03 05 2019

Ի՞նչն է կարևոր մարտի 1-ի զոհերի փոխհատուցման մեջ

Ի՞նչն է կարևոր մարտի 1-ի զոհերի փոխհատուցման մեջ

Հայաստանի խորհրդարանը քննարկեց 2008թ․ մարտի 1-ին տուժած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու մասին օրինագիծը, որ հեղինակել են ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը: Օրենքի նախագծի լրիվ անվանումն է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին»:

Այս ողբերգական դեպքերի հետևանքով մահացած 10 հայրենակիցների իրավահաջորդ-ժառանգներին, ինչպես նաև՝ ծանր և միջին ծանրության վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ նշված ժամանակ Ներքին զորքերում ծառայողներին, իհարկե, պետությունը շատ ավելի վաղ, հենց այդ դեպքերից հետո պետք է աջակցություն ցուցաբերեր: Սա առանձնապես քննարկելու հարց չէ, վստահաբար՝ շատերի համար:

Սակայն քննարկելու հարց է, թե հեղափոխական օրենսդիրների ընկալմամբ ինչպես են ներկայացված բուն դեպքերը տվյալ նախագծում: Քննարկման ավելի մեծ հարց է և այն, թե ում և ինչպիսի գործողությունները հանգեցրեցին նման ծանր ու ողբերգական հետևանքների:

Սկսենք առաջին հարցից: Նախագծում մասնավորապես նշված է. «Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները»:

Արդյո՞ք ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցեր էին տեղի ունենում 2008 թվականի մարտի 1-ի կեսօրից հետո: Բողոքի ցույցեր՝ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված, տեղի էին ունենում դրանից անմիջապես հետո, ընդհուպ մինչև մարտի 1- առավոտյան: Տեղին է հիշեցնել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այդ ընտրություններում տվյալ պահի վարչապետ Սերժ Սարգսյանի մրցակիցն էր, քվեարկությունից գրեթե անմիջապես հետո, ինքն իրեն հռչակեց հաղթած թեկնածու, իսկ հաջորդող օրերին իրենից կախված ամեն ինչ արեց՝ լարվածությունը մեծացնելու, անգամ՝ զինված ուժերի նկատելի դեմքերին իր կողմը գրավելու համար: Չմոռանանք Լևոն Տեր-Պետրոսյանի և իր հազարավոր կողմնակիցների «Ման-վել, Ման-վել, Գա-գի՜կ, Գա-գի՜կ․․․» վանկարկումները՝ Ազատության հրապարակի շուրջօրյա միտինգներում՝ ուղղված ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին․ որոնք, ըստ ցուցարարների առաջնորդի մատուցման, ուր որ է՝ պիտի միանային իրենց:

Մարտի 1-ի առավոտյան, ինչպես հայտնի է, ոստիկանությունը գործողություն իրականացրեց և Ազատության հրապարակում, դիմադրությանը հանդիպելուց՝ ցրեց Տեր-Պետրոսյանի կողմնակիցների անընդհատական հավաքը, որն արդեն վրանային ավանի էր վերաճել: Բողոքի ցույց ցրելու սահմանման մեջ այդ գործողությունը որոշակի իմաստով տեղավորվում է: Բայց այդ ժամանակ զոհեր չեն եղել: Ավելին, եղել են որոշ թվով քաղաքացիներ, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են հասցրել նույն ոստիկաններին և այդ օրվա առավոտյան «ցրելուց» ավելի շատ ոստիկան է տուժել և ընկել հիվանդանոց՝ քան ցուցարար։

Այն, ինչ սկսվեց մարտի 1-ի կեսօրից՝ Ֆրանսիայի դեսպանատան, Մյասնիկյանի արձանի ու Երևանի քաղաքապետարանի միջակայքում եղած տարածքում, ինչ ասես կարելի անվանել, միայն՝ ոչ բողոքի ցույց կամ խաղաղ ցույց: Դրանք արդեն զանգվածային անկարգույթուններ էին, որոնք ուղեկցվում էին ոստիկանությանն ակտիվ դիմադրությամբ, բարիկադներ կառուցելով, ավտոմեքենաներ, ու հանրային խոշոր փոխադրամիջոցներ՝ ավտոբուս, տրոլեյբուս շրջելով, ոստիկանական ու ոչ միայն ոստիկանական մեքենաներ հրկիզելով, հավաքվածների կողմից բռնության ցայտուն արտահայտությամբ, որի ընթացքում նաև դանակահարվեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, երբ փորձում էր մի խումբ գազազած անձանցից պաշտպանել տարածքում հայտնված մի ոստիկանի: Ավելի ուշ, սկսվեցին շրջակայքում եղած պարենային և ոչ պարենային խանութների ավերումներն ու թալանը: Այնպես, որ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին էլ էր այդ «ռազմավարից» սննդային բաժին հասել: Դա վկայված է նրա և միջին օղակի տեր-պետրոսյանական կազմակերպչի հեռախոսային՝ գաղտնալսված խոսակցությունից:

Նման իրադարձությունների դեպքերում, ցանկացած իշխանություն անում է այն, ինչ պետք է արվի՝ ուժային և իրավապահ կառույցների, գերազանցապես ոստիկանական ուժի գործադրում, կարգուկանոնի վերականգնմանը ուղղված գործողություններ:

Այդ ընթացքում ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա վստահված անձինք, նրանց շարքում՝ առաջին հերթին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շվեդիայում ՀՀ դեսպան Ալիկ Արզումանյանը, մի շարք այլ անձինք, որոնք անունները ժամանակին նույնպես հնչել են, հետևողականորեն արեցին ամեն ինչ՝ դեպքերի ծավալման վայրում հավաքվածներին այդտեղ պահելու, նրանց տրամադրություններն էլ ավելի բորբոքելու, ոստիկանական ուժերին դիմադրություն ցույց տալու համար: Դա անխուսափելիորեն վերածվեց հավաքված բազմության ու ոստիկանության ուժերի, Ներքին զորքերի միջև բախումների, որոնց հետևանքով ոստիկանության սպա սպանվեց, իսկ մեկ ժամկետային ծառայող, ինչպես հետո պարզվեց՝ մահացու վիրավորվեց:

Ծավալված հետագա դեպքերի ընթացքում, հատուկ միջոցների, ինչպես արդեն հասկանալի է՝ սխալ գործադրման, նաև տարբեր հանգամանքներում ու տարբեր կերպ ստացած վնասվածքների հետևանքով սպանվեցին զանգվածային անկարգությունների, բախումների վայրում եղած 8 մարդ: Տասնյակներ ու հարյուրավորներ, ինչպես անկարգության մասնակիցներից, այնպես էլ՝ ոստիկանության ծառայողներից, վիրավորվեցին:

Դա բողոքի ցո՞ւյց էր: Առավելագույնը, կարելի է ասել՝ բողոքի դրսևորում՝ ագրեսիայի միջոցով: Առավել ևս, դա խաղաղ ցույց չէր: Դա՝ մարտի 1-ի երեկոյան և արդեն գիշերը տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ էին, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով շշերով և այլ առարկաներով ոստիկանության ուժերին դիմադրություն ցույց տվող հավաքվածների բախում՝ նույն այդ ոստիկանների հետ:

Էլի նշենք՝ այո, տուժածները, անկախ ամեն բանից, պետք է փոխհատուցում կամ աջակցություն ստանային դեպքերից անմիջապես հետո, սպանվածների ընտանիքների անդամները՝ առաջին հերթին: Թեկուզ այն պարզ պատճառով, որ անկախ այն բանից, թե նման դեպքերն ով էր բորբոքել կամ ով էր ձգտել հասնել դրան, այդ ամեն ինչի համար պատասխանատվությունն առաջին հերթին կրում է պետությունը, իր բոլոր ինստիտուտներով:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա այն ժամանակ էլ, հիմա էլ շատերն են պնդում, որ դեպքերը նման ողբերգական ընթացք չէին ստանա, եթե ՀՀ առաջին նախագահը քայլ առ քայլ չգնար դրան: Հետընտրական բողոքներ ու ցույցեր Հայաստանում եղել են նախկին գրեթե բոլոր նախագահական ու համապետական ընտրույթուններից հետո: Նաև՝ 1991-ին, երբ Պարույր Հայրիկյանը կողմնակիցների հետ սև դրոշներով ելավ ցույցի, պնդելով, որ ընտրության արդյունքները կեղծվել են: Թե ինչ դեպքեր եղան 1996-ի սեպտեմբերին, նույնպես շատերն են հիշում: Տեր-Պետրոսյանը, իշխանությունը պահելու համար, Զինված Ուժերի տանկեր մտցրեց Երևան, ուժ գործադրեց, պարզապես այն ժամանակ զոհեր չեղան, բայց եղան ծանր վիրավորվածներ, իշխանության ցուցումով ոստիկանության բաժանմունքներում ընդդիմադիրների ծեծ և խոշտանգումներ եղան:

Հաջորդ ընտրություններում էլ նման զարգացումներ, ցուցարարների և ոստիկանների դիմակայության օրինակներ եղել են, բայց ոչ մեկի դեպքում նման ծայրահեղ և ողբերգական սրացում չի եղել: Վազգեն Մանուկյանը 1996-ին գերադասեց չսրել իրավիճակը, բարիկադավորվելու և իշխանությունն ամեն գնով վերցնելու կոչեր չարեց: Լուսահոգի Կարեն Դեմիրճյանն էլ 1998-ին, որքան էլ որ նրան ձգտում էին հրահրել, իրեն պահեց պետական մտածողություն ունեցող իսկական առաջնորդի պես, մի բան էլ՝ հնարավորինս պաղեցրեց իր թիմի անդամների և կողքից բորբոքողների կրքերը: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 2012 թվականին, որ ընդհանրապես, գնաց ոստիկանապետի հետ աղոթելու, որ բախում չլինի ու կորցրեց գրեթե բոլոր աջակիցներին: Ընդդիմադիր լիդերներից ոչ մեկը պատրաստ չէր և չի ցանկացել արյունահեղության, զոհերի գնով գալ իշխանության, երկիրը տանել ներքին խոշոր ցնցումների, այն էլ՝ չդադարած, «սառեցված» պատերազմի պայմաններում:

Իսկ 2008-ին այդպես չեղավ: Ինչո՞ւ այդպես չեղավ: Եղավ ողբերգություն, եղան զոհեր: Դրա հիմնական պատճառներից մեկը, կարծում ենք այն է, որ Լևոն Տեր Պետրոսյանը

երևի պատրաստ էր նման գին վճարել, եթե չասվի, որ նրա նվազագույն նպատակներից մեկը հենց պետությունը, հասարակությունը նման արյունահեղ պատմության մեջ ներքաշելն էր: Այդ մասով, պետք է ընդունել, Տեր-Պետրոսյանը հասավ իր նպատակին:

Չէ՞ որ, տանից չգնաց իր կողմնակիցներին հանդարտեցնելու, բախում թույլ չտալու, բայց արեց հակառակը՝ միջնորդավորված։

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ