Ես մոտ մեկ տարի առաջ թունդ «սև» դարձած ու առ այսօր շարունակաբար մգացող, առանձնապես հպարտանալու առիթ չգտնող քաղաքացի եմ։ Համոզված եմ, որ մեր թավշյան վարչապետը մեր երկրի վիճակի ու իր ջանքերով սևացած մեր կյանքի մասին դատում է համացանցի իրեն «հաճելի» էջերի հրապարակումների, իրեն ու տիկին վարչապետին սպասարկող մեքենաների, ուղղաթիռի, ինքնաթիռի պատուհանից տեսածի համաձայն։ Իսկ Ռանչպարում ու էլի պատահաբար ինչ-որ տեղ լսածն ու տեսածը, ըստ նրա, իրականության հետ կապ չունեն` այն պարզ պատճառով, որ հեղափոխական չեն։
Մեր կյանքի մասին թավշյա վարչապետին «հաճելի» հեքիաթներ պատմում են մերձավորներն ու ենթակաները, բայց գլխավոր հեքիաթասացն, այնուամենայնիվ, վիճակագրական կոմիտեի նախագահն է։ Հանրահայտ փաստ է, որ նույնիսկ իդեալական վիճակագրությունը օբյեկտիվորեն արձանագրում է իրականության խիստ խեղաթյուրված պատկեր։ Այսինքն. ոչ մի սուբյեկտ վիճակագրության մեջ չկա, բայց թավշյա ժամանակաշրջանում մի կոնկրետ սուբյեկտ վիճակագրին հրամայում է` հաշվենկատորե՛ն խեղաթյուրել իրականությունը։ Եվ ստացվում է, որ ժողովուրդը կրկնակի է խաբվում` վիճակագրական օբյեկտիվ ստից ու թավշյա սուբյեկտիվ ստից։
Փաշինյանին ոչինչ չի խանգարում` համառորեն պնդել, թե իր բոլոր խոստումները առանց բացառության կատարել է, իսկ եթե չի կատարել` ուրեմն նման խոստում չի էլ տվել։ Եթե տնտեսական հեղափոխություն է խոստացել, ուրեմն տնտեսության 0,1% վիճակագրական աճն էլ թավշյա ժամանակաշրջանում պետք է անվերապահորեն ընկալել` հեղափոխական աննախադեպ առաջընթաց։ Եթե կարմիր գծերն ու արագաչափերը, բոլոր բիզնեսների հետ փայ մտնելը, կոռուպցիան խիստ ցանկալի եկամտի աղբյուր են, ուրեմն դրանք վերացնելու հեղափոխական խոստումները կամ չեն եղել երբեք, կամ էլ` դրանք բոլորովին այլ, այլաբանական, բանականորեն անհասկանալի իմաստ ունեն։
Այսպես Փաշինյանը մինչ այսօր կարողացել է անարգել ստել, ամենաակնառու կոռուպցիոներին թավշյա սուրբ հայտարարել, պետական գանձարանը առանձնակի ջանասիրությամբ թալանողին հերոս հռչակել, բայց անակնկալորեն արդեն եկել է խոստովանության` անկեղծանալու կամ կործանվելու պահը (ինչը գուցե միևնույնն է)։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հարուցված քրեական գորով ներգրավվել է` որպես կասկածյալ, նրան մեղադրանք է առաջադրվել, նա չհեռանալու մասին ստորագրություն է տվել։ Նաև չի բացառվում, որ նա օրերս ձերբակալվի։
Տեղի ունեցածը կարելի էր համարել հանցավորության դեմ պայքարի սովորական դրվագ կամ պետական երկու գերատեսչությունների միջև գզվրտոցի դրսևորում։ Մինչդեռ թավշյա ժամանակաշրջանում այս դեպքը շատ ավելի քաղաքական, քան` քրեական ենթատեքստ ունի։ ԱԱԾ-ՊՎԾ պայքարն, ըստ էության` ապագայի սեփական տեսլական ունեցող տեղացի «սպիտակ» ուժի հակամարտությունն է սորոսական օտարածին հինգերորդ շարասյան դեմ։
Երկուսն էլ Փաշինյանի էկլեկտիկ իշխանության հիմնասյուներից են և իրենց որոշիչ դերն ու նշանակությունն ունեն։ Բազիսային երկու ուժերից էլ թավշյա վարչապետն անկարող է հրաժարվել, այլապես կփլուզվի ողջ թավշյա վերնաշենքը։ Վաղուց է շրջանառվում վարկածը, որ ի շարս շատ այլ որոշիչ ու ազդեցիկ պաշտոնների, ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանը նշանակվել է ոչ թե Փաշինյանի որոշմամբ, այլ` քեռի Սորոսի ցանկությամբ։ Իսկ իր պաշտոնն անձամբ վաստակած ԱԱԾ տնօրենը բազմիցս է Փաշինյանին զեկուցել, հասկացրել, զգուշացրել, որ կոռուպցիայի դեմ գոնե ձևական ու տեսանելի արդյունքով «պայքարի» համար անհրաժեշտ է վերացնել ՊՎԾ պետի անպատժելիությունն ու ստեղծած կոռուպցիոն համակարգը։
Գուցե հենց անձնական շահերը նկատի ունենալով` Փաշինյանը ԱԱԾ տնօրենին թույլ չի տվել վերացնել ՊՎԾ պետի կոռուպցիոն կառույցները, որոնք սպասարկում են նաև տեր և տիկին վարչապետերի բազմազան կարիքները։ Իսկ ԱԱԾ տնօրենի համար վճռական, նաև` միանգամայն օրենքից բխող, գործողությունների դիմելու «ազդանշան» եղավ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի առաջադրման մերժումն ու սորոսական Վահե Գրիգորյանին ՍԴ անդամ, ապա` ՍԴ նախագահ դարձնելու հեռանկարը` դարձյալ քեռի Սորոսի ցանկությամբ։
Այս իրողության ապացույցն են ո՛չ միայն քիթն ամեն տեղ խոթող ու ամեն ինչի մասին իր թերի պատկերացումը հայտնող Փաշինյանի բացառիկ լռությունը, այլ նաև ՊՎԾ պետի բացառիկ անպատժելիության զգացումից բխող արձագանքը. «ուրախանալու առիթ չեք ունենալու», «անհանգստանալու բան կա, բայց դա ի՛նձ չի վերաբերվում», «վստահ եմ, որ չի կարող վարչապետը կոնկրեկ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր տալ» և խոստացած ասուլիսը չեղարկելը։ Հատկաշնական է նաև, որ ՊՎԾ պետին պաշտպանելու ակտիվ ու ինտենսիվ քայլեր են ձեռնարկել գործադիրի ու օրենսդիրի ողջ սորոսական համախումբը։
Նրանք նույնիսկ, ըստ վարչապետի աշխատակազմից կազմակերպված արտահոսքի, գրոհով ներխուժել են Փաշինյանի աշխատասենյակ և պահանջել` անհապաղ պաշտոնանկ անել ԱԱԾ տնօրենին ու վերացնել Սանասարյանի կասկածյալի կարգավիճակը։ Դե իսկ ամենակառկառուն սորոսական Իոաննիսյանն ուղղակիորեն է հայտարարել, թե ԱԱԾ-ում կարող են քրգործով մեղադրյալներին ստիպել, որ ցուցմունք տան Սանասարյանի դեմ (նախևառաջ հաստատելով, որ թավշյա շրջանում այս պրակտիկան գործում է)։
Այս զարգացումների համապատկերին բովանդակություն ու իմաստ է ստանում նաև Փաշինյան - Արմեն Սարգսյան հակամարտությունը, ինչը նաև ամենահիմնավոր ապացույցն է, որ թավշյա վարչապետի երերուն իշխանությունն արագորեն թուլանում է։ Փաշինյանը կորցնում է իր հենարանններն ու դառնում թիրախ և՛ յուրայիննների, և՛ բոլորի համար… Սա Փաշինյանի խոստովանության պահն է և նա ստիպված է կողմնորոշվել, իսկ եթե չկարողանա, ապա կապացուցի, որ որոշողն՝ ասողը, ինքը չէ։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը