Հայաստանում ստվերային տնտեսության մասին խոսակցություններն ու դրա դեմ պայքարը տասնամյակների պատմություն ունի։ 90-ականներին գրեթե ողջ տնտեսությունը ստվերում էր, թեեւ հանուն արդարության նշենք, որ առանձնապես տնտեսություն էլ չկար այդ տարիներին՝ բացառությամբ ներմուծման վրա հիմնված առեւտրի։ 2000-ականներին տնտեսական սրընթաց զարգացումը էապես ավելացրեց բյուջետային եկամուտները, բայց թե՛ այդ ժամանակ, թե՛ դրան հաջորդող տասնամյակում ստվերի դեմ պայքարը շարունակում էր լինել քննարկվող թեմաներից մեկը։
Ընդհանրապես, ստվերի դեմ պայքարի շրջանակը շատ ավելի լայն է, քան ՀԴՄ կտրոն պահանջելու մասին կառավարության ղեկավարի պարզունակ պատկերացումները։ Դա ընդամենը ստվերի դեմ պայքարի բաղկացուցիչներից մեկն է, բայց ոչ միակը։ Առավել եւս, որ ՀԴՄ կտրոններ տպելու կամ թաքնված աշխատատեղեր գրանցելու պահանջներն այս ամիսներին ուղղված են եղել հիմնականում փոքր բիզնեսին, որը բյուջեի եկամուտների 1-2 տոկոսն է ապահովում։ Մյուս կողմից՝ խոշոր գործարարների ձերբակալելով ու մի քանի միլիարդ դրամ բյուջե գանձելու պահանջ դնելով եւս այս հարցում լուրջ հաջողությունների չենք ունենա։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբակահարում է «թալանված» միլիարդներ բերելու եւ 50 հազար աշխատատեղերի մասին արդեն ծիծաղելի դարձած «ֆանտաստիկայի» մասին, իրականությունը միանգամայն այլ է։
Երկրում ստվերի դեմ պայքարի հաջողությունների մասին կարելի է դատողություն անել մեկ հիմնական՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով։ Այսինքն, որքա՞ն է կազմում երկրի ամբողջ տնտեսությունից՝ համախառն ներքին արդյունքից պետական բյուջե մտնող գումարի տոկոսային չափը։
Վերջին 6 տարիներին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը հետեւյալն է եղել․
2013 թ․ | 2014 թ․ | 2015 թ․ | 2016թ․ | 2017թ. | 2018թ․ |
22 % | 22% | 21,2% | 21,3% | 20,7% | 20,9 % |
Գումարային առումով բյուջե մուտք գործած հարկային եկամուտների պատկերը հետեւյալն է․
2013թ․ | 1 տրլն դրամ |
2014թ․ | 1 տրլն 64 մլրդ դրամ |
2015թ․ | 1 տրլն 67 մլրդ դրամ |
2016թ․ | 1 տրլն 79 մլրդ դրամ |
2017թ. | 1 տրլն 158 մլրդ դրամ |
2018թ․ | 1 տրլն 257 մլրդ դրամ |
Ի՞նչն է այստեղ հետաքրքրական։ Կան տարիներ, երբ հարկային եկամուտներն գումարային առումով ոչ այդքան շատ են ավելացել, բայց հնարավոր է եղել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը պահել 22 տոկոսի վրա։ Դա նշանակում է, որ այդ տարիներին ստվերի դեմ ավել արդյունավետ պայքար է տարվել։ Եվ կան տարիներ, մասնավորապես վերջին երկու տարին, երբ գումարային առումով հարկերն ավելացել են, բայց տոկոսային առումով հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն ավելի ցածր է եղել։ Այսինքն, ստվերի դեմ պայքարի արդյունավետությունն ավելի ցածր է եղել՝ հակառակ գիշեր-ցերեկ հնչող հայտարարություններին։
Բանն այն է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կախված է ոչ միայն հարկային եկամուտների գումարային աճի, այլեւ տնտեսական աճի եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշից։
Օրինակ՝ 2017 թվականին բավականին բարձր տնտեսական աճ ենք ունեցել՝ 7,5 տոկոս, որի շնորհիվ համախառն ներքին արդյունքն ավելացել է 501 մլրդ դրամով։ Ու որքան էլ հարկային եկամուտները 2017-ին գումարային առումով նախորդ տարիների համեմատ ավելի շատ են հավաքվել, հնարավոր չի եղել այդ ցուցանիշով հասնել հարկեր-ՀՆա նախորդ տարիների ցուցանիշին։ Սակայն, փոխարենը, 2017-ի բարձր տնտեսական աճի շնորհիվ Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողացավ 2018 թ․-ի սկզբին էապես ավելացնել հարկային եկամուտները։
Ինչ մնում է 2018 թ․-ի տարեկան հարկային ցուցանիշներին, ապա դժվար է ստվերի դեմ հաջողված պայքար տեսնել։ Եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2017-ի համեմատ ավելացել է ընդամենը 0,2 տոկոսով եւ զիջում է 2013-2016 թվականների ցուցանիշին, ի՞նչ միլիարդների, ի՞նչ ստվերից դուրս բերված «թալանված» գումարների մասին կարող է խոսք լինել։ Ինչպես արդեն երեւաց ներկայացվածից, 2018 թ․-ի այդ չնչին փոփոխությունն էլ առավելապես տարվա առաջին երեք-չորս ամիսների բարձր տնտեսական աճի եւ նախորդ կառավարության գործունեության արդյունքն է եղել։
Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ 50 հազար աշխատատեղերի մասին հայտարարության կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ այդ թեմային անդրադարձել ենք՝ նշելով, որ խոսքը ոչ թե նոր ստեղծված, այլ ստվերից դուրս բերված աշխատատեղերի մասին է եւ որի հարկային արտացոլումները այդուհանդերձ, տարօրինակ անհամապատասխանություններ են ունեցել հունվար-փետրվար ամիսներին։ Սակայն կարեւորը այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ, ըստ էության, հաստատեց փաստը, որ նոր ստեղծված աշխատատեղերի մասին չէ խոսքը։ Հայստանում, ինչպես հայտնի է, հազարավոր աշխատատեղեր ոչ թե բացվել են, այլ փակվել։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը