03 05 2019

Ի՞նչու է շոու խոստանում գլխավոր դատախազը

Ի՞նչու է շոու խոստանում գլխավոր դատախազը

«Բացառիկ աննախադեպ դատավարություն է լինելու» - Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, մայիսի 2-ին այսպես ազդարարեց Մարտի 1-ի դատավարության մասին իր պատկերացումները։

Այս արտահայտությունը, ավելի ճիշտ՝ դատավարության սկիզբը ազդարարելու ոճը լսելիս, հիշեցի մանկությունից մնացած հիշողություն կրկեսի սկզբի կոնֆերանսյեի ազդարարումը։

Հիշու՞մ եք՝ «Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն, հարգելի՛ հանդիսատես, այսօր այստեղ դուք ականատեսը կլինեք աննախադեպ ատրակցիոնի, որը շրջել է ամբողջ աշխարհով․․․» և այլն, և այլն»։ 

«Դուք կտեսնեք Երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնն ասեմ՝ երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- շարունակեց դատախազ Դավթյանը։ Դուք նո՞ւյնպես տպավորություն եք ստանում, որ ասես ազդարարվում է աննախադեպ շոու, ատրակցիոն, կրկեսի ներկայացում, առյուծներով, վագրերով, արջերով, նաև տարատեսակ կապիկներով, շնիկներով, փիսիկներով և որ պարտադիր էր կրկեսում՝ ծաղրածուներով ու աճպարարներով։ Զավեշտի արժանի իրականություն։

«Բայց շատ կարևոր է, որ հրապարակային դատաքննությամբ մեր հանրությունը կտեսնի յուրաքանչյուրին, յուրաքանչյուրի հայտնած տեղեկությունները, և պայմանական ասված՝ ինքն էլ իր համար գնահատականներ կտա»,- շարունակելով՝ ասաց նա։ Սա, արդեն, ինչպես աճպարարների ներկայացումներից առաջ էր ազդարարում, կոնֆերանսյեն է՝ «ловкость рук и никакого обмана, только магия и волшебство, вы все увидите своими глазами»։

Այն հարցին, թե արդյո՞ք ողջ դատավարությունը դռնբաց է լինելու, Արթուր Դավթյանն ասաց, որ կլինեն դռնփակ փոքր հատվածներ և շարունակեց նույն տրամաբանության մեջ, «Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»։

Ի՞նչ խոսք, շատ տպավորիչ և կանչող անոնս էր՝ բոլորիս մոտ նորից առաջացնելով մեծ սպասում մարտի 1-ի չարչրկված բացահայման հետ կապված։

Բայց կա մի մեծ բայց այս ամենում։ Տիկնայք և պարոնայք, պարոն Գլխավոր դատախազ, սա մե՛ր երկիրն է, մե՛ր պետությունն է, մե՛ր պատմությունն է՝ իր մութ ու լուսավոր էջերով։ Ինչու՞, ի՞նչ իրավունքով եք վերածում մեր պատմության ամենից ցավոտ էջերից մեկի շուրջ դատավարությունը շոուի կամ կրկեսի։ Դուք խոսում եք, որ աննախադեպ է լինելու, որովհետև տարբեր դատավարական կարգավիճակներում դատարան են գալու մեր երեք նախկին նախագահները։ Խոսում եք այնպիսի ոգևորությամբ ու հպարտությամբ մի տեսարանի մասին, կարծես չեք հասկացել, որ խոսում եք, երկրի 30 տարվա առաջնորդների և գերագույն գլխավոր հրամանատարների դատատավարական պրոցեսում մասնակցության մասին։ Շատերը, վստահ եմ, ոգևորությամբ կնայեն ձեր ազդարարած շոուն, բայց շատերը ցավ կապրեն այն դիտելուց։ Ցավ կապրեն երկրի անցյալի և ապագայի համար։

Որ ձեր նշած «աննախադեպ» դատավարությունը շոու էր դարնալու, պարզ էր հենց սկզբից՝ սկսած այն օրվանից երբ ՀՔԾ-ը տարածեց քրեական գործում նախկին ՊՆ նախարարին մեղադրանք առաջադրելու մասին հաղորդագրությունը, որի մեղադրանքը թեզերը նույնությամբ կրկնում էին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականի մայիսի 2-ի հանրահավաքի ելույթը և ձևակերպված թեզերը։ Այսինքն, նոր որևէ փաստական հիմք չպարունակելով, ուղղակի կրկնում էին առաջին նախագահի՝ ընտրություններում պարտված թեկնածուի, քաղաքական գնահատականները կատարվածի վերաբերյալ։ Ընդամենը։ Հետո արդեն ականատեսը կլինենք երկրորդ նախագահի ափալ-թափալ կալանավորման որոշմանը, ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի և վերջապես Նիկոլ Փաշինյանի հրապարակային կողմնակալ արտահայտություններին, որոնք, անկասկած, հաստատում էին քաղաքական պատվերի իրողությունը։ Գաղտնալսումների մասին էլ ավելորդ է հիշատակելը, որից ամեն բան դարձավ ակնհայտ։ Նշածս բոլոր պաշտոնյաները, անկողմնակալ լինելու պարագայում, անգամ եթե հիմքեր ունենային, պետք է որ արտահայտվելուց իրենց վատ զգային, նեղվեին՝ պատասխանելով երկրի նախկին ղեկավարների դատավարական կարգավիճակի հետ կապված հարցերին, այլ ոչ հպարտությունով և ոգևորվածությամբ անոնս անեին։

Կրկնենք՝ հնարավոր է շատերին այդ շոու-ներկայացումը լինի հետաքրքիր, նույնիսկ՝ զվարճալի՝ սերիալ սիրող հանրություն ենք, սակայն այդ ամենը դժվար թե պատիվ բերի մեր պետությանը, մեր ապագա սերունդներին, որոնք առերեսվելու են մի իրականության հետ, որի մասնակից կամ ժամանակակիցը չեն եղել, բայց կարդալու են, լսելու են, և որ ամենից վտանգավորն է՝ դա լինելու է նորմալ, սովորական, նախկինում եղած պատմական էպիզոդ՝ անկախ հանգուցալուծումից։ Դրան էլ որպես շարունակություն, չի բացառվում, չէ՞, որ կարող են հետևել այլ դատավարություններ՝ ավելի թարմ դերակատարներով՝ նախկին վարչապետով, կամակատար դատավորներով, դատախազներով, քննիչներով և այլն։ Այդ ժամանակ, արդեն, հանրային պահանջը կլինի իրական, ոչ սոցցանցային ֆեյքերով, քանի որ արդեն տեսել է, սովոր է և սպասում ու կարոտում է այդտեսակ տեսարանների։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ