կառավարության նախաձեռնությամբ, 303 բռնադատված անձանց կամ նրանց ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 1,3 մլրդ դրամի վարկեր»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Նշվածը հերքող բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել։ Չխոսելով այն մասին, որ նման կերպ անարդար են վարվում պարտաճանաչ վարկառուների նկատմամբ։ Բանկերն էլ համատարած գործողություններ չեն անում եւ, բնականաբար, չեն կարող անել առանց իրենց ռիսկերը հաշվի առնելու։

  30. «Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 կազմակերպության, որից 19-ը ստացել է ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում են շուրջ 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Գործընթացը սկսվել է 2009-2010 թվականներից եւ հրապարակված ցուցանիշների մեծամասնությունը նախորդ տարիներին ընդունված որոշումներն են։ 255մլրդ դրամի ներդրումների չափն էլ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած եւ այդպես էլ տեղի չունեցած «ներդրումային բումը»։

  31. Փոքր և միջին այսպես ասած՝ խելացի անասնաշենքերի կառուցման կամ վրակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի հետվերադարձ կկատարվի։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - «Կկատարվի»-ն փաստ չէ, իսկ խելացի անասնաշենքերն էլ դեռ կառուցված չեն։

  32. «Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման համար տրվում են վարկեր 2 տոկոսով, գյուղատնտեսական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոսով»։
  33. «Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման և կարկտապաշտպան ցանկերի վարկերը տրամադրվում են 0-2 տոկոսով»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Նման վարկերը տրվում են արդեն մի քանի տարի։

  34. «2018թ․ մթերված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղատնտեսներին չվճարած գումարը կազմել է ընդամենը մթերվածի 0,7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, որեղելէ 5,9 տոկոսը»։
  35. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Դարձյալ անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի այստեղ կառավարությունը։ Խոսքը գյուղացու եւ մթերող ընկերության միջեւ գործարքների մասին է։

  36. «Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար իրականացվել են դասընթացներ, որի արդյունքում բիզնես են հիմնել 120-ը, որից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն։ Դպրոցներում ներդրվել է ֆինանսական կրթություն և տեխնոլոգիական առարկաների կրթություն՝ ձեռնարկատիրական գործունեության նկատառումներով»։
  37. «Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018թ․համայնքներումիրականացրելէ 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով»։
  38. «2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտները աճել են 2 մլրդ դրամով»։
  39. «Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելածները վաճառել խոշորագույն հարթակում, ինչն առաջ անհնար էր»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Նման քայլեր կատարվել են նախկինում եւ երբեք չեն համարվել այնքան կարեւոր, որ դրանց մասին հայտարարի վարչապետը։

  40. «10.5 մլն դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է Ինժեներական քաղաք ծրագիրը։ ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19․552-ի»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Երկու տարբեր «փաստեր», որից առաջինը դեռեւս տեսական վիճակում է, իսկ երկրորդը արդյունք է առնվազն 2000 թվականից սկսված ՏՏ ոլորտը գերակայություն հայտարարած նախորդ կառավարությունների ջանքերի։

  41. «Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում ԿԳ նախարարության ուսումնարանները մասնագետներ են պատրաստվում այդ մասնագետների համար»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Գործընթացը սկսվել եւ ընթանում է առնվազն 6 տարի։

  42. «Հանրակրթական ուսումնական հաստատություններին ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019 թվականի համար 352 մլն դրամ, ինչի արդյուքում 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Գործընթացը սկսվել եւ իրականացվել է նախորդ կառավարությունների կողմից, հիմա պարզապես շարունակվում է։

  43. «Կառավարության մշակած և վերջնական ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերության ոլորտի մետաղաքական հանքաքարի արդյունահանման իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Այսինքն, առաջիկայում չենք ունենա հարց, թե հանքն ում է պատկանում»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Ընկերությունները գրացվում են պետական ռեգիստրում, հաշվառվում հարկային մարմնում, հետեւաբար անհնար չէ պարզել, թե ո՞վ է այս կամ այն ընկերության սեփականատերը։ Թե ո՞րն է այս «փաստ»-ը որպես նվաճում ներկայացնելը, անհասկանալի է։ Բացի այդ, գործընթացը մեկնարկել է Կարեն Կարապետյանի վարչապետության հենց սկզբից:

  44. «Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13․7 մլրդդրամտուգանքիգումարվճարելուպարտավորությունից»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Թե դրա հետևանքով որքան է ավելացել ճանապարհային երթեւկության խախտումները, թերեւս ավելորդ է հերթական անգամ մանրամասնել։  

  45. «Փաստը կրկնվում է»
  46. «Ուսանողական վարկերը հասանելի են համապատասխանաբար տարեկան 6 տոկոսով բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և 7 տոկոսով՝ մյուսների համար»։
  47. «Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի»։
  48. «Վարկային միջոցներին արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներում առկա հարկային պարտավորություններից ավելի գումարները, որոնք նախկինում սառեցվում էին»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Կենտրոնական Բանկի վերահսկողության տակ գտնվող գործընթացներ։ 47-րդ կետը գովելի քայլ է:

  49. 2018 թվականի հոկտեմբերին եվրոպական ներդրումային բանկի և ԿԲ միջև կնքվել է 50 մլն եվրո վարկային պայմանագիր ՓՄՁ վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Բազմաթիվ, տասնյակներով նման համաձյանգրեր են կնքվել տարբեր միջազգային ֆինանսկան կազմակերպությունների հետ տարիներ շարունակ։

  50. 2019 թվականի օգոստոսից գովազդների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքը այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում։ Կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքների միջև գոյություն ունի տարբերություն։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Ոչ մի նոր փաստ, նման խնդիր ԿԲ կողմից դրվել եւ արդեն կիրառվում է արդեն մի քանի տարի։ Խնդիրը կարող է լինել արդյունավետ վերահսկողություն սահմանելը, որպեսզի չանտեսվի այս պահանջը։

  51. «Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով»։

    ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - Սրտի ստենտավորման գները ավելի մեծ չափերով՝ օրինակ՝ 2016-ին նվազել են 500-600 հազար դրամով, 2017-ին՝ եւս 700 հազար դրամով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ