07 05 2019

Խորոված, քյաբաբ, մանղալ ու տեսարաններ, անվե՛րջ տեսարաններ

Խորոված, քյաբաբ, մանղալ ու տեսարաններ, անվե՛րջ տեսարաններ

«Քաղաքացու օրը» ու այդ օրվա դևիզով անցկացված տոնական միջոցառումները արհեստականի տպավորություն թողեցին: Նախորդ տարի, փողոցային պայքարով ու ճանապարհներ փակելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր գվարդիան հատուկ ջանքեր չէին գործադրել, որ իրենց հորինած նոր տոնին գաղափարական բովանդակություն հաղորդեն: Կողքից նայողին կարող էր անգամ թվել, թե դա գարնան գալուստին նվիրված ինչ-որ տոնախմբային ծես էր՝ խորոված-քյաբաբ-մանղալով: Ասենք՝ «Խորոված-քյաբաբի փառատոն»: Մեկ տարի առաջվա ոգևորվածությունը չկար՝ անիծյալ «հանցավոր ռեժիմից» ազատվելու հետ կապված, իսկ խորովածն էլ, այնպիսի բան է, որ միշտ էլ «մուֆթչիների» կարելի է հավաքել մանղալի շուրջ: Մեկից՝ մեկ կհավաքվեն, եթե մանղալը կամ մանղալներն էլ «պռասպեկտի» վրա շարես: Իսկ երկրի գլխավոր սելֆի-մոդել վարչապետն էլ ներկա լինի:

Այդ ամբողջ տոնական անցուդարձից մի քանի բան առավել ուժեղ տպավորվեց. 124 միլիոնի ծախսը, «Միտքդ վառ պահի» գրությամբ միջակից էլ ցածր մակարդակով արված պոստերներն ու արագի մեջ տպված շապիկները, մեկ էլ այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրեցին, թե՝ «Իջևանի խոզ է, պարոն վարչապետ...», նա էլ, թե՝ զգացի կամ նման մի բան ասաց՝ ճաշակելուն զուգահեռ:

Տեսարան էր: Հին Հռոմում ասում էին, թե տո՛ւր պլեբեյներին հաց և տեսարաններ ու արխային կառավարիր նրանց: Խորոված-քյաբաբը, սովորաբար, հացի տեղ անցնում է, մանավանդ, լավաշով փաթաթելիս:

Բայց իրավիճակի աղն այն է, որ «Քաղաքացու օրը» խորոված-քյաբաբն էլ էր տեսարան: Այսինքն՝ տեսարան ու տեսարան էր:

Շատերը, մանավանդ, գործող իշխանության ֆեյսբուքյան, տաքսիստային ու այլ քննադատողների շարքերից, ինչքան կարող էին՝ ծիղաղեցին, արտահայտվեցին, գուցեև՝ «ղժժացին» հեղափոխական «տժժիկների» վրա: Եղան 124 միլիոն դրամ ծախսի հաշվետվություն պահանջողներ: Բայց դրանք մանրուքներ են:

Կարևոր մանրուք է, օրինակ, հաշվետվություն տալը, պարզելը՝ արդյոք նոր իշխանավորները ԽԾԲ-ո՞վ, այսինքն՝ խնամի-ծանոթ-բարեկամո՞վ չեն կազմակերպել պետական միջոցների ծախսը, այս գործը մեր այս ծանոթին, այն մի միջոցառման համար ծախսերն այն մոտիկի ընկերությանը: Դե գիտեք, ինչպես առաջներում, բայց էսպես ավելի «թավշյա» ձևերով ու «սիրում ենք բոլորիդ, գրկում և համբուրում ենք» ձևական արտահայտություններով, որոնցից պլեբեյների ու ֆեյսբուքյան ֆեյքերի մի մասն ուշագնաց է լինում: Կան ֆեյքեր, իսկ գուցե ոչ էլ՝ ֆեյքեր, որ անգամ պետության բարձրաստիճան անձանց մարմնի առանձին մասեր ուտելու ցանկությամբ են իրենց ուշագնացությունն արտահայտում:

Այսքանով հանդերձ, դա մանրուք է՝ համեմատությամբ աչքի ընկնող այն իրողության հետ, որ իրողություն է փոխվել:

Այս մեկ տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը, հայտնի դեպքերի հետևանքով ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը, նաև՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, քաղաքագետներն ու վերլուծաբանները, քաղաքական տարբեր գործիչներ նշել են, որ Հայաստանի ներկա ղեկավարությունն ունի լեգիտիմության, հանրության վստահության մեծ աստիճան: Բայց ժամանան անցնում է, ու բացահայտ է դառնում, որ այդ լեգիտիմության բարձր աստիճանը նախ՝ այնքան էլ բարձր չէ. ընտրություններում «Իմ քայլի» 80 տոկոսանոց արդյունքն ապահովվել է ընտրողների ընդհանուր թվի հազիվ կեսի մասնակցույթան պայմաններում: Բացարձակ թվերով, այդ 80 տոկոսը գալիս հասնում է մոտավոր 30-35 տոկոսի: Էլի բարձր ցուցանիշ է:

Բայց, ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աստիճանը անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի դրությամբ 99,9 տոկոս էր: Ի՞նչ է մնացել այդ աստիճանից անցած 4-5 ամսում: Օբյեկտիվ դիտարկումները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գվարդիան զբաղված են այդ լեգիտիմությունը մսխելով: Դրան մեծապես նպաստում են կառավարության՝ խորապես չմտածված ու չհաշվարկված քայլերը: Նոր իշխանավորների մի շարք ներկայացուցիչների՝ հասարակության կողմից բացասական արձագանք ստացող որոշումները կամ դրսևորումները: Նոր կառավարության գործունեության անարդյունավետությունը, պետության կառավարման հետ «հեղափոխություն-հեղափոխություն» խաղալը:

Նման պայմաններում, իշխանության ղեկավարը, որ իշխանությունը վերցրել է նախկինների երերալու հետևանքով, ավելի սուր է զգում իր տակի աթոռի ցնցումները: Եթե անգամ ցնցումներ չկան էլ, նրա մերձավոր քաղաքական թիմը երերումներ է տեսնում ու ներշնչում: Այդ երևակայական ու իրական ցնցումների վախերից են սնվում «հեղափոխական» քֆուրչի ֆեյքերը, իշխանության հապշտապ տեսարանային որոշումները, օրինակ, «Քաղաքացու օր» անցկացնել, փողոցներ փակել ու խորոված անել, վերջում էլ՝ 1,4 միլիոն դրամանոց սալյուտ խփել:

Տեսարանների հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի նեղվում՝ քչության իմաստով: Սա չի լինի՝ այն կլինի, ասենք, մի որևէ նախկին պաշտոնյայի վրա գործ հարուցելը, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը: Տեսարան է, չէ՞: Հին պաշտոնյա չլինի, նորը կլինի, սի գործ կհարուցեն, բայց չեն կալանավորի: Ինչո՞վ պակաս տեսարան է: Ուրիշ բան որ չլինի, Նիկոլ Փաշինյանը մի 5-6 ժամանոց ասուլիս կտա: Որ էլ բան չմնա, միտինգ կանի կամ լայվ միացում կունենա, կսկսի պատեպատ խփել, ասֆալտին փռել, քաղաքավարությունը թուլության տեղ չընդունելուց խոսել:

Բայց հենց նմանելույթներն ու որոշակի պարբերականությամբ կրկնվող ելույթները են հուշում, որ հասարակության մեջ աստիճանաբար շատանում են հեղափոխականությունից սթափվող, իրական կյանքով ու խնդիրներով առաջնորդվող, իշխանության եկածների տված խոստումների կամ հարուցած ակնկալիքների չհիմնավորված լինելը նկատող քաղաքացիները: Ու որքան նման մարդկանց թիվն ավելանում է, այնքան ավելի է փոխվում վերաբերմունքը գործող իշխանության հանդեպ:

Դա բավականին լավ երևաց հենց «Քաղաքացու օրը» անցկացված միջոցառումների շինծու և ձևական բնույթից:

Ինչքան էլ տեսարանները գրավիչ թվան, մի օր դրանք էլ են ձանձրացնում, առավել ևս, եթե հացի համար էլի շատերը հարկադրված են հյուսիսային երկրներ կամ ավելի հեռու գնալ:

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ