07 05 2019

Ռուսաստանի դերը և հակառուսական հիստերիայի վտանգները

Ռուսաստանի դերը և հակառուսական հիստերիայի վտանգները

Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ մեծ մասնաբաժին ունեն` հիմա և մասնավորապես նախկինում, համակարգված հակառուսաստանյան քարոզչություն իրականացնող շրջանակները՝ մեդիա-քաղհասարակություն-փորձագետ-իրավապաշտպան կոչվող և այդ գործունեության համար ամերիկյան և եվրոպական պետական և մասնավոր հիմնադրամներից ֆինանսավորվող մարդիկ։ Լինելով իշխանության մաս, նրանք կարող են պարզապես «realpolitik»-ում իրականացնել այն, ինչ մինչ այդ քարոզում էին։ Օրինակ, երբեք պահը չեն կորցնում Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի դեմ հիստերիա բարձրացնելու համար՝ հերթական անգամ ապացուցելով հանուն փողի սեփական երկրի շահերին հակասող ցանկացած քայլին գնալու պատրաստակամությունը։ Այս անգամ առիթը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առնչվող դիպվածն էր։

Շատերին թվում է, թե Հայաստանը ասենք Նոր Զելանդիայի պես աշխարհագրական դիրք ունի և որ մեզ ոչ ոք չի սպառնում։ Մինչդեռ Հայաստանը աշխարհում թերևս բացառիկ երկիր է, որը գտնվում է երկու թշնամի և մեզ ոչնչացնել ցանկացող պետությունների հարևանությամբ։ Հիմա մոդայիկ է ասել՝ «հույսներս միայն մեզ վրա կարող ենք դնել» և այլն և որքան էլ ճշմարիտ են այդտեսակ խոսքերը, նաև ակնհայտ է, որ առանց միասնականության, Արցախի, Սփյուռքի հայերի և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակցության, Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական դիմակայությանը։ Սա թվում է թե, պարզ է, բայց սրա մասին քիչ հետո։

Այնպես է ստացվել որ տնտեսական առումով ևս Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, առանց որի Հայաստանի տնտեսությունը պարզապես կկանգնի փլուզման եզրին։ Խոսենք փաստերով։

Հայաստանը տարիներ շարունակ ամենաէժան գազն է ստանում Ռուսաստանից, որը ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլև հնարավորություն տալիս պահպանել հայկական ապրանքների մրցունակությունը, որոնց արտադրության մեջ գազ է օգտագործվում։ Սրա մասին շատ է խոսվել, մանրամասների կարիք երևի թե չկա։

Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիք ենք ստանում Ռուսաստանից։ Այլ երկրից վառելիք անհնար է գնել՝ կա անհամապատասխանություն։ Բացի այդ, ատոմակայանի գործունեությունը ևս 10 տարով երկարացնելու համար դարձյալ Ռուսաստանից ստացել ենք 270 մլն դոլար էժան վարկ և 30 մլն դոլարի տեխնիկական օգնություն, իսկ հայկական ԱԷԿ-ի վերազինման աշխատանքներն իրականցնում են դարձյալ Ռուսաստանից ժամանած մասնագետները։ Թե ինչ նշանակություն ունի ատոմակայանը Հայաստանի համար, պարզ է։ Հիշենք միայն, որ 90-ականներին, երբ այն չէր գործում, ողջ Հայաստանը հայտվել էր էներգետիկ դաժան ճգնաժամի մեջ, որն ընդգրկել էր մեր կյանքի բոլոր ոլորտները։

Հայկական ապրանքները, մասնավորապես պատրաստի արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։ 2018 թ․-ին Ռուսաստան արտահանել ենք 666,5 մլն դոլարի ապրանքներ, որը մեր արտահանման ամենամեծ մասնաբաժինն ունի՝ 27,6 տոկոս։ Բարդ չէ հասկանալ, որ այս ցուցանիշների հետևում հարյուրավոր հայկական ձեռնարկություններ են, դրանցում աշխատող հազարավոր մարդիկ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանք ստեղծող տասնյակ հազարավոր գյուղացիներ։ Հայկական ապրանքը քիչ թե շատ ճանաչելի է Ռուսաստանում, այլ շուկաներում ճանաչելի դարձնելու, ապա նաև այդ շուկաների ստանդարտներին համապատասխանեցնելու համար ժամանակ և միջոցներ են պետք։ Թե միջոցներ ներդնելուց հետո որքա՞ն կբարձրանան արտադրվող հայկական ապրանքների ինքնարժեքը և գնային առումով որքանո՞վ մրցունակ կլինեն, բարդ է ասելը։ Հարց է առաջանում ինչո՞ւ կորցնել կամ հարցականի տակ դնել այն շուկան, որն ունենք և գործազուրկ դարձնել ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցների և առանց եկամտի թողնել տասնյակ հազարավոր գյուղացիների։ Հանուն նրա, որ մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ շարունակեն հակառուսաստանյան քարոզչության համար առատորեն վարձարտվե՞լ։

Ռուսաստանում են աշխատանքային գործունեությամբ զբաղվում Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց համար մեր երկրի ԵԱՏՄ մտնելուց հետո անձնագրային խնդիրն այլևս գոյություն չունի։ Այդ մարդիկ իրենց աշխատած գումարներն են ուղարկում Հայաստան իրենց հարազատներին։ 2018 թ․-ին Ռուսաստանից Հայաստան այդ ճանապարհով մտել է 1 մլրդ 785 մլն դոլար։ Դա Հայաստանի անցյալ տարվա պետական բյուջեի եկամուտների (մոտ 2 մլրդ 776 մլն դոլար) 65 տոկոսի չափ կազմող գումար է։ Այստեղ ևս մեկնաբանություններն ավելորդ են։

Ներդրումների մասին։ Ռուսաստանը Հայաստանում խոշորագույն ներդրողն է։ Ավելի քան 4 մլրդ դոլար են ներդրվել ռուսական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում, 1500-ից ավելի ձեռնարկություններ կան ռուսական կապիտալով։ Բավարարվենք թվարկելով միայն խոշորներին՝ «Գազպրոմ Արմենիա», «Հարավկովկասյան երկաթուղի», «Բիլայն», «ՄՏՍ», «Ռոստելեկոմ», «Արմենալ», «ՎՏԲ բանկ», «Գեոպրոմայնինգ գոլդ» և այլն։ Ընդգծենք, որ այս ձեռնարկություններում նույնպես տասնյակ հազարավոր աշխատատեղեր են, Հայաստանի պետական բյուջեի եկամուտների խոշոր համալրումներ և որևէ այլ երկրի կողմից նման ծավալի ներդրումներ չեն կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։

Այժմ աշխարհաքաղաքական և ռազմական կացության վերաբերյալ։ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանվում է Ռուսաստանից էժան՝ գործարանային գնով հայկական բանակի համար ձեռք բերված, երբեմն էլ անվճար մեզ տրամադրվող սպառազինությամբ։ Սա ոմանք հակում ունեն «մոռանալ»։ Ավելին, ռուսական կողմը, նաև էժան վարկ է տալիս մեզ, որպեսզի էժան գնով իր գործարաններից ժամանակակից զինատեսակներ գնենք։ Նման երկու վարկային ծրագրեր արդեն կան և կյանքի են կոչվում՝ 200 մլն դոլար, ապա 100 մլն դոլար արժողությամբ։

Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, բայց միայն դա բավարար չի, որպեսզի նման հավասակշռություն պահպանենք Թուրքիայի հետ։ Նաև ենթադրվում է որ, ռուսական ռազմական ներկայությունն է, որ Թուրքիային հնարավորություն չի տալիս առիթն ունենալուն պես, զինված ներխուժում իրականացնել Հայաստան։ Այդ երկրի համար դժվար չէ դրա համար պատրվակ գտնել, ինչպես գտնում են Սիրիա, Իրաք ներխուժելուց և ինչպես գտան Եվրոմիության երկիր Կիպրոս ներխուժելիս և մինչ օրս տարածքի մի մասը օկուպացրած պահելուց։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն ոչ այն ժամանակ, ոչ հիմա ոչինչ չարեցին թույլ չտալու համար թուրքական ներխուժումը Կիպրոս։ Սա ի գիտություն նրանց համար, որոնք Հայաստանին այլ ռազմավարական գործընկեր են փնտրում։

Դժվար չէ հասկանալ, որ եթե քո երկիրն ունի սահմանափակ տարածք, կիսաշրջափակված վիճակ, մոտ 3 մլն բնակչություն, ապա նրա համար պարզապես անհնար կլինի դիմակայել մեր խնդիրները չունեցող, մի կողմից՝ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիայի և մյուս կողմից՝ 9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի հետ միանգամից։ Սա է իրականությունը, ուզենք չուզենք։

Մի փոքրիկ համեմատություն ռազմական ոլորտից։ Եթե թուրքական զինուժն ունի 4000 տանկ կամ 5000 զրահապատ մարտական մեքենա, իսկ մեր ունեցածն ավելի քան 10 անգամ դրանից պակաս է, որն էլ հիմնականում կենտրոնացնում ենք Ադրբեջանի դեմ, ապա ինչպե՞ս է հնարավոր լինելու միայնակ երկու ճակատով պատերազմել։ Հայաստանում ռուսական ռազմական բազային դեմ հանդես եկողները և Հայաստանը «ռուսական գաղութ» համարողները մտածե՞լ են այս մասին։  

Սրանք այն հիմնական և անառարկելի փաստարկներն են, որոնք պետք է գիտակցենք մենք։ Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունները կարողացել են Ռուսաստանի հետ կայուն, արժանապատիվ, փոխշահավետ և փոխվստահելի ռազմավարական համագործակցություն իրականացնել։ Հակառակ Ռուսաստանի հետ «փայլուն հարաբերությունների» մասին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականության, իշխանության մեջ մեծաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և արևմուտքից ֆինանսավորվող քաղաքական այլ ուժերի կողմից Ռուսաստանի հանդեպ ատելության բացահայտ քարոզչության պատճառով, ցավոք, վստահության լուրջ ճգնաժամ է առաջացել ռուսական կողմի մոտ։ Իշխանությունը պարտավոր է դրսևորել աննախադեպ հմտություն և զգուշություն, այլապես, այս հարցերում, դիլենտանտիզմը կարող է անդառնալի հետևանքների բերել։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ