26 04 2019

Վարչապետին չեն վստահում բոլորը

Վարչապետին չեն վստահում բոլորը

Ընթերցում էի ԵԽԽՎ լիագումար նիստում մեր երկրի վարչապետի ելույթը, ապա` եվրոպացի պատգամավորների հարցերն ու դրանց Փաշինյանի պատասխանները և ամբիոնի մոտ ակամա պատկերացրեցի Ռյազանովի հայտնի ֆիլմի պերսոնաժին, ով հայտարարում է, որ հանուն գարաժային կոոպերատիվի ցուցակում մնալու` հայրենիքին է դավաճանել։ Փաշինյանը եվրոպացիներին ուզում էր հավաստիացնել, որ յուրային է, իրենցից մեկն է ու այդպիսին լիելու համար տքնել է։

Համոզելու համար էլ շեշտեց, որ Ստրասբուրգ մեկնելուց առաջ իր հանձնարարությամբ շատ հայտնի «ֆեյք» է ձերբակալվել, լիլիթ դարձած վաղոյին ԱԺ ամբիոնից մուննաթով ելույթ ունենալու հնարավորություն է տրվել, կոռուպցիայի դեմ պայքարի զոհ է նշանակել սեփական մորքուրի հարազատ տղային ու հրապարակավ ապացուցել է մի մաքսավոր ավագ լեյտենատի նկատմամբ իր անվերապահ գերազանցությունը։

Եվրոպան, այդուամենայնիվ, չհավատաց Փաշինյանին, որովհետև արածները մի բան չեն, իսկ դրանց մասին պատմածները կասկածներ ու հարցեր են առաջացնում։ Եվրոպացիներն էլ մեզ նման են` ինչ-որ զգայարանով հասկանում են, որ եթե ավտոմաքսատան աշխատանքի որակը դրոշի տեղով ու մաքրությամբ, պատահական հաճախորդ նշանակված վաղեմի ծանոթ հհշականի հետ բեմադրված հարցուփորձով է որոշվում, ուրեմն կատարվածը կեղծիք է ու մասնակիցները ստում են։

Եվրոպան էլ մեզ նման, այս ամենում հստակ սուտ տեսնում ու չի հավատում մանտրայի պես ամեն առիթով ու անառիթ Փաշինյանի կրկնած երդումներին` թե չի միջամտում դատական համակարգի աշխատանքին ու ի՛նքը չի օգտվում հեռախոսային արդարադատության մեխանիզմից։

Մեր երկրի վարչապետին, փաստորեն, չեն վստահում ո՛չ Եվրոպայում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ ՌԴ-ում, քանի որ բոլորը գիտեն և՛ Փաշինյան-ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ գաղտնալսված հետախոսազրույցների ու դրանց բովանդակության, և՛ նրա ստեղծած հեռախոսայի արդարադատության, և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գոյության հնարավորություն չունեցող մեղադրանք առաջադրելու և այդ հիմնազուրկ ամբաստանության հիման վրա քաղաքական հաշվեհարդար իրոգործելու, և՛ իր անձնական վրեժխնդրությանը դատախազներին, դատավորներին, քննիչներին պարտադրաբար մասնակից դարձնելու մասին։

Ուստի և տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Փաշինյանը խստագույնս արգելել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, խափանման միջոցը փոխելու որոշում կայացնել և ամեն նոր միջնորդության քննարկմանը գլխավոր դատախազին ու ՀՔԾ պետին վերակացու նշանակում` դատավորի գլխին, երբ դատավորներն ու դատախազները իրեն ամեն առիթով հասկացնում են, որ գործը ջուր է ու նման ջուր գործով մեղադրվողը անվերապահորեն քաղաքական բանտարկյալ է։ Վարչապետն ինչո՞ւ է անտեսում քաղաքական էլիտայի ու ժողովրդի ստվար խմբերի հիմնավոր համոզմունքը, որ քաղաքական բանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացրած ամեն նոր ապօրինի վճիռը նոր անորոշություններ է առաջացնում երկրի կյանում և վատթարացնում է արտաքին հարաբերություններում առաջացած քաոսը։

Ըստ ամենայնի, Փաշինյանն առաջնորդվում է միայն իր անձնական վրեժը լուծելու նկրտումով և անտեսում է արտաքին ազդակները, ներքին քաղաքական դաշտում խմորվող ընդվզումը ամբողջատիրական կամայականությունների ու իրավունքների ոտնահարումների դեմ, անգամ յուրայինների էկլեկտիկ միջավայրում ահագնացող դժգոհությունները, քանի որ անցած գրեթե մեկ տարում նա վերածվել է հայկական Մակբեթի։ Այնքան բացառիկ ու չափազանց հանցանքներ է գործել և այնպիսի ահավոր քաոսի է մատնել Հայոց աշխարհը, որ նրան թվում է, թե հանցավոր քայլերով առաջ գնալն ավելի ճիշտ ու հեշտ է, քան կանգ առնելն ու իր սխալները, գործած հանցանքը խոստովանելը։

Մինչդեռ երբ նա դեռ այսչափ չէր մակբեթացել, կես տարի առաջ ասում էր. «Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, եթե մի միլիմետր շեղվեցինք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելուց, ուրեմն մեր ամբողջ կյանքը, գործունեությունը և այս ամեն ինչն անիմաստ են: Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանություն պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ»: Հիմա հենց նշվածից շեղումները կիլոմետրերով են չափվում, մարդկանց աչքերի մեջ Փաշինյանը չի կարողանում նայել անգամ լայվերի միջոցով, քանի որ ամեն ինչ իմաստազրկել է և ուղիղ դավաճանել է բոլորին ու ամեն ինչ։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ