13 04 2019

Ամեն ինչ չափ ու սահման ունի

Ամեն ինչ չափ ու սահման ունի

Վարչապետ Փաշինյանի խոսքն այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նրա հարայ-հրոցը կամ պահի տակ բարձրաձայն արտասանած բլթոցն ընկալվում է համարժեք` որպես «չինական 723-րդ վերջին նախազգուշացում»։ Գործադիրում ու օրենսդիրում նրա ստվերը դարձածներն անգամ իրենց երբեմնի կուռքին հետևում են ոչ թե հմայված, այլ` վախեցած, այլայլված, շփոթված։ Կուռքն անվերադարձ կորցրել է հմայքը, իսկ բիչոկ հավաքող, խոտից ուռող ոչխարներով հետաքրքրվող ու սկսնակ մաքսավորի կարիերան հընթացս կործանող ամբողջատերի ստվերը կարող է ընդմիշտ վերանալ` սուբյեկտի հետ։

Վարչապետին առնչված ու նրա ստվերում ապրող շատերն են վախեցած։ Հավատացել էին, թե նա կախարդական փայտիկ ունի և նրա «արևը» հայտնվելու է զենիթում ու մաքսիմալ «տաքացնելու» է նաև իրենց։ Հիմա տեսնում են, թե ինչպես է նա քայլ առ քայլ հայտնվում խավարում։ Թավշյա արևը դանդաղ, բայց հաստատուն խավարում է` ջնջելով ստվերները ու տարածելով մութը։ Իսկ մինչև մթնության մեջ կորելը` Փաշինյանին անհրաժեշտ է շատ ու ճոխ ստել, որ խանգարողները հնարավորինս քիչ լինեն։ Իսկ նրա ստվերում խաղեր տվածներին ժամանակն է` մտածել իրենց փրկության մասին ու պատրաստ լինել` արածների պատասխանը տալուն։ Ահա և վախի պատճառը։

Արդեն ակնհայտ է, որ անգամ մարզերի երեխաներին Փաշինյանը հետաքրքրում է` միայն հետը նկարվելու համար։ Պոնչիկանոցի դիմաց ու թավշյա վարչապետի հետ նկար ունենալը ուսանողների համար նույն պարծանքի առարկան է։ Դե որ` Փաշինյանին տեսնելիս ոչ ոքի մտքով չի էլ անցնում` կանգնել կամ ձգվել, հենց ինքն է ակամա արձանագրել ու իներցիայով «ձգվելու» անկապ հրաման տվել։ Ինքն իրեն հարգող ու վարչապետից ոչ մի անձանական ակնկալիք չունեցող որևէ մեկը նրան երբեք լուրջ չի ընդունել, նրա խոսքին չի հավատացել, չի վստահել։ Ապացույցը` ադմինիստրատիվ ռեսուրս + ընտրություններին մասնակցած քաղաքացիներ = 47% հավասարումն է։

Որքան էլ վարչապետ Փաշինյանը երկրից դուրս հայտարարի ու պնդի, թե դատական համակարգն անկախ է գործում, ներսում բոլորս ենք տեսնում, որ ոչ մի դատավոր ու դատախազ, քննիչ ու փաստաբան անմասն չի մնում միջնորդավորված ու ուղղակի ճնշումներից։ Բոլորս գիտենք ինքնն իրեն ու իր պաշտոնը հարգող դատավոր Ազարյանին, նաև` ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հետ վարչապետի հեռախոսազրույցների բովանդակությունը. գաղտնալսումը փաստ է։ Բոլորիս հայտնի դարձավ, որ իր PR-ով անձամբ զբաղվող «մազոխիստ» վարչապետն «անմիջական ցուցումներ է» տալիս դատախազությանը ու հրահանգում «ենթադրյալ չարաշահման փաստով» արդարադատական ներկայացում բեմադրել։ Ինքն էլ գլխավոր դերակատար է նշանակում իր «մերձավոր ազգական»։

Ու արդեն մեկ շաբաթ է` վարչապետի անձնական պատվերով սարքվող քրգործը ոչ մի կերպ չի հասնում քննչական կոմիտե։ Այսինքն. գլխավոր դատախազությունը պնդում է, թե ԱԱԾ-ում գործը հարուցվել է, բայց յոթ օր է տևում` մինչև կարողանում են սարքովի գործն այնպես «ջրել», որ դատախազությությունն այն առանց վարանելու ուղարկի քննչական կոմիտե ու վստահ լինի, որ «մերձավոր ազգականի» կատարած «չարաշահումը» այնքան «լիարժեք» կքննվի, որ ներկայացումից հետո նրան հանգիստ «համաներեն»։

Զուր չեն ասում` կաթով բերանը վառածը մածունն էլ է փչելով խմում։ Փաշինյանի հրահանգով արդեն մի «ջուր» գործ հարուցված է` Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Հավատալով թավշյա վարչապետի «փայտիկին»` ի պաշտոնե սահմանադրական կարգի պահապան ու այդ կարգը պահպանած նախագահին առաջադրել են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ Եվ 8 ամիս է` չեն կարողանում բացատրել, թե սահմանադրական կարգը տապալելու փորձ ձեռնարկածն ու ձախողումից հետո ընդհատակում թաքնվածը ինչպես կարող է սահմանադրական կարգը պահպանողին մեղադրել` իրեն սահմանդրական կարգը տապալել թույլ չտալու համար։

8 ամիս է, չեն կարողանում մատնանշել, թե քրեական ո՞ր հոդվածին է համապատասխանում իրենց հնարած մեղադրանքը։ Իսկ երբ ստիպված` ապավինելով «փայտիկին», հոդված են մատնանշում, անմիջապես էլ պարզվում է, որ այդ հոդվածը հնարված հանցանքի պահից հետո է ընդունվել ու հետադարձ ուժ չունի։ Հիմա էլ չեն կարողանում որևէ խելամիտ փաստարկով հիմնավորել, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը պետք մնա կալանավորված, երբ ինքնակամ վերադարձել է արտերկրից ու անվարան ներկայացել ԱԱԾ, բարեխղճորեն կատարել է իր բոլոր քաղաքացիական պարտավորությունները, ոչ մի գործողությամբ չի խոչընդոտել քննության ընթացքը և իր պատվարժան վարքով անվերապահորեն ապացուցել է, որ չի թաքնվի քննությունից։

8 ամիս է բոլոր խելամիտ ու թավշյա փայտիկի ամենակարողության կեղծիքը գիտակցող իրավաբաններն ու գործիչները, մտածող ու իրադարձությունների իմաստը հասկացող մարդիկ հիմնավոր փաստարկներով պնդել ու շեշտել են, որ վարչապետ Փաշինյանը պարզորոշ ու բացահատ քաղաքական հաշվեհարդար է իրագործում իր քաղաքական մրցակցի նկատմամբ, անձնական վրեժ է լուծում իր հոգևոր հոր իշխանատենչ ռևանշը (որին Փաշինյանի մասնակցությունը եղել է խիստ որոշիչ ու անվիճելիորեն հանցավոր) 11 տարի առաջ կասեցնելու համար։ Ուստի պատահական չէ, որ վերաքննիչ քրեական դատարանից երկու օր պահանջվեց, որպեսզի կատարի վարչապետ Փաշինյանի հերթական քաղաքական պատվերը և մի կերպ` ինչ-որ անհիմն ու անհամոզիչ ձևակերպումով «հիմնավորի» ՀՀ երկրորդ նախագահի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի նույնքան անհիմն որոշումը։

Դատախազներն ու դատավորները դեռ ստիպված են` հանդուրժել վարչապետի ապօրինի միջամտությունները իրենց աշխատանքին և կատարել Փաշինյանի քաղաքական պատվերները, քանի որ տեսնում են ամբողջատիրական ռեժիմի ռեպրեսիվ մեքենայի ամենակուլությունը և շանտաժի մեխանիզմն աշխատացնող ջհանգիրյաններին, սիլվաներին, շիրխանյաններին, հհշի ջոնիկներին ու անդոներին վարչապետի հաղորդած խթանները, և զգուշանում են։ Բայց ամեն ինչ իր սահմանն ու ժամանակն ունի, և դատախազներն ու դատավորները գիտեն իրենց անելիքը` երբ թավշյա շրջանն ավարտվի։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ