Արժե՞ր, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու պաշտոնավարող ղեկավար Բակո Սահակյանը դիմեին ՀՀ իշխանություններին, ասենք՝ գլխավոր դատախազին: Գեղեցիկ և լավ ժեստ է: Բայց ո՞ւմ են դիմել: Եվ ի՞նչ հարցով: Դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, հարցն էլ, ինչպես հայտնի է՝ Արցախի առաջին նախագահ, մինչ այդ՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը կամ խափանման միջոցը փոխելն է:
Դիմումի հասցեատերն արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը պիտի լիներ: Դա թող իրավունքի մասնագետները պատասխանեն: Ընդհանուր մտահղացումն էր, որ կանխորոշված ելքով հարցադրման տպավորություն էր թողնում: Եթե այն հինմավորումը, որով ՀՀ իշխանություններին դիմել էին Արցախի պաշտոնաթող ու գործող նախագահները Երևանի իշխանական աշխատասենյակներում հիմա նստածները գիտակցող լինեին, Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէր լինի:
Ի՞նչ էին նշել Արցախի նախկին ու ներկա երկու ղեկավարները իրենց դիմումի մեջ: Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նշել էին. «…ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը:
Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը:
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին:
Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար:
Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:
Այնքան պարզ է շարադրանքի միտքն ու հիմնավորումներն էլ այնքան որոշակի են, որ նույնիսկ լրացուցիչ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա: Բայց եթե այդ հիմնավորումները հասկանալի ու ընդունելի լինեին փողոցային հուզումների կամ հեղափոխական ցնցման ալիքի վրա 1 տարի առաջ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին ու նրա «քաղաքական թիմին», ապա Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահը կալանավորված չէր լինի՝ անկախ այն բանից, թե ինչ մեղադրանքներ են նրան ներկայացված որևէ քրեական գործով: Ոչ մեկը չի ասում՝ մեղադրանքներ չներկայացվեն կամ քննություն չիրականացվի, կամ դատ չլինի: Այս դեպքում հիմնական կամ միակ հարցը հենց այն է, թե այդ ի՞նչ սուպեր անհրաժեշտություն կար ու կա՝ կալանքի տակ պահել Արցախի ու ՀՀ նախկին ղեկավարներից մեկին, առավել ևս՝ եթե նա ոչ միայն միտումնավոր չի խուսափել քննությունից, այլև արտասահմաններից ելել-եկել է հայրենիք, հստակ գիտակցելով, թե ինչ կարգի մեղադրանքներ «հեղափոխական» իշխանություններն կարող էին իրեն ներկայացնել, հաշվի առնելով նախկինում արտաբերածները, կամ, որ կարող է նաև կալանավորվել: Բայց վերադարձավ, իր ասելով, իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու։
Գլխավոր դատախազ Դավթյանն ինչ-որ բան էր պատասխանել, սակայն ավելի հետաքրքիր էր այն, թե ինչպես արձագանքեց Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորաբար ասաց. «Մարդկային առումով դա կարող եմ հասկանալ, ենթադրում եմ, որ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն: Բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության հետ կապված խնդիր ենք լուծում, օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ի՞նչն է պատճառը: Եթե սկզբունք ենք պահում, Արցախի հերոս է, չէ։ Ի՞նչ սկզբունք է գործել։ Եթե որևէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանի, չափազանց սխալվում է։ Իմ կարծիքով, եթե չեմ սխալվում դե յուրե, Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է։ Այստեղ պետք է հականալ սկզբունքը որն է»:
Հաստատ այն կարծիքը չունենք, թե Նիկոլ Փաշինյանը չի հասկացել կամ չի հասկանում, թե ինչի վրա են շեշտը դրել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ իրենց համատեղ դիմում-հայտարարության մեջ: Նիկոլ Փաշինյանը, միտումնավոր անտեսում է այն, և մանիպուլյացիոն հնարքի դիմելով, առաջ է բերում Արցախի հերոսի պարագան: Այնինչ, դիմող նախագահները չափազանց պարզ նշել են ամենից կարևորը։
Մեջբերենք նորից «․․․պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար:» Իսկ այս հատվածը, կարծում եմ ուղղիղ Փաշինյանին էր ուղղված․ «Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:
Միասնականության ազդակ հակառակորդի համար՝ այսքանն էր պետք հասկանալ ու ընկալել, որը պարզվեց դժվար է։
Նիկոլ Փաշինյանը, ինչքան իր լծակները և իրական իշխանությունը ներում են, Ռոբերտ Քոչարյանին կշարունակի պահել կալանքի տակ, որը ապացուցվեց հերթական անգամ:
Հակառակ դեպքում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ուղղակի չէր կիրառվի: Բայց դրա՞ համար էր ԱԱԾ ղեղավարը վարչապետին զանգում: Հակառակը, կալանք կիրառելու նպատակով էին իրար զանգում, դատավորի հեռախոսային «զեկուցումներից» խոսում, «ուզես-չուզես, պիտի կալանք տաս» կարգադրում:
Հակառակ դեպքում, երկրորդ անգամ կալանքի որոշումը ամեն գնով չէին բերի ու ԱԺ արտահերթ ընտրությունների նախօրյակին կազմակերպի, այն էլ՝ դեկտեմբերի 7-ին՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: Ու Հայաստանի այն նախկին ղեկավարի հանդեպ, որ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում հատուկ մոտեցմամբ ու նախաձեռնած ծրագրերով մեծամասամբ հասավ Աղետի գոտու վերականգնմանը, լինի դա Սպիտակում, Վանաձորում, թե հենց Գյումրիում, ինչքան էլ որ հիմա ոմանք կամ շատերն ուրանան:
Հակառակ դեպքում, Ռոբերտ Քոչարյանին չէին խոչընդոտի, որ հարգանքի վերջին տուրք մատուցի Շառլ Ազնավուրին: Ռոբերտ Քոչարյաննը, ի՞նչ է, Փարիզո՞ւմ էր մնալու: Ոչ, իհարկե:
Բայց բոլոր նման դեպքերում նոր իշխանության ղեկավարի ու նրա մերձավոր շրջապատի վրեժխնդիր մոտեցումը տիրապետել է այլ մոտեցումների վրա:
Ոչինչ չէր խանգարում, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ՀՀ գլխավոր դատախազի գործառույթները բացատրելու փոխարեն, պարզապես հարգեին նախագահների դիմումը՝ դեմ չլինելու իրենց վերաբերմունքը բարձրաձայնելով: Բայց դա չլինող բան էր, որովհետև «հեղափոխական» ընթացիկ կառավարիչներն ու կառավարչապետը, առաջին հերթին՝ վրեժ լուծելով են զբաղված: Երկրորդ հերթին էլ՝ չունեն նման լայնախոհություն, իսկ եթե ունեն, ուրեմն միգուցե՝ այդքան «դուխ» չունեն, որ այն գործնականում դրսևորեն: Ու «սիմվոլիկ» են այդ մոտեցումները: Հնարավոր է, նաև՝ սիմպտոմիկ:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը